×


«Իմ անցյալի դիմանկարը» 18+ ֆիլմի պրեմիերան, բաց տեսարաններն ու Վիգեն Չալդրանյանի արձագանքը

Երբեւէ մտածե՞լ եք՝ եթե փորձեիք պատկերել ձեր անցյալի դիմանկարը, ում կամ ինչ կպատկերեիք այնտեղ: Երիտասարդ ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանը, օրինակ, իր ֆիլմում փորձել է պատկերել նկարիչ Դավիթ Կիրակոսյանի անցյալի դիմանկարը, որտեղ նրա սերերն են, անծանոթ աղջիկներ, բազմաթիվ գայթակղություններ, մի գիշերվա կյանքն ու ամեն ինչ նորից սկսելու հույսը:

«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Ֆիլիպ Պողոսյանը


«Կինոպարկ» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ Ֆիլիպ Պողոսյանի «Իմ անցյալի դիմանկարը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ռեժիսորի ընկերները, հայտնի ու սիրված դերասաններ, մշակույթի գործիչներ եւ այլք: 18+ ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որոնք պատմում են երիտասարդ նկարչի սիրային արկածների մասին: Դավիթը փորձառու է ծանոթություններ ու սիրային հարաբերություններ հաստատելու գործում: Շփվում է տարբեր աղջիկների հետ, որոնցից է նաեւ բնորդուհի Մարիան, ում եւ սիրահարվում է: Բայց նրանց խանգարում է Դավիթի անցյալը…

Գուցե ընկերներից, ծանոթներից լսել եք, որ շատ են բաց տեսարանները, եւ ձեզ հետաքրքրել է 18+ նշումը, բայց ինչպես ինքը՝ Ֆիլիպն է նշում, ֆիլմում շեշտը դրված չէ սիրային տեսարանների վրա, պարզապես փորձել է անկեղծ լինել եւ պատկերել կյանքն այնպես, ինչպես կա.«Բաց տեսարանները, որոնք կան ֆիլմում,  բնական երեւույթ են բոլորի կյանքում: Մենք փորձել ենք հնարավորինս էսթետիկ ներկայացնել այդ ամենը, որպեսզի ընկալվի որպես կինո, որպես արվեստ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Աննա Հարությունյանը եւ Միքայել Պողոսյանը


Նրա խոսքով՝ ֆիլմի սյուժեն վերցրել է ընկերոջ՝ նկարիչ Դավիթ Կիրակոսյանի կյանքի պատմությունից: Դավիթը, ի դեպ, նաեւ ֆիլմի պրոդյուսերն է եւ մեզ հետ զրույցում նշեց, որ ֆիլմում նկարագրվող դեպքերն իր կյանքի եւ իր պատմության միայն մեկ տոկոսն են կազմում.«Սերն այնպիսի մեծ զգացմունք է, որ ոչ մի ֆիլմում, ոչ մի բառում ու ոչ մի երգում չի կարող ամբողջապես արտահայտվել: Որոշ ժամանակ շփվելով ու աշխատելով ֆիլիպի հետ՝ փորձել ենք ստանալ ֆիլմ, որը հնարավորինս մոտ կլինի մեր պատկերացումներին: Մենք հանդիպել ենք մեր ընդհանուր ծանոթի՝  Սերգեյ Թովմասյանի միջոցով, այլապես ես Ֆիլիպին դժվար թե ճանաչեի. ընդհանրապես կապ չունեմ կինոյի ոլորտի հետ: Նրան շատ շնորհակալ եմ իմ գաղափարն իրականություն դարձնելու համար: Դրա շնորհիվ մենք ընկերներ դարձանք»:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարը հենց ինքը՝ ռեժիսոր Ֆիլիպ Պողոսյանն է: Թե ինչու որոշեց մարմնավորել Դավիթի կերպարը, այսպես է բացատրում.«Սկզբում տարբեր թեկնածուներ կային գլխավոր դերի համար, բայց ես հասկացա, որ այնքան եմ մտել ու խորացել այդ պատմության մեջ, կարծես հենց ես լինեի: Իհարկե, դերի տակ չմնացի (ժպտում է,-հեղ.): Կանանց կերպարները խաղացել են դերասանուհի Թամարա Գեւորգյանը, Ղազախստանից հատուկ հրավիրել ենք նաեւ հաղորդավարուհի Գայանե Մարտիրոսյանին: Նրանք են մարմնավորում երկու գլխավոր հերոսուհիներին՝ Մարիային ու Անահիտին: Մյուս կերպարներում խաղացել են Դավիթ Հակոբյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը եւ էլի շատերը»:

«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի պրոդյուսեր, նկարիչ Դավիթ Կիրակոսյանը


Ֆիլիպն ասաց նաեւ, որ մասնագիտությամբ կինոռեժիսոր է, բայց այն կուրսը, որն ինքն ավարտել է, ղեկավարել է Վիգեն Չալդրանյանը, իսկ այնտեղ ուսանողները մասնագիտացել են թե՛ որպես դերասան, թե՛ որպես ռեժիսոր: Իհարկե, ֆիլմի ավարտին հետաքրքիր կլիներ լսել նաեւ Ֆիլիպի ուսուցչի՝ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի կարծիքը, բայց նա հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, որ դեռ պետք է «մարսի» այն:

«Իմ անցյալի դիմանկար» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Այնպես որ, կարող եք ինքներդ դիտել հայկական նոր դրաման ու որոշել՝ որքանով է խրախուսելի մի գիշերվա կյանքը ...

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport