×


«Բարի տնակ»-ի կառուցման համար անհրաժեշտ են աջակիցներ

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը շուտով կստեղծի իր ներառական կենտրոնը՝ «Բարի տնակը», որի կառուցման գաղափարն այժմ գտնվում է իրականացման փուլում։ Այդ կապակցությամբ «Բարի մաման» պարբերաբար կազմակերպում է բարեգործական տարբեր միջոցառումներ։ Դրանցից առաջինը մայիսին «Թումո» ստեղծարար կենտրոնի խաղահրապարակում կայացած «Բարի հանդիպումն» էր, այնուհետեւ հունիսին «Երեւան Մոլ»-ում տեղի ունեցած մանկական համերգ-խաղարկությունն ու բարեգործական ընթրիք-աճուրդը, որոնց ողջ հասույթը փոխանցվել է «Բարի մամա»-ին։

«Բարի տնակ»-ի կառուցման համար անհրաժեշտ են աջակիցներ


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը, կազմակերպությունը մի քանի նպատակի շուրջ է աշխատում՝ աջակցում են մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, կանխարգելում հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը՝ նպատակ ունենալով երեխաների եւ իրենց կենսաբանական ընտանիքների վերամիավորումը. «Հողատարածքն արդեն գնել ենք, բարի մարդկանց խնդրում ենք աջակցել կառուցման հարցում: Բոլորս կարող ենք մեկ քայլով հասնել այս երազանքին` նվիրաբերելով շինանյութ, գույք կամ գումար»։

Մարինան փաստում է, որ «Բարի մամա»-ի գոյության ողջ ընթացքում` մեկ տարի որպես կամավորների խումբ եւ 2 տարի որպես ՀԿ, հանդիպել են բազմաթիվ դեպքերի, երբ մայրերը ստիպված են հաշմանդամություն ունեցող երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ չունեն ապաստան.«Մեր կազմակերպության անդամները նոր ծննդաբերած մայրերին տեղավորում են իրենց բնակարաններում, մինչեւ բնակարանի հովանավոր գտնելը կամ ընտանիքի հետ հաշտեցնելը: Կան դեպքեր, երբ դա անել չի հաջողվում, ցավոք, երեխան հայտնվում է մանկատանը: Երբ ընտանիքում ծնվում է հաշմանդամություն ունեցող երեխա, ծնողները հաճախ պատկերացում չեն ունենում խնդրի, խնամքի ու հեռանկարի վերաբերյալ: Նաեւ անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, որն էլ կազմակերպվում է «Բարի մամա»-ի հոգեբանների եւ կամավորների ջանքերով, սակայն կարելի է հասնել ավելի մեծ արդյունքի, եթե կենտրոն ունենանք, որտեղ մայրիկները երեխաների հետ կկարողանան ապրել մի քանի շաբաթ՝ հեռու իրենց «սրտացավ» հարեւանների ու բարեկամների կարծիքներից, որոնք հաճախ են խորհուրդ տալիս լքել երեխային ու հանձնել մանկատուն»:

«Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը


Ըստ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալների՝ 2014 թվականին գրանցվել է նորածին երեխաներից հրաժարվելու 67 դեպք, 2015-ին՝ 70, իսկ 2016-ին այդ թիվը կտրուկ նվազել է. գրանցվել է 35 դեպք: Ըստ «Բարի մամա»-ի տվյալների՝ վերջին 3 տարում կանխվել է հաշմանդամության պատճառով լքելու 84 դեպք.«Բավական շոշափելի ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ մանկատներում բնակվում է մոտ 700 երեխա: Մեր ծրագրերը նաեւ ուղղված են մանկատան սաներին կրթություն, վերականգնողական բուժում, հոգեբանական աջակցություն, սեր ու ջերմություն նվիրելուն: «Բարի մամա»-ի կամավորները այցելում են երեխաներին, ուղեկցում տարբեր կենտրոններ թերապիաների, կազմակերպում միջոցառումներ եւ ծնունդներ: Սակայն ամեն անգամ բախվում ենք տարբեր խնդիրների, որոնք կարելի է շրջանցել՝ ունենալով սեփական տարածքը եւ կազմակերպելով այդ ամենը մեկ վայրում»: 

«Բարի տնակ»-ում նախատեսվում է կազմակերպել թերապիաներ մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար. «Առաջնահերթ կտրամադրենք ապաստան այն մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից եւ հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում։ Նաեւ կկազմակերպենք կանխարգելիչ միջոցառումներ ռիսկային խմբի հղիների համար, կապահովենք աշխատանքով հաշմանդամ երեխաներ ունեցող այն կանանց, որոնք չեն հրաժարվել իրենց երեխաներից»։

Մարինա Ադուլյանի փոխանցմամբ՝ «Բարի տնակ» նախագիծն իրագործելու համար արդեն հավաքվել է 2.741.000 դրամ եւ 5095 դոլար.«Գումարի փոխարեն մարդիկ կարող են նվիրաբերել նաեւ շինանյութ։ Բազմաթիվ ընկերություններ ու անհատներ արդեն աջակցել են, ինչի համար շնորհակալ ենք։ Կկառուցվի 2 հարկանի շինություն մեր գործընկեր շինարարական կազմակերպության ջանքերով, որը համաձայնել է իր վրա վերցրել որոշակի շինարարական ծախսեր եւ գնահատել է «Բարի տնակի» կառուցումը թեթեւ կոնստրուկցիաներով մոտավորապես 130.000 դոլար՝ ներառելով նաեւ կահույքը, անհրաժեշտ շինանյութը եւ արտադրական տեխնիկան»։

«Բարի մամա»-ին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին՝

1510027478070100 (ՀՀ դրամ) Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ
Arca Online: 4375131100023946
Idram - 770123970 (հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին)
Paypal: meripoghosyan@gmail.com


BRAVO.am
Լուսանկարները` «Բարի մամա»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW