«Մանկական Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնում են Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը։ Աղջիկները կատարում են Նիկ Էգիբյանի ու Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու փոքրիկ կատարողները պատմեցին սպասվելիք շոուի մասին՝ տեղեկացնելով, որ Մալթայի մայրաքաղաք Վալետայում իրենց առաջին փորձը կանեն այս կիրակի, իսկ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:
Անահիտ Ադամյանը, Գոհար Գասպարյանը եւ Մերի Վարդանյանը
Գոհարի փոխանցմամբ՝ մեր մասնակիցները որոշվել են ներքին ընտրությամբ. «Հավաքել էինք բազմաթիվ երգող մանուկների, հասկացանք, որ այս երկու աղջկա միջեւ ընտրություն անելը դժվար է, չկարողացանք կողմնորոշվել, ուստի որոշեցինք համախմբել նրանց ձայները։ Բեմում կլինեն նաեւ չորս պարուհի։ Մեր աղջիկները եթե չհուզվեն, իսկ նրանք դեռ բեմում մի քիչ հուզվում են, լավ հորիզոնական կունենանք։ Եթե տեխնիկապես մեր պատկերացրածով լինի, ապա կունենանք կախարդական շոու»։
13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել ու ապրում է Սոչիում, նա հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի թոռն է, հաճախ է լինում Երեւանում.«Մասնակցել եմ Իգոր Կրուտոյի կազմակերպած մրցույթին, դարձել եմ ֆինալիստ եւ նրա ակադեմիայի անդամներից մեկը։ Միշտ երազել եմ «Եվրատեսիլ»-ին մասնակցել. ընտանիքիս հետ նայում էի ու մտածում, որ մի օր ես էլ կկանգնեմ այդ բեմում ու կերգեմ։ Ինձ թվում է՝ կարեւորը հաղթանակը չէ, այլ լավ ելույթ ունենալը, որ բոլորը պարեն մեր երգի ժամանակ։ Ես ու Մերին տարբեր ենք, բայց դա չի խանգարում, արդեն ընկերացել ենք»։
Գոհար Գասպարյանը, Անահիտ Ադամյանը եւ Մերի Վարդանյանը
Մերի Վարդանյանն էլ ծնվել է Վարդենիսում, ապրում է Երեւանում, հաճախում է «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիա.«Մասնակցել եմ տարբեր մրցույթների, ունեմ Գրան պրի, առաջին մրցանակ։ Ամենակարեւորը՝ լավ ներկայացնենք մեր Հայաստանը, հուսով եմ՝ ժյուրին բարձր կգնահատի մեր ելույթը»։
Ասուլիսին ներկա էր «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի մասնակից Միկան, որն անակնկալ էր պատրաստել աղջիկների համար։ Նա նվիրեց թալիսման-տիկնիկներ, որոնցից մեկն իրեն ուղեկցում էր նախորդ տարի մրցույթի ժամանակ։ Նրանք նաեւ միասին կատարեցին «Տարբեր» եվրատեսիլյան երգը.«Բեմ դուրս գալուց առաջ, ամենակարեւորը, պետք է վստահ լինեն։ Մեր երգը լավն է, եթե ինքնավստահ երգեն, հաստատ լավ արդյունք կգրանցենք»,-նշեց Միկան։
Անահիտ Ադամյանը, Միկան եւ Մերի Վարդանյանը
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություն է եղել. հանվել է հեռուստադիտողի SMS քվեարկությունը, իսկ հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների, նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկությամբ: Ժյուրիի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի մասնագետներ: Գոհարը դեռ չի բացահայտել հայաստանյան ժյուրիին, ըստ մրցույթի կանոնների, նրանց անունները հայտնի են դառնում քվեարկությունից հետո.«Կազմակերպիչները որոշեցին զերծ մնալ SMS-ներից, քանի որ հաղորդագրությունների քանակն այնքան բավարար չէր, որ արտացոլեր ամեն երկրի իրական քվեարկությունը»։
Հավելենք, որ մրցույթին այս տարի կմասնակցեն Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: