×


«Սուպեր մամա 2»-ի պրեմիերային

«Սուպեր մամա 2»-ի պրեմիերան, Հայկ Մարությանի վարկերն ու Գարիկի խոստովանությունը

Կողոպուտ, կանանց ուղղիչ գաղութ, ընտանիքի պահպանության նպատակ, արկածներ ու հումորային երգեր՝ «Սուպեր մամա 2» կատակերգության պրեմիերան կայացավ առաջին մասի թողարկումից ուղիղ երեք տարի անց։ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում առաջին փակ ցուցադրությանը ներկա էին ֆիլմի ողջ անձնակազմն ու նրանց մտերիմները, այդ թվում՝ հանրային դեմքեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

«Սուպեր մամա 2»-ի պրեմիերային


Գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է։ Ողջունելով հյուրերին՝ նա պատմեց, որ ֆիլմի երկրորդ մասը՝ մտահղացումից մինչեւ վերջնական արդյունք, ստեղծել են երկու տարվա ընթացքում.«Հարգելի տիկնայք ու պարոնայք, ՀՀԿ-ականներ, ԲՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, ԵԼՔ-ականներ, պրոռուսական ու պրոամերիկյան ուժեր, մի խոսքով՝ հայ ժողովուրդ, բարեւ ձեզ։ Երկրորդ մասը ստեղծելիս դժվարություններն ու տանջանքը կրկնակի շատ էին, քան առաջինի դեպքում։ Երկու բառով կուզեի գովել Հայաստանն ու մեր ժողովրդին, պոզիտիվը հաճախ չենք տեսնում, բայց նկարահանումներին ամեն քայլի յուրաքանչյուրը փորձում էր օգնել։ Մեզ սատարում էին, ուզում էին մասնակից լինել ծիծաղ պարգեւող ֆիլմի ստեղծմանը։ Մի փոքր օրինակ բերեմ, հավանաբար գիտեք՝ կինս Չեխիայից է, մեր ընտանիքի երկրորդ հայրենիքը Չեխիան է։ Երբ կինս չորս երեխայի հետ վերադառնում էր, նրան Պրահայից Կիեւ չվերթի ժամանակ չեն օգնել, բայց պատմում է, որ Կիեւ-Երեւան չվերթի ժամանակ երեխաներին գրկել են, կերակրել, քնեցրել, թեեւ պետք չէր քնեցնել:)։ Կնոջս խոսքով՝ այդ ժամանակ իրեն տանն էր զգում։ Պետք է կողքից գնահատենք այդ լավ վերաբերմունքը»։

«Սուպեր մամա 2»-ի պրեմիերային


Ֆիլմի սյուժեի եւ բյուջեի մասին

1 ժամ 47 րոպե տեւողությամբ կատակերգության սյուժեն առաջինի շարունակություն է, նույն ընտանիքի պատմությունն է` 5 տարի անց։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Ֆիլմը «Սուպեր մամա 1»-ի տրամաբանական շարունակությունն է։ Սոնայի եւ Կարենի երեխանները մեծացել են, զույգն ամուսնալուծության վտանգի շեմին է։ Կարենը բավարար ժամանակ չի տրամադրում ընտանիքին, ինչը ստիպում է Սոնային մտածել ամուսնալուծության մասին։ Կարենը, տեղեկանալով, որ կնոջ ընկերությունից մեկ միլիոն դրամ է հափշտակել գլխավոր հաշվապահը, որը կանանց ուղղիչ գաղութում է, որոշում է ամեն կերպ գտնել վերջինիս՝ գումարը վերադարձնելու համար, քանի որ հակառակ դեպքում Սոնան նույնպես կհայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Այսպես Կարենը կերպարանափոխվում է եւ հայտնվում կանանց ուղղիչ գաղութում։ Հենց այստեղ էլ զարգանում են իրադարձությունները: Հրաչ Մուրադյանի հերոսն ամեն կերպ ջանում է բաժանել զույգին։ Թե ինչ արկածներ են ունենում Կարեն/Կարինեն եւ Մենուա/Մոնիկան գաղութում, ինչպես են հաշտվում ու ականատես լինում գաղութի ներքին խնդիրներին, պարզ կդառնա ֆիլմը դիտելուց հետո։

«Սուպեր մամա 2»-ում նկարահանվել են Գարիկ Պապոյանը, Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Անի Խաչիկյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Իվետա Եդիգարյանը, Ելենա Եսայանը, Տաթեւ Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը՝ Պաուզա Անոն, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ շատ ուրիշներ։ Բեմադրող ռեժիսորներն Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանն են, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը։ Պրոդյուսերը Սերգեյ Հարությունյանն է, սցենարի հեղինակները՝ Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը։ Նշենք, որ նկարահանվել են նաեւ շոումեն-հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու երգիչ Էրիկ Կարապետյանը։

Հրանտ Թոխատյանը եւ Հայկ Մարությանը


Հայկ Մարությանի խոսքով՝ «Սուպեր մամա 2»-ի բյուջեն 2 անգամ ավելի է նախորդից. «Ուղիղ երկու անգամ աճել է բյուջեն, անկեղծ եմ ասում՝ մի հատ ավտոմեքենա ունեմ, դա եմ վաճառել. մեր անձնական գումարներն ենք դնում, իսկ մնացած գումարը լրացրել ենք վարկով՝ ի ուրախություն բանկի։ Ֆիլմի բյուջեն մոտ 400 հազար դոլար է»։

Գարիկ Պապոյանը, խոսելով իր մարմնավորած աղջկա կերպարի՝ Մոնիկայի մասին, նշեց, որ սկզբում դժվար, սակայն հետո ավելի հեշտ է եղել խաղալը.«Չեմ հասկանում աղջիկներին՝ ո՞նց կարելի է ապրել մեյքափով։ Մինչ այս դերն էլի մարմնավորել էի աղջիկների, բայց ընդամենը կեղծամով ու զգեստով, այս անգամ շոգին մոտ 13 ժամ դիմահարդարմամբ էի, որն անընդհատ թարմացնում էին։ Հուսով եմ՝ այլեւս այդպիսի դերում չեմ լինի։ Սկզբում նաեւ խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ, բայց պարզվեց, որ մեթոդ կա, ես էլ սովորեցի:)»:

Հայկ Մարությանը փոխանցմամբ՝ ամենադժվարը նախապատրաստական ընթացքն է.«Ավելի շատ բարդություններ լինում են հենց այդ փուլում։ Ֆիլմեր կան, որ տարիներ են նկարվում, հենց պատրաստման փուլն է։ «Սուպեր մամա 1»-ն ամբողջական էր, միակ կիսատ բանն այն էր, որ մարդկանց մտքով անցնում է, թե ինչպես հերոսների կյանքը շարունակվեց։ Առաջին «Սուպեր մամա»-ն կանվանեմ ռոմանտիկ կոմեդիա, իսկ երկրորդը՝ արկածային։ Երկրորդում շեշտը դրել ենք հումորի ու արկածների վրա»։

Էրիկ Կարապետյանը


Դերասանուհի Արսինե Նավասարդյանը մարմնավորում է գաղութի «գողական կլանի» առաջնորդին՝ Ցողիկին.«Նկարահանման որակից հիացած եմ, դերասանների հանդեպ ծայրահեղ հոգատարություն կար։ Առանձնակի շնորհակալ եմ անձնակազմին կերպարի կերտմանը մասնակցելու համար՝ ռեժիսորներից մինչեւ դիմահարդարներ»։

Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի ՀՀ մարզերում, Ստեփանակերտում, նաեւ հայաշատ արտերկրյա քաղաքներում։ Դեռեւս պարզ չէ՝ երբ կցուցադրվի հեռուստատեսությամբ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport