×


Խաչատրյանի անվան տրիոն

«Խաչատրյան» տրիոն ելույթ է ունեցել Կանադայի հռչակավոր դահլիճում

Լոս Անջելես, Տորոնտո եւ Մոսկվա. Խաչատրյանի անվան տրիոն օրերս է վերադարձել համերգային շրջագայությունից։ Ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը հանդես են եկել մենահամերգներով՝ հնչեցնելով հայ եւ այլազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

BRAVO.am-ի հետ զրույցում Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը պատմել է հյուրախաղերի, հանդիսատեսի դրական արձագանքի եւ նոր հրավերների մասին։

Կանադայում տրիոն առաջին անգամ ելույթ է ունեցել հռչակավոր «Koerner Hall» համերգասրահում, որի պայմանավորվածությունը ձեռք են բերել դեռեւս երկու տարի առաջ՝ դահլիճի տնօրինության հրավերով։ Չայկովսկուց, Ռախմանինովից բացի, երաժիշտները հնչեցրել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, բիսի հրավիրվելով՝ նվագել են նաեւ Կոմիտաս:

Խաչատրյանի անվան տրիոն


«Տնօրենը հայտնեց, որ այնտեղ ելույթ ունեցող առաջին հայկական խումբն ենք։ Ներկա էր շուրջ 1100 հանդիսատես: Ի ուրախություն մեզ, դահլիճը լեփ-լեցուն էր։ Բնականաբար, կային հայեր, սակայն ներկաների մեծամասնությունն օտարազգի արվեստասերներ էին։ Ուրախալի էր, որ այլազգիները ոգեւորությամբ ընդունում էին հայ կոմպոզիտորների գործերը։ Օրինակ՝ Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն, որը տարբեր բեմերում հաճախ ենք հնչեցնում, այնքան էլ տարածված չէ, համերգից հետո մոտեցան եւ նոտաները խնդրեցին»,-նշել է Արմինե Գրիգորյանը:

«Koerner Hall»-ը համարվում է Հյուսիսային Ամերիկայի կամերային ամենագեղեցիկ դահլիճներից մեկը, որն իր ակուստիկ հնչողությամբ լավագույնն է.«Մեզ համար պատիվ էր, որ համերգից հետո հանդիպում ունեցանք տնօրեն Մերվին Մեhտայի հետ։ Հետաքրքիր էր լսել նրա կարծիքը մեր ծրագրի մասին. ոգեւորված հարցնում էր, թե հայկական ինչ ստեղծագործություններ էինք ընտրել։ Շփման ընթացքում հայտնեց, որ հազվադեպ է պատահում, երբ որպես բիս հնչում է մի քանի ստեղծագործություն, սովորաբար, հանդիսատեսը երաժիշտներին մեկ-երկու բիսի է կանչում, ինչի համար շատ ուրախ էինք»։

Խաչատրյանի անվան տրիոն


Իսկ ամերիկյան համերգը կազմակերպվել է «Hi-Am» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ի դեմս Նշան Աճեմյանի.«Լոս Անջելեսում հայերը գերակշռում էին, կային նաեւ այլազգիներ։ Իսկ Մոսկվայում «Moscow Piano Open» դաշնամուրային միջազգային մրցույթի բացումը տեղի ունեցավ մեր համերգով։ Սովորաբար, ճամփորդում ենք երեքով, սակայն կան համերգներ, երբ մեզ միանում են կամերային տարբեր խմբեր»։

Այս ամիս Խաչատրյանի անվան տրիոյին երկրորդ անգամ հրավիրել են Կանարյան կղզիներում կայանալիք միջազգային փառատոնի, որտեղ ելույթ կունենան ոչ միայն որպես դաշնամուրային տրիո, այլեւ՝ դուետ, կվարտետ։ Խոսելով դասական երաժշտության արդի խնդիրների մասին՝ Արմինե Գրիգորյանը հավաստում է՝ ողջ աշխարհում դասական երաժշտության լսարանը մեծ չէ.«Այդպես էլ պետք է լինի, քանի որ դասական երաժշտության ունկնդիրն ավելի պատրաստված է: Լսարանի պակասի խնդիրը ոչ միայն Հայաստանն ունի, պարզապես զարգացած երկրների հանրահայտ համերգասրահներն ունեն իրենց մշտական հանդիսատեսը, որոնք համերգները բաց չեն թողնում։ Դա երկար տարիների աշխատանքի արդյունք է, շատ գումար են ծախսում գովազդի վրա, կարողանում են գրավել զբոսաշրջիկներին՝ հրավիրելով տարբեր երկրների բարձրարվեստ երաժիշտներին»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խաչատրյանի անվան տրիոյի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport