×


Լիլին եւ «Միսս աշխարհ 2017»-ի մյուս մասնակիցները

«Միսս աշխարհ 2017»-ի մասնակից Լիլի Սարգսյանին ի՞նչ խորհուրդներ է տալիս Գոհար Հարությունյանը

«Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանն այժմ Չինաստանում է եւ նոյեմբերի 18-ին Սանյա քաղաքում Հայաստանն առաջին անգամ կներկայացնի «Միսս աշխարհ 2017» հեղինակավոր մրցույթում։ Գեղեցկության միջազգային մրցույթի մեկնարկից մինչեւ եզրափակիչը տեւում է մեկ ամիս. հոկտեմբերի 18-ից աշխարհի 118 երկրի գեղեցկուհիներ մասնակցում են տարաբնույթ մշակութային միջոցառումների։

BRAVO.am-ը զրուցել է «Միսս Արմենիա 2017»-ի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, որը ֆիզիկապես Լիլի Սարգսյանի կողքին չէ, սակայն խորհուրդներով փորձում է աջակցել հայ պատվիրակին.«Մասնակիցները հագեցած գրաֆիկ ունեն, անգամ հանգստանալու ժամանակ չունեն։ Երբ խոսում եմ Լիլիի հետ, շատ հարցեր չեմ տալիս, միայն որոշ խորհուրդներ։ Մասնակիցները շատ են, նրանց թվում կան ակտիվ ու ճարպիկ աղջիկներ, որոնք միշտ առաջին պլանում են։ Լիլին համեստ է, հանգիստ բնավորություն ունի, առաջին անգամ է միայնակ ճամփորդում, շատ հարցերում արագ չի կողմնորոշվում։ Խորհուրդ եմ տալիս, որ ճիշտ դիմահարդարվի, ավելի ակտիվ լինի, թեպետ ես էլ Լիլիի նման պասիվ եմ եղել»:

«Միսս աշխարհ 2017»-ի մասնակիցները


Նախքան եզրափակիչը «Միսս աշխարհ 2017»-ում ընթանում է «Head to Head Challenge» փուլը. 118 մասնակիցները բաժանվել են 20 խմբի, ենթախմբերում ներկայանում են հոլովակներով ու պատասխանում հարցերի։ Վիճակահանության արդյունքում Լիլիի հետ նույն ենթախմբում են Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Յամայկայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները.«Խմբի առաջատարն այս պահին Ֆրանսիան է, Լիլին չորրորդ տեղում է։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը եզրափակչում գլխավոր տիտղոսի համար պայքարելու հնարավորություն կունենա։ Բայց կան նաեւ այլ փուլեր, որոնցում հաղթող աղջիկները եւս կանցնեն եզրափակիչ»:

Գոհարը խոստովանում է, որ Հայաստանի հոլովակը կարող էր ավելի հետաքրքիր լինել.«Հստակ չէինք պատկերացնում, թե ինչ է հարկավոր ուղարկել։ Հաջորդ տարի կհիմնվենք Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակույթը ներկայացնելու վրա»։

Այն քննադատություններին, որ Լիլին մրցույթին լավ պատրաստված չէ, անգլերենին լավ չի տիրապետում, Գոհարը պատասխանել է.«Ոչ միայն Լիլին, այլեւ շատ աղջիկներ նախընտրում են կարեւոր հարցերին մայրենի լեզվով պատասխանել, նույնիսկ անգլերեն լավ իմանալով հուզվում են։ Հրաշալի կլիներ, եթե անգլերեն լավ խոսեր, բայց դա մեծ խնդիր չէ, նրա խմբում ընդգրկված Գերմանիայի ներկայացուցիչն էլ գերմաներեն է պատասխանում հարցերին։ Այդ հոլովակում ինձ դուր եկավ Լիլիի՝ հավաքած մազերով, դասական հագուստով ոճը»։

Լիլի Սարգսյանը


Գոհարի փոխանցմամբ՝ «Միսս աշխարհ»-ի կազմակերպիչներից նախապես ստացել են անհրաժեշտ իրերի ցանկը, որն ուղարկել են Լիլիի հետ.«Նախապատրաստվելու համար մեկ ամիս ուներ, ցուցակին համապատասխան հագուստ, կոշիկներ, հուշանվերներ, դրոշ է տարել, նաեւ երեք հատ մեծ քար։ Մեզ համար տարօրինակ էր, որ չինական այգու համար մեծ քարեր էին ցանկանում յուրաքանչյուր մասնակցից։ Մենք էլ տուֆ ու այլ յուրահատուկ քարեր գտանք եւ ուղարկեցինք։ Մանրուքներ են, բայց աշխատատար են։ Բեմական տարազն ու երեկոյան զգեստը պատրաստել է դիզայներ Գեւորգ Շադոյանը»։

Գոհարը նշել է, որ Լիլիի հարազատները Չինաստան չեն մեկնելու. նոյեմբերի 15-ին միայն «Միսս Արմենիա» կազմկոմիտեի ներկայացուցիչը կմեկնի Սանյա։

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport