×


«Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացման պրեմիերային

«Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ». Կանանց եւ տղամարդկանց խնդիրները՝ Կամերայինում

«Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ»՝ այսպես է կոչվում Երեւանի Կամերային թատրոնի խաղացանկում հայտնված նոր ներկայացումը։ Նախքան պրեմիերան թատրոնում տեղի է ունեցել փակ դիտումը, որին ներկա էին անձնակազմի ընկերներն ու մտերիմները։

Առաջին հայացքից ֆեմինիստական բեմադրության կազմում միայն դերասանուհիներ են։ Նրանք ներկայանում են իրենց իրական անուններով, «ֆեմինիստական» շարժումն անվանում են ՀՀՖՇ՝ Հայոց համազգային ֆեմինիստական շարժում։ Ինտերակտիվ ներկայացման ընթացքում աղջիկները հանդիսատեսի շարքերում ներկա արական սեռի ներկայացուցիչներին մաս են դարձնում իրենց հումորներին, բարձրաձայնում, թե որն է տղամարդու իրական դերը մարդկային ցեղի շարունակության գործում. «Չունենալով ոչ մի օրինական հիմք՝ տղամարդիկ կարողացան սանձահարել մեզ եւ դարձնել հեզ ու հնազանդ

«Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացման պրեմիերային


Պիեսի հեղինակն ու բեմադրիչն Արա Երնջակյանն է, որը նոր բեմադրությունն ինչպես նախորդների դեպքում, դասում է հոռետեսական կատակերգության ժանրին։ Նրա կարծիքով՝ կարեւոր եւ խոցելի թեմաների մասին հարկավոր է հումորով խոսել. «Ես չեմ գտնում, որ իմաստ կա նույնիսկ լուրջ խնդրի մասին բեմից խոսել լուրջ դեմքի արտահայտությամբ։ Դա չի ընդունվում, հետաքրքիր չէ եւ շուտ կորցնում է արդիականությունը»։

Թե ինչու է անդրադարձել այս թեմային, նա նշում է.«Կանանց իրավունքների մասին աշխարհում շատ են խոսում, Հայաստանում էլ այս թեման սկսվեց քննարկվել, վեճերի թեմա դառնալ։ Ես էլ սկսեցի մտածել ու պիես գրել։ Կին-տղամարդ հարաբերություններում կան խնդիրներ, ճիշտ է, թե սխալ, բայց հիմնականում անխելքություն է»։

«Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացման պրեմիերային


Մեր այն դիտարկմանը, որ կանանց իրավունքների ու բռնության մասին դրվագները բովանդակության ու մատուցման պատճառով առաջացնում էին հանդիսատեսի ծիծաղը, Երնջակյանը նշեց, որ ծաղրում է ՄԱԿ-ի այն հայտարարությունը, թե Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կին բռնության է ենթարկվում.«Բռնության ենթարկվող կնոջը ծաղրելն անբարոյական է, ես ծաղրում եմ ՄԱԿ-ի այդ հայտարարությունը, իմ կարծիքով՝ անհեթեթություն է։ Չի կարող այդպիսի բան լինել, չեմ ընդունում, սատիրայի միջոցով պետք է ծաղրել»։

Արա եւ Լուսինե Երնջակյանները


Այս ներկայացումն ի սկզբանե ռեժիսորը բեմադրել է իր ուսանողների հետ, սակայն հետո կազմը փոխոխվել է ու ընդգրկվել խաղացանկում։ Այն կունենա երկու կազմ՝ առաջին կազմում են Երնջակյանի ուսանողներ Արմինե Նազարի–Դեխնավին, Սոֆիա Սողոմոնյանը, Կամերայինի դերասանուհիներ Էվա Խաչատրյանն ու Նոննա Գրիգորյանը։ Երկրորդի դերակատարներն են Քեթրին Մանասյանը, Անի Լուպեն, Հասմիկ Դանիելյանն ու Հրաչուհի Ամիրյանը։

Մեկ գործողությամբ երկու ժամ տեւողությամբ ներկայացման առաջին դիտումից հետո բեմադրիչը նշեց, որ չորս դերասանուհիների խաղից գոհ է.«Երիտասարդ դերասանների համար բարդ է ինտերակտիվ տեսարաններ խաղալը, այսօր նրանց մոտ ստացվեց»։

Արշո Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը


Բեմադրության մեջ կարեւոր է պիեսի դրամատուրգիան ու մատուցման ձեւը։ Արա Երնջակյանն իր ռեժիսուրայով հրամցնում է կանանց ու տղամարդկանց խնդիրների մասին ներկայացում՝ փորձելով հումորով բարձրաձայնել այդ հարցերի մասին, իսկ թե որքանով է ստացվել, թողնում ենք հանդիսատեսի դատին։
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/    
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport