×


«Դեյրա-շապիկ կարճ կարեցիք, ասում եք` մոդեն էսպես է». Նորաձեւության շոու Գյումրիում

Դեռ նախորդ դարում գուսան Շերամին ալեքպոլցի մոդայիկ աղջիկների կարճ «դեյրա շապիկ»-ները զայրացրել էին, բայց դարձել էին ներշնչանք երգ գրելու համար: Հիմա էլ, ինչպես կատակեցին գյումրեցիները. «Մոդեն ֆռռաց, ֆռռաց էլի մեր քաղաք էկավ»:

Նորաձեւության շոու Գյումրիում


«ArmMod Fashion»-ը որոշել էր նորաձեւության ցուցադրություն կազմակերպել Գյումրիում: Նախագծի նպատակն է նպաստել հայկական նորաձեւության զարգացմանը եւ աջակցել սկսնակ մոդելավորողներին։ «Հայկականը նորաձեւ է, Հայաստանում արտադրվածը լավագույնն է» խորագիրը կրող արդեն 7-րդ ցուցադրությունն էր, որին մասնակցում էր երեւանցի ու գյումրեցի 15 երիտասարդ դիզայներ:

Գյումրիի Սեւ բերդի բեմը բազմագույն ու բազմազան էր. «դեյրա ու շապիկ», շալվար ու գլխարկ, ասիմետրիկ ու ավանդական ձեւվածքներ, սպորտայինից մինչեւ երեկոյան ու կոկտեյլային` հայկական նախշերով, որոնց ներշնչանքի աղբյուր դարձել էին Դալին ու Պիկասոն, Դիորն ու ուղղակի օդում թափառող երազանքները: 

«Նախորդ ցուցադրություններն անցկացվել են Երեւանում, այս անգամ Գյումրի գալով` փորձում ենք խրախուսել նաեւ գյումրեցի դիզայներներին, որ նրանք էլ առաջին քայլն անեն, որը կարող է լինել կարեւոր ու վճռական քայլ: Բացի դրանից, մեր նախագիծն ուներ «Արի Գյումրի» կարգախոսը՝ խթանելով ներքին տուրիզմը»,- ասաց Գյումրիում շոուն նախաձեռնող մոդել Նաիրա Գրիգորյանը:

Նորաձեւության շոու Գյումրիում


«Սեւ Բերդը ներշնչում է, որ նորաձեւության շոուն անցնի հետաքրքիր ու խորհրդավոր մթնոլորտում»,-հավելեց կազմակերպիչներից Նարե Զաքարյանը: 

Նշենք, որ Սեւ բերդը, որ 19-րդ դարում Անդրկովկասում կարեւոր ամրոցներից է եղել, մոտ մեկ տարի է` ներկայանում է որպես հանդիսությունների սրահ ու որոշակիորեն պահպանել է իր խորհրդավորությունը, որը փոխանցվում էր նաեւ ներկայացվող աշխատանքներին: 

Գյումրեցի դիզայներ Մարինե Սողոյանը նախորդ տարի մասնակցել է ArmMod-ի ցուցադրություններին.«Հրավեր ստացա Մոսկվայում մասնակցել ֆեշն շոուի: Այս ոլորտում Գյումրիի երիտասարդությունը ստվերում է մնացել, նորաձեւության տներ չունենք, իսկ այս ցուցադրությունը կարող է ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, կօգնի ստեղծագործող հայ երիտասարդներին քայլ անել առաջ»:

Նորաձեւության շոու Գյումրիում


Դիզայներներն ու մոդելները, խոսելով նորաձեւության բիզնեսի զարգացման խնդիրների մասին, նախ նշեցին, որ դեռ հասարակության մեծ մասը պատրաստ չէ ընդունել հայկական արտադրանքի ինքնատիպությունը, բացի այդ, կա հայկական արտադրանքի անհասանելիություն, քանի որ գինը հաճախ ավելին է լինում ու չի զիջում ներկրված հայտնի բրենդներին: 

Դիզայներ Անուշ Սարոյանը այս խնդրին իր լուծումն է առաջարկել ու Գյումրիում հիմնադրել «ANES FASHION» նորաձեւության տունը: Նրա կարծիքով` սկսել են կրել հայկական հագուստ, իսկ ինչ վերաբերում է գնին.«Ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, որ հայկականը թանկ է, եւ ներկրվող թուրքական հագուստի դեմ պայքարել: Դիզայներների կորիզ է ձեւավորվել, որոնք պայքարում են այդ ուղղությամբ»:

Նորաձեւության շոու Գյումրիում


Դիզայներների այս պայքարի արդյունքում էլ սկսվել են ավելի շատ նորաձեւության ցուցադրություններ կազմակերպվել, ինչը նպաստել է, որ մոդելային բիզնեսը եւս աշխուժանա, թեեւ դեռ շատ խոչընդոտներ կան հաղթահարելու: Մոդել Մարիկա Թունյանը հավատացրեց, որ Հայաստանում մոդելները բարձր են վարձատրվում, բայց հաճախակի ցուցադրություններ են հարկավոր.«Վերջին 10 տարվա ընթացքում բացվել են մի շարք նորաձեւության տներ, բայց շրջանառվում էր մոդելավորողների 5-6 անուն, վերջին շրջանում ArmMod Fashion-ը կամ դիզայնններն իրենց ուժերով փորձում են զարգացնել ոլորտը, փորձեցին աշխատել ու շատերի դեպքում ստացվեց, քանի որ տաղանդավոր երիտասարդներ կան: Ես նույնպես դեռ չեմ հասել նրան, որ զգեստապահարանս ամբողջությամբ՝ հագուստ, աքսեսուարներ, հայկական արտադրության լինեն: Փորձում եմ ամեն դիզայններից մի-մի նմուշ ունենալ»: 

Ի դեպ, ArmMod-ը միայն ցուցադրություններով չի սահմանափակվել: Շուտով նաեւ նախատեսվում է կազմակերպել դիզայներների լավագույն աշխատանքների ցուցադրություն-վաճառք: 

Տեքստը` Անահիտ Հարությունյանի(Գյումրի)
Լուսանկարները` Կարեն Մկրտչյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport