×


«Թափառում»

«Թափառում»

Հայկական առաջին ֆիլմ ռոք-օպերայի պրեմիերան  կայացավ :) «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 3-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու «Ասք»  մշակութային կենտրոնը ներկայացրին  Արամ Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք-օպերան: Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործության հիման վրա նկարահանված ռոք-օպերան, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում եւ տարածաշրջանում, ներկայանում է  նաեւ որպես Հայաստանում առաջին մեծածավալ համակարգչային եռաչափ գրաֆիկական աշխատանք: Arshaluys Harutyunyan Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Երեւանի կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանն է, ով նաեւ հանդես է գալիս գլխավոր` Ջեյմս Արամյանի կերպարում, բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, պրոդյուսերը, կոմպոզիտորն ու լիբերտիստը` Արամ Սուքիասյանը,  բեմադրող նկարիչը`Արմեն Ղազարյանը, գրաֆիստը` Անդրանիկ Թորոսյանը, երաժշտական պրոդյուսերը` Արմեն Սուքիասյանը, իսկ գործիքավորումը կատարել են  Արման Էլբերտն ու Արմեն Սուքիասյանը: Ֆիլմի գաղափարական հիմքում առկա են քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի ու ոտնձգությունների, պատմական անարդարությունների եւ Աստծո տվածից գոհունակ լինելու թեմաները: Գլխավոր հերոս Ջեյմս Արամյանը, ում դերում հանդես է գալիս Արշալույս Հարությունյանը, վթարի է ենթարկվում եւ տեղափոխվում հիվանդանոց: Տեսնելով նրա մոտալուտ մահը` բժիշկները նրա ուղեղը տեղափոխում, պատվաստում են այլազգի մի հիվանդի: Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի  եւ Միքայել զորապետի կողմից` մեռյալի անհասկանալի, «կիսատ-պռատ» լինելու պատճառաբանությամբ, հետ է ուղարկվում երկիր, որտեղ նա մասնակցում է իր մարմնի հուղարկավորությանը, ապա կրկին փորձում մտնել «երկնային արքայություն»: Suren Tadevosyan Զավեշտական, տրագիկոմեդիկ տեսարանները հաջորդում են միմյանց. Ջեյմսը մնում է երկրի ու երկնքի խաչմերուկում` դժգոհելով իր թափառական բախտից: Երկրային կյանքում էլ ողբերգություն  է ապրում Ջեյմսի ուղեղով պատվաստված հիվանդը` Ջոն Հերըլը, ով պարբերաբար «ցնդած» մտքեր է արտահայտում ցեղասպանության  եւ իր` գաղթական ընտանիքի զավակ լինելու մասին, ինչի արդյունքում զրկվում է իր սիրուց, մերժվում  հասարակությունից: Bravo.am-ի հետ զրույցում ֆիլմի բեմադրող ռեժիսոր, գլխավոր դերակատար Արշալույս Հարությունյանն  ասաց` սա իր ամենասիրելի դերերից է, իր համար մի գունագեղ հեքիաթ է. «Հատուկ պավիլիոններ ենք պատրաստել այս ֆիլմի նկարահանման համար. Հայաստանում նման նկարահանումներ անելն արդեն իսկ ֆանտաստիկայի ժանրից է:)»: Իսկ ֆիլմի բեմադրող նկարիչ Արմեն Ղազարյանը նշեց` շատերն իրենց ծրագիրը անհավանական ու անիրականալի ծրագիր էին համարում. «Բայց մեր համառ աշխատանքի արդյունքում ունենք այս ոճի առաջին ֆիլմը...»: Arman Elbert «Թափառում» ռոք-օպերայի համար աշխատել է սիմֆոնիկ նվագախումբ: Օպերայի դերերգերում հանդես են գալիս Արմեն Ադամյանը, Սարգիս Մանուկյանը, Արման Էլբերտը, Անահիտ Շարյանը, Գեորգի Ամիրաղյանը եւ Աստղիկ Արծրունին: Ինչպես նշում է ֆիլմի ստեղծագործական կազմը, այն ստեղծելու գաղափարը եղել է դեռ 2004-ից: Ծրագիրն   իրականացման է անցել 2010-ին, ֆիլմը նկարահանվել է 53 օրում: Վերջերս այն ներկայացվել է Կանի կինոշուկայում, որտեղ արժանացել է կինոգետների հավանությանը: Հետագայում ֆիլմը  կմասնակցի տարբեր փառատոնների` հայերեն տարբերակով, անգլերեն կամ ռուսերեն ուղեկից տիտրերով: Երեւանյան էկրանին այն կլինի մոտ մեկ ամիս: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta -ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW