×


«Ֆուլ Հաուս»-ից Գարիկ Սեփխանյանն ու կինը վերլուծել են իրենց հարաբերությունները

Խորամանկ, նյութապաշտ, երբեմն նաեւ եսասեր է «Ֆուլ Հաուս»-ի հայտնի բարմեն Ռուբենը, որին մարմնավորող Գարիկ Սեփխանյանն էկրանի հակառակ կողմում, սակայն, նրա հակապատկերն է: Հումորիստ-դերասանն իր կնոջ` լրագրող Սյունէ Համբարձումյանի հետ օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի համար, իսկ զրույցի ընթացքում զույգը մանրամասներ է պատմել ինչպես աշխատանքից, այնպես էլ ամուսնական կյանքից եւ ոչ միայն:

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Ճակատագրական հանդիպում

Գարիկ. Բանակում ծառայելուց հետո ուսումս Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում շարունակել եմ արդեն Սյունէի կուրսում: Որպես համակուրսեցիներ` առաջին անգամ հանդիպել ենք 2003-ին:

Սյունէ. Յուրահատուկ զգացողություն չեմ ունեցել Գարիկին տեսնելիս, բայց տպավորություն թողել է: Շատ լուրջ էր, դժվար էր խոսել իր հետ: Հետո ամեն ինչ իր տեղն ընկավ:

Գարիկ. Ուսանողական տարիներին չենք շփվել որպես սիրահար զույգեր: 2005-ին ավարտեցինք, եւ յուրաքանչյուրս իր ճանապարհով գնաց: Երբեմն փողոցում պատահաբար հանդիպում էինք: 

Սյունէ. 2009-ին Գարիկը սիրտս գրավելու փորձ արեց, որը, սակայն, կարճ տեւեց` երկու ամիս: Կռվեցիքն, չշփվեցինք, հետո էլի վերսկսեցինք մեր հարաբերությունները: Ավելի շատ լրջություն էի ուզում: Գարիկը երկար մտածում էր, ծանրութեթեւ անում: Մի տեսակ անորոշության տպավորություն կար: 2011-ին ամուսնացանք:

Առաջին ժամադրությանը Գարիկը գնացել է նկարահանման հրապարակից: Այգու նոր ներկված նստարանի թողած հետքը եւ էլի որոշ էքստրեմալ վիճակներ սիրահար զույգը երբեք չի մոռանում,-հեղ.: 

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Ծաղիկները` թիթիզություն :)

Գարիկ. Ամուսնությունը կյանքի կարեւորագույն քայլն է: Պետք է երկար մտածել: Ամեն հարցում եմ այդպես` նախապես ծրագրում, ծանրութեթեւ եմ անում, նոր իրագործում:

Սյունէ. Ես ավելի շատ զգացմունքներով եմ առաջնորդվում: Զգում էի, որ ինքն է, բայց նյարդայնանում էի, թե ինչու է այդքան երկար մտածում: Կածում էի` ամուսնությունից հետո որոշ սահամանփակումներ կլինեն, բայց շատ բան չփոխվեց: Մեր ընտանիքում միշտ փոխզիջում կա:

Ամենից շատ զիջողը Գարիկն է, իսկ զույգերի միջեւ ծագող վեճերն ամենաշատը 10 րոպե են տեւում: Գարիկը ծաղիկ նվիրելը թիթիզություն է համարում, ինչից Սյունէն նեղսրտում է:),-հեղ.:  

Գարիկ. Մի անեկդոտ կա` ամուսինը կնոջն ասում է` քեզ համար մուշտակ, մեքենա եւ թանկարժեք այլ նվերներ եմ գնել, բայց դու էլի կրկնում ես` մի օր չեղավ` ծաղիկ նվիրես:

Սիրո տոները նշելն այս զույգի համար հաճախ երազանք է մնում: Պատճառն աշխատանքն ուշ ժամին ավարտելն է: Այդուհանդերձ, Սբ. Սարգսի տոնը տանը նշել են: Սյունէն հիմնականում հագուստ է նվիրում, իսկ Գարիկը նախընտրում է գումարի տեսքով նվեր տալ, քանի որ, ինչպես նշել է, անգամ հյուրախաղերից բերած նվերների կեսն այդպես էլ պահարանում կախված են մնում:),-հեղ.:

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Դիալոգ եւ ծնողներ դառնալու որոշում :)

Գարիկ. Անակնկալներ չեմ սիրում անել: Երկար եմ մտածում, պլանավորում, հետեւանքներն էլ հաշվի առնում: 

Սյունէ. Ես նեղվում է դրանից:

Գարիկ. Մտածում եմ, գուցե դուրդ չի գա: Ինչո՞ւ տրամադրությունդ գցես, ես էլ նեղվեմ դրանից: 

Սյունէ. Վերջերս մի հետաքրքիր գրություն կարդացի: Ասվում էր` կուզեի ընտրյալս «գուգլ» լիներ եւ ինձ կես խոսքից հասկանար: Ես էլ երեկ մի հաղորդագրություն էի գրել, չէիր կարողանում հասկանալ: Ինչ կլինի, Գարի՛կ, դու իմ ամուսինն ես, հասկացի՛ր ինձ կես խոսքից:

Զույգի երջանկության բանաձեւը անկեղծությունն է միմյանց նկատմամբ եւ խաղաղություն պահպանելը: Ի դեպ, նրանք մտածում են ընտանիքի համալրման եւ նոր բնակարանի մասին: Սյունէն այնպիսի զգացողություն ունի, որ անպայման երկվորյակ են ունենալու: Գարիկի համար միեւնույնն է սեռը, կարեւորը` առողջ երեխա լինի,-հեղ.: 

Գարիկ Սեփխանյանը


Ճիշտ ժամանակին` ճիշտ վայրում

Գարիկ. Իմ մուտքը հեռուստատեսություն շատ պատահական էր. ընկերս խնդրեց իրեն օգնել «Մի կաթիլ մեղր» նախագծում, եւ այդ օրվանից արդեն 8 տարի է` այս ոլորտում եմ: 2009-ից Արմեն Պետրոսյանի նախագծերի սցենարական խմբում եմ, զուգահեռ սկսեցի նաեւ նկարահանվել: Շատ հաճելի է աշխատանքը թիմում: Երբեւէ չեմ մտածել, որ հեռուստատեսային աշխարհում կլինեմ, երեւի, ճակատագիր էր: Հաջողությունը գալիս է, պարզապես պահը պետք է որսալ: Մարդիկ դժգոհում են` իբր անհաջողակ են, բախտը չի ժպտում իրենց, այնինչ պետք է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել:

Իմ մարմնավորած ամենասիրելի կերպարը Մակիչն է` Վիպոյանի հորեղբայրը: Հաճույքով էի խաղում այդ դերը: Մինչ օրս կան մարդիկ, որ հենց այդ կերպարով են ինձ ճանաչում: Հետաքրքիր եւ դժվար է Ռուբենի դերում հանդես գալը: Խորամանկ, կեղծավոր չեմ, հետեւաբար, դժվար է կերտել իմ հակապատկերը: Նրա համար փողն ամենավերեւում է, չնայած` դրական հատկանիշներ էլ ունի:

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Սյունէ. Գարիկն իմ մեջ արթնացրեց այն զգացողությունը, որ կարող եմ լրագրության ասպարեզում քայլեր անել: Հարազատներիս մեծ մասը լրագրողներ են եւ շատ են օգնում ինձ այս աշխատանքում: Լուսաբանում եմ սոցիալական, բնապահպանական, գյուղատնտեսական թեմաներ:

Գարիկ. Այսօր տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է: Այն երբեմն խանգարում է աշխատանքին, ընտանիքին, բայց շատ դեպքերում էլ օգնում է: Դիտում եմ եվրոպական, ամերիկյան որոշ սերիալներ: Ստացածս ինֆորմացիան օգնում է սցենար գրելիս: Զբաղվածության պատճառով գիրք հաճախ չեմ կարդում:

Զույգը պարտադիր հետեւում է միմյանց աշխատանքին, ընդունում առողջ քննադատությունը եւ խորհրդակցում միմյանց հետ,-հեղ.: 

«Ֆուլհաուսցիներով»` մեկ ընտանիք 

Գարիկ. Դեկտեմբերին մեկ ամսով մեկնել էինք հյուրախաղերի Միացյալ Նահանգներ: Այնտեղի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում մեզ: Հավանաբար, այստեղ ավելի հասանելի ենք, քանի որ փողոցում, սրճարանում կարող են հանդիեպել նախագծի հերոսներին: Գուցե հեռավորությունն ավելի ջերմ է դարձնում հանդիպումը սիրելի դերասանների հետ: Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը երկար է պլանավորում մեր աշխատանքը: Գիտենք` երբ ինչով ենք զբաղվելու: Հունվարին գծագրվում է գրեթե ողջ տարվա գրաֆիկը: Շուտով եվրոպական շրջագայության կմեկնենք: Որքան ջերմ ու անմիջական ենք էկրանին, հարյուր անգամ ավելի ջերմ ենք էկրանից դուրս: Անգամ ԱՄՆ հյուրախաղերի ժամանակ ընդհանուր բնակարան էինք վարձակալել: Մի ընտանիք ենք դարձել:

Եթե հնարավորություն տրվեր ամեն ինչ նորից սկսել, Գարիկը կընտրեր հենց այս ճանապարհը: Սիրում է իր գործը, հակառակ դեպքում, վստահ է, հաստատ ոչինչ չէր ստացվի,-հեղ.: 

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Սիրում է, չի սիրում 

Սյունէ. Սիրում եմ, երբ ամեն ինչ բարի է: Տանել չեմ կարողանում, երբ Գարիկն ինձ չի կարողանում հասկանալ կես խոսքից, նաեւ երբ ծխում է: Երջանիկ եմ, որ կողքիս հենց նա է: Երազում եմ, որ շարունակենք այսպես խաղաղ ապրել:

Գարիկ. Սիրում եմ, երբ ամեն ինչ արդար է: Տանել չեմ կարողանում, երբ Սյունէն ճիշտ չի բացատրում, որ ես հասկանամ: Երջանիկ եմ, քանի որ կողքիս հենց նա է: Երազում եմ, որ միշտ առողջ լինենք:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է  «Ֆուլ Հաուս» սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW