×


«Մի քանի հոգու» սպասված համերգն ու Միշոյի բացած գաղտնիքը

«House of Reincarnation» -ում երեկ կայացել է «Մի քանի հոգի» երաժշտական նախագծի երկար սպասված համերգը: Ֆելիքս Խաչատրյանը, Միշոն, Սերժոն եւ Ռոլանդ Գասպարյանը նոր եւ արդեն սիրված մի քանի կատարում են ներկայացրել, որից հետո հնչել են նախագծի երգերը:

Ռոլանդ Գասպարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը


Միշոն կատարել է իր նոր՝ «Բծախնդիր» ալբոմից «Հաստատ, ապէ» երգը: Համերգից առաջ ռեփերը BRAVO.am-ին ասել է, որ երկրպագուներին ամենամեծ անակնկալը համերգն է, քանի որ նախագծի անդամների զբաղվածության պատճառով ամբողջական կազմով հաճախ հավաքվելը դժվար է լինում, եւ այս անգամ էլ A Chilla-ն` Նարեկը, բացակայում է, քանի որ Միացյալ Նահանգներում է:

«Բացեմ գաղտնիք` արդեն պատրաստվում է երկրորդ CD-ն: Հավաքվելու դժվարությունը կա, բայց մենք դա կանենք, որովհետեւ արժի: Մենք ինքներս էլ ենք ուզում նոր երգ լսել «Մի քանի հոգուց»: Դա կլինի, հավանաբար, եկող տարի»,- ասել է Միշոն:

Միշոն` կնոջ հետ


DJ Սերժոն մեզ հետ զրույցում նշել է, որ «Մի քանի հոգու» երգերը մեծ արձագանք գտան, եւ համերգներն, իսկապես, «քչություն են անում»: Նա ավելացրել է, որ երկպագուները կարող են նորությունների սպասել շուտով:

Ռոլանդ Գասպարյանն էլ ուշ-ուշ համերգներ տալու պատճառը բացատրել է կատակելով.«Քանի որ մեկը Մադոննան է, մյուսը` Թոնի Բրեքսթոնը, դժվար է հավաքվելը: Երկար ժամանակ պահանջվեց, որ այս համերգը կայանա: Հուսով եմ, որ այն փոխհատուցեց բացը»:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «Մի քանի հոգին» «հաճախ համերգներ տալու համար չէ, դրանք պետք է սպասված լինեն, ու այս համերգն էլ արդեն «բում» է»:

Ֆելիքս Խաչատրյանը` կնոջ հետ


Ֆելիքս Խաչատրյանը BRAVO.am-ին ասել է, որ մոտ ապագայում նախագծից նորությունների սպասելուն լավատեսորեն չի նայում, քանի որ բոլոր անդամենրը շատ զբաղված են, հաճախ են երկրից բացակայում.«Մի շաբաթ հետո նոր բան չենք ունենա հաստատ, բայց հուսով եմ` շուտով կլինի, որովհետեւ երաժշտության առումով պատրաստ է, մնում է` հավաքվենք, հասկանանք` ինչի մասին է ու գրենք»: 

Ըստ նրա` «Մի քանի հոգու» համերգները հնարավոր է ավելի հաճախ լինեն, եթե Նարեկը վերադառնա ԱՄՆ-ից.«Այդ դեպքում նույնիսկ ալբոմը շուտ կգրենք: Բայց առանց Նարեկի համերգները սուտ կլինեն, քանի որ բոլոր երգերի վերջին մեկուկես րոպեն չկա»:

Մեկուկես ժամ ոտքի վրա ու հավասար երգելով` երեկոյի բարձր տրամադրությունը տղաների հետ ապահովել են նրանց երկրպագուները:  

Տեքստը` Մարի Թարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW