«Չի եղել գիշեր, որ չի լուսացել»` այսպես է կոչվում Արցախյան ազատամարտի մասին պատմող ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 22-ին եւ 23-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իսկ մինչ այդ BRAVO.am-ը հետեւել է փորձերին եւ զրուցել ստեղծագործական կազմի հետ:
«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման փորձին
Իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը պատմել է, թե ինչպես են համախմբվել այս նախագծի շուրջ.«Փետրվարին Թեհրանում ներկայացում էի բեմադրում, որում ներգրավված էր նաեւ Լեւոն Հարությունյանը: Նրանից տեղեկացա նախագծի մասին, հավանեցի գաղափարն ու, գալով Երեւան, սկսեցի բանակցությունները սցենարի հեղինակի` Ռոբերտ Հարությունյանի հետ: Որոշ փոփոխություններ արեցինք, օրինակ` Լուիզա Ղամբարյանի կերպարն ի սկզբանե չկար: Նախապատրաստական աշխատանքներից հետո էլ սկսեցինք փորձերը»:
Ռեժիսորի փոխանցմամբ` ներկայացումը կուղեկցվի տեսաշարով, որն էլ ավելի պատկերավոր կդարձնի գործողությունների ընթացքը: Տեսանյութերի օպերատորն ու մոնտաժողը Տիգրան Պետրոսյանն է, բեմանկարիչն Էդուարդ Հակոբյանն է, պաստառների գրաֆիկական դիզայնն արել է Արվին Քոչարյանը, երաժշտությունը գրել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը:
Լեւոն Հարությունյանը եւ Անաիս Սարդարյանը
Դերասանական կազմում են Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Այս ներկայացման շրջանակում առաջին անգամ որպես տնօրեն է աշխատում դերասանուհի Անաիս Սարդարյանը. «Ընտանիք ենք դարձել` վիճում ենք, բարիշում: Լինում են փոքրիկ կոնֆլիկտներ, բայց ով թատրոնի մարդ է, կհասկանա, որ դա աշխատանքային նորմալ ընթացք է: Ամեն ինչ անում ենք, որ հանդիսատեսին որակով գործ ներկայացնենք»,-նշել է նա:
Ազատամարտիկ Ջեմմային է մարմնավորում Լուիզա Ղամբարյանը.«Նա սկզբում եղել է գթության քույր, հետո արդեն կռվել է: Իրական կերպար է, ինչն ինձ ավելի է ոգեշնչում: Կարեւոր է, որ հորինված չէ, դրամատուրգի երեւակայությունը չէ, պարզապես գեղարվեստական գույներ են հաղորդվել»,-ասել է դերասանուհին` նշելով, որ այս դեպքում պատասխանատվությունն առավել մեծ է.«Տարիներ առաջ երկրաշարժի մասին ֆիլմ էինք նկարում, մի կին մոտեցավ ինձ, ջերմ խոսքեր ասաց, նաեւ նշեց, որ չի ների, եթե սխալ մարմնավորեմ ու ներկայացնեմ տառապանքը: Այլ է, երբ երեւակայական կերպարում ես, եւ միանգամայն այլ է ապրված բան խաղալը»:
Լուիզա Ղամբարյանը` «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման փորձին
Լուիզան շեշտել է, որ առաջարկն ընդունելիս կարեւորել է թեման.«Դերս փոքր է, բայց էական չէ. կարեւորն ասելիքն է, որի միջոցով դու պետք է հանդիսատեսին կապես մեր պատմության էջերից մեկի ու դրա հետեւանքների հետ: Կարծում եմ` սա պետք է լինի փոքրիկ քայլ դեպի արվեստի այն հարթություն, որտեղ չկա կոմերցիա եւ էժանագին հումոր: Չեմ ասում` մենք երկնքից աստղեր ենք իջեցնելու կամ հեծանիվ ենք հայտնագործելու, բայց բոլոր այն չափանիշները, որոնք ինձ համար կարեւոր են, կան»:
Արա Դեղտրիկյանը մարմնավորում է իրանահայի.«Գործողությունների ընթացքում կերպարս հայտնվում է հայաստանյան ամենաթեժ իրադարձությունների կենտրոնում: Փակագծերը շատ չբացեմ. բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք, որ մի քանի օրից հավուր պատշաճի ներկայանանք հանդիսատեսին»,-ասել է նա:
Ռոբերտ Հարությունյանը եւ Լեւոն Հարությունյանը
Գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորող Լեւոն Հարությունն էլ նշել է, որ մինչ այժմ նմանատիպ դեր չի ունեցել.«Այն հայի մասին է, ով 25 տարի առաջ պիտի մի բան աներ, բայց մինչ օրս չի արել: Բոլորս մեր զոհված տղաներին պարտական ենք, բայց նրանց մեծ մասին չեն հիշում, առավել եւս` կառավարությունն ու մեծերը: Այնպիսի տպավորություն է, որ թքած ունեն. տարին երկու անգամ հիշում են, մեկ-մեկ հեռուստատեսությամբ ցույց տալիս, երբեմն էլ թեթեւ խոսում են: Իսկ թե զոհվածների ընտանիքներն ինչ վիճակում են, ոչ ոք չգիտի: Մենք վաղուց պետք է այդ տղաներին հերոս դարձնեինք ու նոր սերնդին փոխանցեինք, բայց նոր սերնդի 98 տոկոսը նրանց մասին չգիտի: Այսօրվա սերունդը հերոս չունի. ես չեմ ասում` այդ հերոսը ես եմ, բայց իմ կերպարով հաղորդագրություն ենք փոխանցում, որ ժամանակն է այդ տղաներին բարձրացնելու, նրանց ընտանիքներին հպարտություն ապրելու առիթ տալու»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: