×


«Երեւան. XX դար»՝ բացառիկ պատմություններով ու լուսանկարներով գիրքը վերահրատարակվել է

Երեւանի հին կոլորիտն ու պատմական դիմագիծը ներկայացնող «Երեւան. XX դար» գիրքը վերահրատարակվել է. այսօր գրքի 2-րդ հրատարակության շնորհանդեսն էր՝ «Պանդոկ Երեւան»-ում։ Սրահում երեւանյան մթնոլորտ էր՝ Երեւանին նվիրված երգերով ու հյուրասիրությամբ։ Շնորհանդեսին մասնակցում էին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Հրաչ Պողոսյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պարզապես երեւանցիներ:

«Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակության շնորհանդեսին


«Մեդիամաքս»-ի «Երևան. XX դար» հուշագրքում տեղ են գտել երեւանցիների ամենասիրված վայրերի մասին պատմություններ, պատմամշակութային հուշարձանների հեղինակների, ճարտարապետների, հայտնի երեւանցիների հարցազրույցներ, հիշողություններ ու հետաքրքիր պատմություններ, արխիվային լուսանկարներ։ Նոր հրատարակությունը «Մեդիամաքս»-ը պատրաստել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համատեղ։ 

«Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ առաջին տպաքանակը վաղուց սպառվել էր, իսկ հետաքրքրվողները պարզվում է՝ շատ են։ Նոր հրատարակության մեջ ավելացվել է նոր գլուխ՝ Գրքերի պալատի շենքի մասին: «Երբ հինգ տարի առաջ սկսում էինք «Երեւան. XX դար» նախագիծը, հույս ունեինք՝ հաջողություն կունենա, բայց չէինք սպասում, որ այսքան երկար իր ուրույն կյանքով կապրի, կարիք կլինի երկրորդ հրատարակությունը ներկայացնել։ Միշտ ասում եմ, որ Երեւանն ամառային քաղաք է, ուրախ եմ, որ հենց ամռանն է շնորհանդեսն իրականացվում»,-նշել է նա:

Արա Թադեւոսյանը


«Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանի խոսքով՝  ընկերությունը միշտ եղել է Երեւանին առնչվող հետաքրքիր նախաձեռնությունների կողքին. «Շնորհակալություն եմ հայտնում «Մեդիամաքս»-ին՝ նման կարեւոր, որակով նախագծի համար։ Երեւանը մեծ ներուժ ունի դառնալու աշխարհի ամենահյուրընկալ մայրաքաղաքներից՝ ջերմ ու մշակութահարուստ քաղաք, որտեղ միշտ վերադառնում են»։

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են՝ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը:

Միջոցառման հյուրն էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որի կարծիքով՝ արեւաշատ Երեւանի մասին այս գիրքը կարող է կամրջել մեր հիշողությունը ապագայի հետ, իսկ անցյալը կապել ներկային.«Կարծում եմ՝ այս գիրքը նոր շունչ ու շնչառություն կբերի մայրաքաղաքին, շնորհավորում եմ բոլորիս»։

Դավիթ Երեմյանը եւ Արմեն Ամիրյանը


BRAVO.am-ի զրույցում Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը պատմել է, որ ֆոտոարխիվում կան երեւանյան բազմաթիվ շինություններ, որոնք այսօր գոյություն չունեն. «Ինձ համար ցավալի է, որ Երիտասարդական պալատը չի պահպանվել. վատ վիճակում էր, բայց անկարելի էր միանգամից վերացնել, սովոր ենք միայն ոչնչացնելու պրակտիկային։ Եվրոպական երկրներում 1890-ականներից հետո շարժում սկսվեց, որ քանդելը չի կարող սկզբունք լինել, պետք է վերակառուցել, ոչ թե ոչնչացնել»։ 

Լրագրող Մարկ Գրիգորյանի երեւանյան պատմություններն ու հիշողություններն ընդգրկված են գրքում։ Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը մեզ հետ զրույցում պատմել է իր ամենասիրելի, բայց չպահպանված կառույցի մասին. «Աճառյանի անվան դպրոցի շենքի ոչնչացումը շատ ծանր եմ տարել, որի ճարտարապետն իմ պապիկն էր։ Անսպասելի կատարվեց. առավոտ արթնացանք ու տեսանք, որ շենքը փլվել է ճարտարապետների անփութության պատճառով։ Աղմուկ բարձրացրինք, բայց խնդիրն անպատժելիությունն է, ոչ ոք չպատժվեց։ Այսօրվա Երեւանից ինձ դուր է գալիս իմ տնից դեպի աշխատավայր տանող ճանապարհը, որն անցնում է Մոսկովյան, Խանջյան փողոցներով՝ մինչեւ Ռադիոտուն»։

Գիրքն այսօրվանից վաճառքում կլինի: Այն հնարավոր է ձեռք բերել «Լավաշ» ռեստորանի խանութում եւ «Բուկինիստ» գրախանութների ցանցում. «Մեր կազմակերպությունները շահույթ չեն հետապնդում, վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երեւանում նոր մշակութային նախագծերի իրականացմանը»,- նշել է Արա Թադեւոսյանը։

Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Արսեն Կարապետյանը


Գիրքը կարելի է գնել «Բուկինիստ» ցանցի հետեւյալ կետերում.

• Մաշտոցի 20 (գլխամաս) 

Տաշիր Սթրիթ  (Հյուսիսային պողոտա 6/2)

Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճ. 3)

Երեւան Մոլ (Արշակունյաց 34)

Ռոսսիա Մոլ (Տիգրան Մեծ 16)

Մետրոնոմ, գրախանութ եւ տաղավարներ (Իսահակյան 22/10) 

Տաշիր առեւտրի կենտրոն (Խորենացի 33)

Երեւան Տոնավաճառ (Սմբատ Զորավար 11/1) 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport