×


«Օրրան»-ի 11-րդ բարեգործական ընթրիքն ու Արմինե Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը

«Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի ամենամյա բարեգործական ընթրիքը երեկ` սեպտեմբերի 17-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համախմբել էր տարբեր երկրներից ժամանած նվիրատուներին եւ աջակիցներին, գործարարների, մշակույթի գործիչների, շոու-բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Կարին Հովհաննիսյանի կինը` Լարիսան, եւ Արմինե Հովհաննիսյանը


Շուրջ չորս ժամ տեւողությամբ միջոցառումն, ավանդույթի համաձայն, մեկնարկեց տերունական աղոթքով` Նաթան Սրբազանի օրհնությամբ: 11-րդ անգամ անցկացվող նվիրատվությունների երեկույթը վարում էին դերասան Արսեն Գրիգորյանը եւ «ԱրմԱս»-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը.«Միասին վայելում ենք հրաշալի երեկո ու համեղ ուտեստներ՝ նպատակ ունենալով օգնել «Օրրան»-ին՝ իրականացնելու իր մեծ առաքելությունն ուղղված կարիքավոր ընտանիքներին։ Հրաշք երեխաներ են, ովքեր իրենց բնօրրանը գտել են «Օրրան»-ում։ Հիմա օգնելով երեխաներին՝ սերմ ենք ցանում նրանց հետագա կյանքի համար, նրանցից յուրաքանչյուրն ապագայում անհատ է դառնալու»,- ասել է Արսեն Գրիգորյանը։

2000 թվականին հիմնադրված “Օրրանը” սկզբում աջակցել է 16 երեխայի, այսօր Երեւանի եւ Վանաձորի մասնաճյուղերում կենտրոնի հոգածության ներքո են շուրջ 200 երեխա եւ 95 տարեց։ Իր շահառուներին տրամադրում է ամենօրյա տաք սնունդ, բժշկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն։ Տարեցներից ոմանք ընդգրկված են երգեցողության խմբակում, երեխաները կենտրոն են հաճախում դպրոցից հետո՝ պատրաստելով տնային առաջադրանքները։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ը բարեգործական ընթրիք է կազմակերպում` իր առջեւ խնդիր դնելով դրամական միջոցներ հայթայթել մուրացկանությունը կանխելու եւ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու ծայրահեղ կարիքավոր ընտանիքների խնդիրների վրա:

Ներկաները մեծ էկրանին դիտել են «Օրրան»-ի սան Նարե Սախոյանի պատմությունը, որն իր մայրիկի ու եղբոր հետ ապրում է փոքրիկ բնակարանում։ Փայտե տախտակը, որը ծառայում է որպես գրասեղան, չի խանգարում Նարեին գերազանց սովորել։ Նա մասնակցել է «Թումո» համակարգչային ամառային ճամբարին, այժմ իր հմտությունները սովորեցնում է «Օրրան»-ի կրտսեր ընկերներին, նպատակ ունի դառնալ բանկի կառավարիչ:

Մերի Շահինյանը եւ Լարիսա Հովհաննիսյանը


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ ճաշկերույթի նպատակը մեկն է՝  օգնության ձեռք մեկնել երեխաներին ու տարեցներին.«Ես ու Րաֆֆին ցանկանում էինք ստեղծել մի տաք անկյուն, որտեղ միայնակ երեխաներն ու տարեցները կարող էին իրենց ապահով ու սիրված զգալ։ Ես խրատներ ասելու ցանկություն չունեմ. հայաստանաբնակներին ծանոթ են սոցիալական վատ վիճակում ապրող, միգուցե ձեր բակում ապրող մարդկանց խնդիրները։ Օրեր առաջ այցելեցի «Օրրան» հաճախող երեխաների ընտանիք։ Պատկերացնո՞ւմ եք ձեր կյանքը, երբ միակ ճաշը տապակած հին հացն է։ Ես տեսա այդ կյանքն Առաքելյանների ընտանիքում։ Մայրը գամված է սայլակին, հայրը բանտում է, եւ տնային հոգսերը 8 տարեկան «Օրրան»-ի սան Մարիշկայի ուսերին են։ Ընտանիքը Սարի թաղում գտնվող մի շենքի նկուղում կացարան է վարձակալել… Աչքերս փնտրում էին երկու բան՝ որտեղ է լվացարանը եւ ինչ են նրանք ուտում։ Ի պատասխան առաջին հարցին՝ մայրը լացակումած ցույց տվեց դույլը, որը պարբերաբար պետք է դուրս տաներ Մարիշկան… Ես բացում էի դատարկ կաթսաները եւ գտա տապակած չորս կտոր հին հաց։ Մեր մյուս շահառուների տանը կարիք չկար փնտրելու, թե ինչ պետք է ուտեին ճաշին. երեխան մեծահոգաբար ինձ առաջարկեց տան չորս վարունգներից մեկը։ Տարօրինակ կհնչի, բայց այս տան ամենալուսավոր բանն անկյունում զարդարված տոնածառն էր, պատկերացնո՞ւմ եք` սեպտեմբեր ամսին նրանց տան ամենագեղեցիկ իրն է»։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Նվիրատվությունների երեկույթի ընթացքում ելույթ են ունեցել “Օրրան”-ի երեխաները եւ տարեցների երգչախումբը, Թոփչյան քույրերը, Երեւան ժամանած երգչուհի Սիբիլը, Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի սոպրանո Մագդա Մկրտչյանը։ Ընթրիքի ժամանակ իրականացվել է ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, որին հաջորդել է աճուրդի հատվածը: Այս տարի աճուրդն իրականացրել են Կարին Հովհաննիսյանի կինը՝ Լարիսան, Դիանա Մալենկոն եւ Արտակ Վարդանյանը.«Մենք հպարտ ենք, որ այս կարեւոր միջոցառման մի փոքրիկ մասն ենք կազմում։ Հաճախ լինելով «»Օրրան»-ում՝ հասկացել եմ, որ մեծ ընտանիք է, որտեղ երեխաներն ապրում են ջերմ ու սիրով պարուրված մթնոլորտում»,-ասել է Դիանա Մալենկոն։ Արտակն ու Լարիսան էլ հյուրերին առաջարկել են որպես հուշ գնել «Օրրան»-ի երեխաների պատրաստած փայտե կլոր սեղանն իր չորս աթոռներով, պտղատու ծառ՝ Վանաձորի «Օրրան»-ի այգում, լյուքս կարգի վիսկի, քաշմիրի շալ եւ այլն։  

Արմինե Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ հատուկ այս երեկույթի համար Երեւանում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշխատակիցներն ու սաները, որոնք Վանաձորի «Օրրան»-ում կամավոր աշխատանքներ են անում։ Հավելենք, որ հոկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում, կկայանա ամերիկյան բարեգործական ընթրիքը, որի հատուկ հյուրը կլինի Սերժ Թանկյանը։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Օրրան»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW