×


«Տիկնիկների խանութ»` փոքրերի եւ մեծահասակների համար

Երեւանում գործող թատրոնների շարքը վերջերս համալրել է դերասան-բեմադրիչ Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը, որտեղ BRAVO.am-ը ներկա է եղել «Տիկնիկների խանութ» մանկական երաժշտական կատակերգության պրեմիերային։  Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են, եւ հեքիաթը սկսվում է: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը», «Շունն ու կատուն», «Սուտլիկ որսկանը» հայտնի հեքիաթների հերոսները հակադրվում են արտասահման նորահայտ մուլտֆիլմերի հերոսներին, ներկայացման հակահերոսը ճապոնական Գոռո Հաշին է։

«Տիկնիկների խանութ» ներկայացման պրեմիերային


Բեմադրության դերակատարները Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար Նարեկ Դուրյանի ուսանողներն են, նաեւ դերասանուհի Թամարա Պետրոսյանը, որը «մեծերի հանրագիտարան մայրիկն է»։ Գրողների միության շենքում գտնվող թատրոնում վերջերս բեմադրված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումից հետո թատերախումբը ստեղծել է նորը, որում նկատելի են ուսուցողական տարրեր՝ կապված երեխաների գրագետ խոսքի հետ։ Ներկայացման պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանի դուստրը՝ 6-ամյա Էվան, եւ 8-ամյա Արմանը, որը ռեփ է կարդում, եւս դերասանական կազմում են:

Երաժշտական ձեւավորման ու մանկական երգերի հեղինակը Նարեկ Դուրյանն է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ հայկական հեքիաթները սիրված լինելուց բացի, նաեւ փիլիսոփայական ասելիք ունեն.«Թումանյանական հերոսները շեշտում են, որ մենք ընկերություն ենք անում Միկի Մաուսի, Թոմի ու Ջերիի, Մաուգլիի հետ, բայց մեր արմատները չենք մոռանում։ Ինչպես ասել է Վոլտերը, իմ բաժակը փոքր է, բայց ես խմում եմ իմ բաժակով։ Դիսնեյի մուլտֆիլմերն իսկապես հանճարեղ են, բայց հիմա «ֆասթֆուդ» արտադրանքը գերակշռում է։ Ուսանողներս մեծ ցանկություն ունեին լավ ներկայացում խաղալ, առաջարկեցի, որ սցենար գրեն տիկնիկների մասին։ Դեկորները նրանք են արել, ամեն մանրուքի վրա աշխատել են։ Նրանց ոգեւորությունը տեսնելով՝ ես էլ ոգեւորվեցի»:

«Տիկնիկների խանութ» ներկայացման պրեմիերային


Նրա հավաստմամբ՝ ներկայացումը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեծահասակներին, ուստի այն անվանում է մանկամեծական.«Չի կարող միայն երեխային հետաքրքրել, այլապես ծնողն անհամբեր կսպասի, թե երբ է վերջանալու, հաջորդ անգամ էլ չի ցանկանա երեխային թատրոն բերել։ Ֆրանսիայում մանկական շոուները մեծ դահլիճներ են լցնում, հետո հասկացա, որ երեխաներիս տանելով, ես էլ հաճույքով նայում եմ»։

 Կատվին մարմնավորող Տաթեւիկ Միրումյանը գլխավոր դերակատարներից մեկն է, ինչպես հայտնել է մեզ հետ զրույցում, ամանորյա ներկայացումից հետո շան ու կատվի կերպարները սիրվել են ու ընդգրկվել այս ներկայացման մեջ.«Արդեն փոքրիկ երկրպագուներ ունենք, որ հաճախ գալիս են, այսօր էլ ներկա էին։ Նարեկ Դուրյանը երեխաների հետ աշխատելու փորձ ունի, գիտի՝ ինչը կհավանեն, ինչը՝ ոչ։ Փորձերին թերությունները շտկում ենք եւ այն սկզբունքով ենք աշխատում, որ մեծերին էլ հետաքրքրի»։

«Տիկնիկների խանութ» ներկայացման պրեմիերային


21-ամյա ուսանողուհին իր համակուրսեցիների հետ երկու ամսից կավարտի Թատերական ինստիտուտը.«Դիպլոմային աշխատանքի համար զուգահեռ երկու պիես ենք բեմադրում, մի քիչ բարդ է, բայց շատ հաճելի աշխատանք է։ Նարեկ Դուրյանը փորձում է իր ուսանողներին հանել մեծ բեմ։ Հաջորդը մեծերի համար նախատեսված բեմադրություն կլինի»։

«Տիկնիկների խանութ»-ը արդեն ներառվել է «Բոհեմ»-ի խաղացանկում, կցուցադրվի շաբաթ եւ կիրակի օրերին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport