×


«Ես կարողացա անել դա»՝ Լիլուի խոստովանությունն ու որդու հետ ֆոտոշարքը

Լիլուի կյանքը փոխվեց 2016-ին՝ Ռոբերտի լույս աշխարհ գալով: Շուրջ 2 տարի Լոս Անջելեսում բնակվող երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել որդու հետ տոնական նոր ֆոտոշարքը, խոսել ամերիկյան առօրյայից, փոքրիկի նախասիրություններից, եւ ոչ միայն:

Ամեն ինչ զրոյից

Միացյալ Նահանգներ գալով՝ հասկացա, որ պետք է ամեն ինչ սկսել զրոյից… Տեղափոխությունն ինձ համար բոլորովին էլ վախենալու չէր: Այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են ամեն ինչ զրոյից սկսել: Կյանքը հնարավորություն է տալիս ապացուցել հենց ինքդ քեզ, որ ուժեղ ես: Դա մեծ հաղթանակ է ինձ համար: Օտարությունն արդեն իսկ սթրես է, էլ ուր մնաց քո մասնագիտությամբ զբաղվես, այն էլ՝ այստեղ: Դժվարությունները շատ են: Ես լուռ, համբերատար կարողացա անել դա: Եվ հիմա գոհ եմ:

Լիլուն՝ որդու հետ


Առանց սահմանափակումների

Իմ ստեղծագործական կյանքն ուրիշ է, հոգուս աշխարհն է: Որդուս ծնվելուց հետո էլ ոչ մի փոփոխություն չկա, ինչպես նաեւ ոչ մի սահմանափակում: Ես նույն արտիստն եմ, միայն մեկ առավելությամբ՝ որդի ունեմ, ում համար էլ կարող եմ զոհել բեմը: Առաջիկայում նորություններ են սպասվում` նոր երգեր, տեսահոլովակներ եւ համագործակցություն:

Ռոբերտի ամենամեծ նախասիրությունը

Չնայած՝ Ռոբերտը դեռ 2 տարին չի բոլորել, բայց թվում է` ողջ կյանում հետս է եղել: Նրա մասին կարող եմ անվերջ խոսել: Մայրությունն անպատմելի զգացողություն է: Նա իմ երջանկությունն է: Նրա ամենամեծ նախասիրությունը տունը ավերակի վերածելն է: Ամեն ինչ քանդում է. ուզում է իմանալ՝ ինչն ինչի համար է: Եվ դա ինձ դուր է գալիս` չնայած, որ հետեւից հավաքողը ես եմ: Օրս իրենն է. խնամում եմ, խաղում հետը: Բայց երբ տուն է գալիս տատիկը, որդիս դառնում է արդեն տատիկի տղան: Ռոբերտը մեր տան ուրախությունն է:

Լիլուն՝ որդու հետ


Բոլորի նման

Այս տարի առանձնահատուկ ենք պատրաստվում Ամանորին: Արդեն զարդարել ենք տոնածառը: Առաջին խաղալիքը կախեց Ռոբերտը: Ի՞նչ երազանք պահեց, չիմացա:
Անկեղծ ասած՝ հույս չունեի, որ տոնածառը տեղում կմնա: Բայց ի զարմանս ինձ, դեռ տեղում է: Մենք էլ բոլորի նման բարձր տրամադրությամբ եւ սիրով պատրաստվում ենք դիմավորել 2018 թվականը: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին` մաղթելով անհոգ տարի:

Ամփոփելով անցնող տարին

Իմ կյանքը փոխվեց 2016-ից, իսկ 2017-ն ինձ համար չքնաղ էր՝ լավագույնը, 2018-ը` սպասված. իմ տարին է: Ամանորն ընտանեկան տոն է, եւ կդիմավորեմ տանը` ընտանիքիս հետ, որից հետո ելույթ կունենամ տեղի հանդիսությունների սրահներից մեկում կազմակերպված ամենաշքեղ միջոցառմանը: Կուրախացնեմ մեր համայնքին:

Ուրախ ու անհանգիստ նկարահանումները

Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման հետ կապված մեծ մտավախություն ունեի, քանի որ Ռոբերտը չի սիրում նկարվել եւ խուսափում է տեսախցիկներից:
Իմ անհանգստությունը տեղին էր: Նկարահանման ողջ տաղավարը տակնուվրա արեց, դատարկեց նրանց շոկոլադների տուփը: Մեծ ջանքերի շնորհիվ միայն ստացվեց ֆոտոշարքը: Շնորհակալ եմ Գոհար Ասատրյանին պրոֆեսիոնալ եւ ջերմ մոտեցման համար: Նրանց հետ աշխատելը ուրախ էր եւ դրական:

Լիլուն


Հայաստանին

Առայժմ չեմ պատրաստվում Երեւան վերադառնալ: Այստեղ ես միացա ընտանիքիս, սակայն Հայաստան իմ էությունն է, իմ հայրենիքը, որը խելառի պես սիրում եմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ասատրյանի(GogaPhoto)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW