×


«Սիթիզեն»-ի բացմանը

«Սիթիզեն» մանկական քաղաքի բացումը Երեւանում եւ առաջին հյուրերը

Մանկական գունեղ միջավայր,  60-ից ավելի մասնագիտություններ, ինտերակտիվ խաղեր ու հետաքրքիր ժամանց` Երեւանում այսուհետեւ գործում է CityZen-ը՝ երեխաների երազանքների քաղաքը։

«Սիթիզեն»-ի բացմանը


«Սիթիզեն»-ը տեղակայված է Աճառյան 35 հասցեում գտնվող «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնի տարածքում։ Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, BRAVO.am-ը ներկա էր մասնագիտությունների մանկական քաղաքի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախագծի գործընկերներն ու աջակիցները, հայտնիներն իրենց փոքրիկների հետ՝ ավելի քան 150 հրավիրյալներ։

Պաշտոնական բացմանը երգիչ-հանդիսավար Գրիգոր Կյոկչյանը հյուրերին ներկայացրել է «Սիթիզեն»-ի գաղափարն ու նպատակը.«Այստեղ փոքրիկներն ինքնուրույն են որոշում, թե ինչ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել, ինչպես վաստակել կամ ծախսել գումար։ CityZen-ն անվտանգ խաղային միջավայր է, որտեղ երեխան ստանում է նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ եւ ինքնուրույն լինելու հնարավորություն»։

«Սիթիզեն»-ի բացմանը


Տոնական երեկոյի մեկնարկին Swag Kids-ի փոքրիկ երեխաներն ու աշխատակիցները երգով ու պարերով են դիմավորել առաջին այցելուներին։ Ինչպես իրական քաղաքների դեպքում, CityZen-ը եւս քաղաքապետ ունի. փոքրիկ Արման Մուրադյանը ողջունել է մանկական քաղաքի հյուրերին.«Ուրախ եմ ձեզ տեսնել մեր քաղաքի բացման կապակցությամբ։ «Սիթիզեն»-ն ունի իր քաղաքապետարանը, կան փողոցներ, շենքեր, հրապարակ, հիվանդանոց, գեղեցկության սրահ, հրշեջ կայան։ Յուրաքանչյուր երեխա, մուտք գործելով մեր քաղաք, կարող է դառնալ բժիշկ, հրշեջ, փոստարար, բանկիր, ուսուցիչ կամ ոստիկան»։

Նշենք, որ երկհարկանի զվարճանքի կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, որտեղ խաղային միջավայրում նրանք ծանոթանում են 60-ից ավելի մասնագիտությունների, ձեռք են բերում նոր գիտելիքներ եւ փորձ։ «Սիթիզեն»-ը հրաշքների աշխարհ է, այստեղ խաղի ընթացքում երեխաները հաղթահարում են մարտահրավերները՝ դառնալով ավելի ինքնավստահ, ստանում են ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն, դրսեւորում են ստեղծագործական մտածողություն։ Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է այցելուների համար։ Այն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժման համար։ Այստեղ կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ։

«Սիթիզեն»-ի բացմանը


«Սիթիզեն»-ի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման կարեւոր 2 գաղափար՝ կրթություն եւ զվարճանք.«Մենք ունենք 21 հաստատություն, որոնք Երեւանում գործող իրական կազմակերպությունների փոքր տաղավարներն են։ Այն իրական քաղաքի մոդել է, որն ունի իր հրապարակը, փողոցները եւ հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Փորձելով իրենց հրշեջի, վարսահարդարի, բանկիրի կամ ատամնաբույժի դերում՝ երեխաները կարծիք են կազմում այն մասնագիտությունների վերաբերյալ, որոնք կարող են յուրացնել ապագայում։ Հասկանում են, թե ինչպես են աշխատում փրկարար ծառայությունը, հրուշակեղենի ֆաբրիկաները, մեդիադաշտը, կամ  ինչպես դառնալ խոհարար կամ բժիշկ։ Մանկական կենտրոնը կգործի ամեն օր՝ մինչեւ ժամը 22:00-ը։ Այստեղ կարող են նշել նաեւ փոքրիկների ծննդյան օրերը, հատուկ միջոցառումների համար ունենք հարմարավետ ու գեղեցիկ սրահներ»։

Հյուրերը շրջայց են կատարել տաղավարներում, փոքրիկ քաղաքապետը հրավառության ներքո կտրել է տոնական տորթը, ներկաներն օգտվել են հյուրասիրությունից, նաեւ տեսանյութ դիտել, թե ինչ էին երազում դառնալ այսօրվա հայտնի մարդիկ։ Արամ MP3-ը, սովորելով Երեւանի բժշկական համալսարանում, կրթությամբ դեղագետ է, սակայն, ի վերջո, դարձավ երգիչ.«Այժմ դեղագետ-երգիչ եմ, բայց միեւնույն է, ինչպես շատ երեխաներ, երազում էի հրշեջ դառնալ։ Հիմա կա այդ հնարավորությունը. «Սիթիզեն»-ում մեր երեխաներն իրենց մասնագիտական երազանքը կարող են իրականացնել»։

Հերմինե Ստեփանյանը` դստեր հետ


Գրիգոր Կյոկչյանն էլ փոքր տարիքում երազում էր դառնալ Ձմեռ պապ.«Ուզում էի ոչ միայն իմը լինեին աշխարհի բոլոր նվերները, այլեւ ես որոշեի՝ ում ինչ նվեր պիտի բաժանեմ։ Ի վերջո, ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, բայց դարձա երգիչ-երգահան։ Եթե մեր մանկության տարիներին լիներ «Սիթիզեն»-ը, շատ ավելի հեշտ կլիներ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»։

Հեռուստառադիոհաղորադավար Եգոր Գլումովը երազում էր դառնալ ձյուդոյի աշխարհի չեմպիոն կամ հնէաբան.«Ընդունվեցի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց հասկացա, որ իմը չէ, ընտրեցի հաղորդավարի աշխատանքը։ Եթե իմ մանկության ժամանակ այսպիսի տեղ լիներ, պապաս իմ ձեռքը բռներ ու բերեր այստեղ, ես հաստատ ավելի շուտ կիմանայի, թե ինչ մասնագետ եմ ուզում դառնալ»։

«Սիթիզեն»-ի բացմանը


Երեխաների հետ այցելեք Play City-ի տարածքում գործող ինտերակտիվ զարգացնող կենտրոն։ Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է Play City-ի գործունեության 15-ամյակը եւ այն ներկայանում է նորովի ու հետաքրքիր ժամանցի կենտրոնով։

Տեղեկացնենք, որ մեր տարածաշրջանում նման ձեւաչափով առաջին զվարճանքի կենտրոնն է, իսկ Մոսկվայում «CityZen»-ն ունի քույր քաղաք՝ «МастерСлавль» ժամանցի կենտրոնը, որի ղեկավարը շնորհավորական ուղերձում հաջողություն է մաղթել նորաբաց կենտրոնին` նշելով, որ երեւանցիների համար հրաշալի նվեր է։

BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport