×


«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի, նրա մայրիկի խոստովանություններն ու կուլիսային մյուս զրույցները

«Միսս Արմենիա 2017» է դարձել 17-ամյա Լիլի Սարգսյանը: Սեպտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի ունեցած համահայկական գեղեցկության մրցույթին 24 հայուհիներ պայքարել են հաղթողի տիտղոսին արժանանալու համար։

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը


Մրցույթին մասնակցում էին 17-26 տարեկան չամուսնացած հայուհիները՝ ինչպես Երեւանից ու ՀՀ մարզերից, այնպես էլ Ուկրաինայից, Լատվիայից, Լիբանանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։

Մրցույթն ընթացավ երեք փուլով. աղջիկները ներկայացան ազգային տարազներով, լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով։ Երաժշտական մասն ապահովում էին Իվետա Մուկուչյանը, Սեւակ Ամրոյանը, Մարբեյը եւ այլք: Պարային համարներով ելույթ ունեցան «Բերդ» անսամբլն ու «Հավանա շոու»-ն, աճպարարական հնարքներով բեմում էր նաեւ իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը։

Ժյուրիի կազմը գլխավորում էր «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, ժյուրիի անդամներն էին Լուսինե Թովմասյանը, Գեւորգ Շադոյանը, Արմեն Երիցյանը, Սուրեն Նալջյանը, Գոռ Հարոյանը, Իրինա Վարդանյանը, Արթուր Ղուկասյանը, ներկայացուցիչներ ՀՀ Մշակույթի, Սփյուռքի նախարարություններից եւ այլք։

Հաղթողների մասին

«Վիցե Միսս Արմենիա 4» տիտղոսին արժանացավ Արմինե Մանուկյանը, «Վիցե Միսս Արմենիա 3»-ը Թերեզա Մարտիրոսյանն է, «Վիցե Միսս Արմենիա» 2-րդ տեղում է Արփինե Հարությունյանը, 1-ին «Վիցե Միսս Արմենիա»-ն Անահիտ Իսահանովան է Լատվիայից։

«Միսս տաղանդ», «Վիցե Միսս Արմենիա 3» Թերեզա Մարտիրոսյանը


«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հեռուստադիտողների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց 17-ամյա Էդուարդա Բաղդասարյանը Գյումրուց։ Նա որոշեց քվեարկության արդյունքում հավաքված գումարն ուղղել Գյումրու անապահով ընտանիքներին։ «Միսս Սփյուռքի թագուհի» ճանաչվեց 20-ամյա Սինտիա Տաբուջյանը, որը ժամանել է Լիբանանից։

1.72 սմ հասակով 17-ամյա Լիլի Սարգսյանը Երեւանից է, սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, սիրում է նկարել, ապագա դիզայներ է։ Հաղթանակից րոպեներ անց լրագրողների հետ զրույցում Լիլին նշեց, որ մասնակցելիս մտերիմները ոգեւորել են, խոչընդոտներ չեն եղել, խանգարող հանգամանքը հուզմունքն ու փորձի պակասն էր.«Ամենադժվարը հուզմունքս հաղթահարելն էր: Ինքս ինձ չէի վստահում ու երբեմն հուսահատվում էի։ Մի քանի ամիս է, ինչ մոդելային ասպարեզում եմ, մասնակցել եմ հագուստի ցուցադրությունների, մեծ բեմեր չեմ բարձրացել, սա իմ առաջին մրցույթն ու մեծ բեմն է։ Հիմա պետք է պատրաստվեմ «Միսս աշխարհ» մրցույթին, մոտ մեկ ամիս ունեմ, պետք է շատ աշխատեմ, կփորձեմ պատվով ներկայացնել Հայաստանը»:

Լիլիի ծնողները նրանից պակաս հուզված չէին. մայրը՝ Գոհար Սարգսյանը, նշեց, որ երջանիկ է  եւ աննկարագրելի զգացողություններ ունի.«Յուրաքանչյուր ծնող էլ ուզում է, որ իր երեխան հաղթի։ Միշտ մտածում էի, որ եթե արդար լինի, կհաղթի։ Հիմա շատ հուզված եմ։ Աղջկաս միշտ ոգեւորել եմ, ինչ ցանկացել է ձեռնարկել, աջակցել եմ»։

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը


«Միսս տաղանդ» ճանաչվեց Թերեզա Մարտիրոսյանը, որն առաջին մասնագիտությամբ օպերային երգչուհի է։ Լավագույն հնգյակում ընդգրկված մոդելը                                                                                                                          տրամադրված էր հաղթանակի, BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ հիասթափված չէ.«Դեռ երկու օր առաջ մտածում էի հաղթանակի մասին, չգիտեմ՝ ինձ հետ ինչ կատարվեց, բայց ավելի շատ սկսեցի մտածել ոչ թե հաղթանակի, այլ տպավորիչ ելույթիս մասին։ Չէի կռահում, որ ես կստանամ տաղանդի տիտղոսը, քանի որ շատ լավ բալետի պարուհի ունենք, կարծում էի, նա կստանա։ Ուրախ եմ Լիլիի համար, երբ մտածում էինք, թե ով կհաղթի, Լիլին ֆավորիտների շարքում էր։ Նա մի փոքր կաշկանդված է, հուսով եմ՝ միջազգային բեմում ինքնավստահ կլինի, դա է նրան պակասում, որովհետեւ նրա արտաքինը գեղեցիկ է, հայուհու կերպար ունի։ Կարծում եմ՝ նախքան «Միսս աշխարհ» մեկնելը բավական աշխատանք կտարվի, որ պատվով ներկայացնի Հայաստանը»

Գնահատականների մասին

Հղիության վերջին ամսում գտնվող Գոհար Հարությունյանը դահլիճից հետեւում էր երեկոյին, նա մասնակիցների հետ հուզվում էր։ Գոհարի խոսքով՝ իր համար հաղթանակի արժանի էին մի քանիսը, այնուամենայնիվ,  ժյուրիի գնահատականների հանրագումարով մրցույթի հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը.«Բացի արտաքին տվյալներից, ինքս հաշվի եմ առել մարդկային որակները։ Լիլին համեստ է, կաշկանդված է, բայց նրա հետ հեշտ կլինի աշխատել։ Պետք է աշխատել քայլվածքի վրա, ժպիտը պակաս է, բնույթով ինտրովերտ է, բայց շատ սիրուն է։ Կհասցնենք սխալներն ուղղել։ Գեղեցկության մրցույթներին մոդելային քայլվածքն այդքան կարեւոր չէ, սեքսուալ կերպարը ճիշտ չէ, այլ առաջնայինն արտաքին հմայքն ու գեղեցկությունն են։ Աղջիկների համար ռիսկային էր այսպիսի բեմը, բայց իմ սպասումները շատ էին, մեծ մասը կաշկանդված էին, քիչ էին ժպտում, միշտ ասում էի, որ շատ ժպտան եւ իրենց խարիզման ու անհատականությունը ճիշտ դրսեւորեն։ Կարծում եմ՝ ամենագեղեցիկը ներկայացավ բալետի պարուհի Արմինե Մանուկյանը, եթե ես ընտրեի, լավագույն հնգյակ կանցներ նաեւ Լիանա Ոսկերչյանը, բայց նա ընդգրկվեց միայն տասնյակում»։

Մասնակիցներից ոչ ոք ձեռնունայն չհեռացավ. մրցանակներ ու նվերներ հովանավորների կողմից, իսկ հաղթողին՝ շուրջ 2 մլն դրամ արժողությամբ արծաթե թագ. «Հաղթողը գումարային մրցանակ չի ստանա, որովհետեւ դատական ընթացքի մեջ ենք: Մի քիչ ներքին խոհանոց է… Շատերը սպասում էին, թե ինչպիսի միջոցառում կլինի։ Ապրում ենք այնպիսի իրականությունում, որ անգամ մրցութային ծախսերը շատ դժվար է եղել փակել»,-ասել է Գոհար Հարությունյանը:

Գոհար Հարությունյանը


Ռուսաստանաբնակ ոճաբան-դիզայներ Արմեն Երիցյանը, որը բազմիցս եղել է գեղեցկության մրցույթների ժյուրիի կազմում, մեզ հետ զրույցում հայտնեց, որ քվեարկել էր առաջին հինգ հորիզոնականում գտնվող մասնակիցների օգտին, սակայն այլ հաղթող էր տեսնում.«Աղջիկները գեղեցիկ են, դժվար էր ամենալավին ընտրելը։ Մասնակիցները տարբեր թերություններ ունեին, մի մասն ազատ ու ինքնավստահ էր, մի մասն էլ կաշկանդված էին։ Իմ ցուցանիշներով Լիլին երկրորդ տեղում էր, առաջին տեղում Լատվիայից եկած Անահիտ Իսահանովան էր»։

Հավելենք, որ այսօր «Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչներին կուղարկվեն հաղթող հայուհու տվյալները։ «Միսս Արմենիա 2017» գեղեցկուհին հոկտեմբերի 18-ին կմեկնի Չինաստան՝ մասնակցելու Սանյա քաղաքում կայանալիք «Միսս աշխարհ»-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW