×


Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսին

«Արա Շիրազի գործերը գրեթե բանտարկված էին, իսկ ինքը ցանկանում էր, որ ապրեն». Ռոբերտ Էլիբեկյան

Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի անունը շատերին է հայտնի, նրա ստեղծած հուշարձանները Երեւանի տարբեր անկյուններում են. Անդրանիկ Օզանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Հովհաննես Շիրազի, Սերգեյ Փարաջանովի, Պարույր Սեւակի, Տիգրան Պետրոսյանի արձանների քանդակագործը հենց նա է։

Արա Շիրազի երբեւէ չցուցադրված աշխատանքներն ավելի լավ ուսումնասիրելու հնարավորություն ունեք Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ բացված հետմահու անհատական ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 90 աշխատանք՝ սկսած վաղ շրջանից մինչեւ վերջին գործերը:

Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսին


Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազի ստեղծագործական ուղին՝ արձանագործի ծավալային փոխակերպումներով, քանդակներից մինչեւ գրաֆիկական թերթերը, որոնք նրա ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից են:

Արա Շիրազը մահացել է 2014 թվականի մարտին՝ 72 տարեկանում։ Ի դեպ, 2010 թվականի ապրիլին BRAVO.am-ը լուսաբանել է Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում նրա մասնակցությամբ ցուցահանդեսը։ Մեզ հետ զրույցում վարպետը հայտնել էր, որ առաջին անգամ էր այդքան մեծ թվով՝ 46 քանդակ հավաքել մի ցուցասրահում։ Նա նշել էր, որ անհատական ցուցահանդեսներ չի ունեցել այն պատճառով, որ շատ դժվար է այդքան աշխատանք հավաքելը.«Դժվարությամբ ենք բոլոր գործերը մեկտեղել: Բայց, իհարկե, շատ հաճելի զգացողություն է ցուցահանդես ունենալը: Դիմանում ենք»,- կատակել էր Արա Շիրազը:

Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսին


Այդ հավաքական ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։ Նրա մտերիմ ընկերը երեկ հետահայաց ցուցահանդեսի ներկաների շարքում էր, եւս մեկ անգամ փաստեց, որ Արա Շիրազի գործերը քիչ են ցուցադրվել.«Նա մեծ արվեստագետ էր ու իր ուրույն հետքն է թողել։ Նրա գործերը գրեթե բանտարկված էին, իսկ ինքը ցանկանում էր, որ իր գործերն ապրեն։ Շնորհակալ եմ պատկերասրահին այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»։

Ցուցահանդեսի համադրող, պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը հայտնել է, որ քանդակագործի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվում հանրությանը.«Երկար ենք պատրաստվել այս ցուցահանդեսին։ Գրաֆիկական գործերը նոր տեսանկյունից են բացահայտում Շիրազի արվեստը: Ամենը ներկայացված է ըստ ժամանակագրական հաջորդականության»։

Ռոբերտ Էլիբեկյանը


Բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր նորարարական մոտեցումներով։ Քանդակների որոշ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում եւ Ազգային պատկերասրահում: Նրա գործերը ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում եւ այլուր:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport