×


«Կանչ» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ՝ առանց դաժան տեսարանների. «Ավագյան» փրոդաքշնի ներկայացրած «Կանչ»-ը հատուկ պատանիների համար է, ցույց է տալիս հայ պատանու օրինակ, որը կարողացավ պահել իր ինքնությունն՝ անգամ թուրքի լծի տակ: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ գեղարվեստական ֆիմի պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

«Կանչ» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմն Ադանայի ու Քեսաբի կոտորածներից փրկված երկու հայ պատանիների մասին է։ Երբ Ադանայում ջարդերի ժամանակ Վարդանն ըմբոստանալով փախչում էր, մի թուրք սպա նկատում է նրա խիզախությունը եւ թույլ չի տալիս սպանել` նպատակով, որ կդարձնի հակահայ զինվոր։ Տղան հայտնվում է թուրքական ռազմական վարժարանում, այլ ելք չունենալով, համր է ձեւանում ու ենթարկվում վարչակարգին, սակայն ընտանիքի անդամների տեսիլքները նրան անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա հայոց այբուբենի մասին, որ թուրքերը խլել են իր ձեռքից։ Վարժարանում Վարդանը ծանոթանում է փրկված Միհրանի հետ, որին Իբրահիմ են կոչում, կտտանքների ենթարկում, եւ միայն ինքն է օգնում։ Վարդանը չի նահանջում, պայքարում է իր հավատքի, ազատության համար եւ իր ուժի ու քաջության շնորհիվ կարողանում է փախչել:

Անետա Օհանջանյանը եւ Դալիթան


Շուրջ 75 րոպե տեւողությամբ կինոնկարի նկարահանումները տեղի են ունեցել Բագարանում եւ Բջնիում, որոշ տաղավարային հատվածներ՝ Երեւանում։ Ֆիլմի մտահղացումը Հայկ Ավագյանինն է, ով նաեւ գլխավոր պրոդյուսերն է։ Նրա խոսքով՝ «Կանչ»-ն ի սկզբանե ստեղծել են հայերի համար, ցուցադրություններ կկազմակերպեն նաեւ սփյուռքում՝ անգլերեն ու ռուսերեն ենթագրերով.«Միանշանակ կուզեմ, որ դրսի հայերը դիտեն։ Եթե կլինեն մարդիկ, որ կաջակցեն Թուրքիայի հայ համայնքում ցուցադրումներ կազմակերպել, մենք վախենալու ոչինչ չունենք, կներկայացնենք նաեւ այնտեղ։ Ցեղասպանության թեման ներկայացրել ենք նոր ձեւաչափով. չենք ցանկացել սպանությունների, կոտորածերի տեսարաններ ցույց տալ, այլ այն տղաներին, որոնք, ողջ մնալով, պայքարել են, եւ արդեն 100 տարի է անցել, մենք կանք ու Ցեղասպանության մասին չենք լռում»:

Պրոդյուսերը BRAVO.am-ին պատմել է, որ ֆիլմը ստեղծել են մոտ մեկ տարվա ընթացքում, հատուկ ֆիլմի համար տպագրել են թուրքական դրոշներ, որոնք նկարահանումների ավարտից հետո ոչնչացրել են.«Ենիչերական դպրոցի տեսարանի համար անհրաժեշտ էր ստանալ թուրքական միջավայր, մասնագետների հետ խորհրդակցել ենք, որ հանդերձներն ու դետալները ճիշտ ընտրենք»։

«Կանչ» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադեւոսյանը, սցենարիստները՝ Սամվել Թադեւոսյանն ու Կարլեն Աբրահամյանը: Գլխավոր դերերում են Հենրիկ Շահբազյանը, Լեւոն Վարդապետյանը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը, Անետա Օհանջանյանը, Ռոմելա Թամարյանը, Սիրանուշ Լազյանը, իսկ «Կանչ»-ի սաունդթրեքը կատարում է Դալիթան:

Գլխավոր դերակատար Վարդանին մարմնավորող 16-ամյա Հենրիկ Շահբազյանը նաեւ նկարահանվել է «Թեւանիկ» ֆիլմում։ Նա սովորել է Աբել Աբելյանի դերասանական ստուդիայում, մասնակցել է քասթինգների եւ ընտրվել որպես դերասան։

Իսկ Վարդանի ավագ քրոջ՝ Արաքսի դերակատար Անետա Օհանջանյանը մասնագիտությամբ կինովավերագրող է, բացի խաղալուց, նաեւ ռեժիսորի օգնականն է.«Դեռ ամիսներ առաջ մանրամասն ուսումնասիրել եմ Oսմանյան կայսրության պատմությունը։ Նկարահանման ողջ ընթացքին ներկա եմ եղել, գյուղերի բնակիչները մեզ շատ էին օգնում, անգամ տուն էին հատկացրել, որ նկարահանումների ժամանակ բնակվենք։ Դարձել էինք մեծ ընտանիք։ Ֆիլմում մի հետաքրքիր դրվագ կա, երբ ողջ ընտանիքով սեղանի շուրջ պիտի ղափամա ուտենք, ես դդում ընդհանրապես չեմ սիրում, բայց հանուն գեղեցիկ տեսարանի, կադրում հաճույքով ուտում եմ»,- պատմել է Անետան։

«Կանչ» ֆիլմի պրեմիերային


Հայ ընտանիքի պապին մարմնավորած Ռուբեն Կարապետյանն էլ նշել է.«Ֆիլմում մագաղաթն այն հոգեւոր կարեւոր արժեքն է, որ հայը կրում է իր բարոյականությամբ ու իր արժանիքներով: Մենք պայքարող ու պահպանող ժողովուրդ ենք, մեր առաջ հենց այդ խնդիրն է դրված՝ զենք վերցնել եւ պահպանել մեր հայրենիքը»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW