Ի՞նչ տեղի կունենար, եթե կանանց փոխարեն ծննդաբերեին տղամարդիկ։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «9 ամիս» ներկայացումը տալիս է այս հարցի պատասխանը։ Ամիսներ առաջ մայրացած Նորա Գրիգորյանը բեմականացրել է հեղինակներ Սերգեյ Շեւչենկոյի եւ Ալեքսեյ Կուլիչկովի ռուսական պիեսը:
Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը
«9 ամիս»-ը հղի կանանց մասին վերբատիմ ժանրի պիես է, որը ներկայացնում է 7 հղի կնոջ պատմություն՝ արծարծելով կանանց հուզող հարցեր, սակայն դերակատարները տղամարդիկ են: 7 տարբեր կին եւ տարբեր խնդիրներ, որոնք հաճախ հանդիպում են մեր իրականությունում: Տղամարդիկ բեմից խոսում են հղի կանանց հույզերի ու ցանկությունների, ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների հաղթահարման մասին: Խնդիրներ՝ կապված ամուսնու, հասարակության, երեխա ունենալու, երկունքի ցավերի, երեխային կորցնելու վախի հետ։
Ներկայացման կազմում են դերասաններ Էրվին Ամիրյանը(առաջնածին հղի), Ֆրեդ Դավթյանը (բուժքույր), Սերգեյ Մագալյանը (մեծահասակ ծննդաբերող), Ռոբերտ Հակոբյանը (կրկնակի ծննդաբերող), Արման Ղազարյանն (VIP ծննդաբերող), Մանվել Խաչատրյանը (անսպասելի հղիացած) եւ Սերգեյ Գրիգորյանը (սպասողական վիճակում գտնվող):
«9 ամիս» ներկայացման պրեմիերային
Ներկայացման բեմադրիչն ու երաժշտական ձեւավորման հեղինակը Նորա Գրիգորյանն է, պարերի բեմադրիչը՝ Նունե Կիրակոսյանը: Նորան BRAVO.am-ին պատմել է՝ սեփական փորձն է առիթ դարձել այս պիեսը բեմադրել.«Հղիությանս վերջին շրջանը ծանր էր անցնում, ամուսնուս ասում էի՝ ինչու են այդ ցավերն ու տանջանքները միայն կանայք կրում, չէ՞ որ երեխան երկուսինն է։ Ուզում էի այս մասին բարձրաձայնել։ Պիեսի մասին Թատերական ինստիտուտում պատմել էր իմ դասախոս Ռուբեն Բաբայանը: Համացանցով գտա հեղինակներին։ Առաջին անգամ էի հանդիպում հեղինակների, որոնք մեծ հաճույքով նվիրեցին պիեսը, նույնիսկ շնորհավորել են պրեմիերայի առթիվ»։
Նորայի խոսքով՝ գտել է պիես, որը բոլորին է հուզում, երեխայի լույս աշխարհ գալու հետ առնչվում են եւ տղամարդիկ, եւ կանայք.«Առաջին օրը կյանքում չեմ մոռանա, երբ դերասանները կարդացել էին պիեսը, պատկերացնում էին, թե բեմում կանանց կերպարով են լինելու, բայց բացատրեցի, որ խաղում են ոչ թե կին, այլ ուղղակի մարդ, որն ունի տարբեր հույզեր։ Պիեսը հատուկ ստեղծվել է, որ տղամարդիկ խաղան։ Մեր դերասանների համար բացահայտումներ եղան, բացատրում էի կնոջ հոգեբանական ապրումներն այս կամ այն իրավիճակում։ Իմ կյանքի մի կարեւոր հատված բեմ եմ բարձրացրել»։
«9 ամիս» ներկայացման պրեմիերային
Մանվել Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանում է, որ այս ներկայացումից հետո ավելի է սիրում ու գնահատում իր կնոջը.«Երբեք չեմ պատկերացրել նրա հոգեվիճակը, հիմա վստահ եմ՝ սարսափելի դժվար է, գիտակցում եմ՝ երկու երեխայի լույս աշխարհ բերելու փաստը։ Վերջին դրվագում միշտ աչքիս առջեւ աղջիկս է՝ իմ հրաշքը»:
Դերասանը սկզբում կարծել է, թե բեմին կանացի հագուպակով են լինելու.«Ինձ հետաքրքիր կլիներ, կարծում եմ՝ կնոջ կերպար լավ կխաղամ, որովհետեւ իմ ողջ կյանքում ուսումնասիրում եմ կանանց նիստուկացը, այսպես ավելի տպավորիչ է։ Անբնական ոչինչ չկա, մենք փորձում ենք կնոջ ապրումները ներկայացնել»։
Գլխավոր դերը Նորան վստահել է ամուսնուն՝ Էրվին Ամիրյանին.«Ինչպես կատակով սիրում եմ ասել, Էրվինից «վրեժ» եմ լուծել ու մտածված տվել եմ այդ դերը։ Թող ինքն էլ իմանա, թե ինչ է հղի լինելն ու զգա իմ ունեցած ապրումները։ Բայց փորձել ենք չանցնել թույլատրելի սահմանը»:
Ի դեպ, ներկայացումը նվիրվում է բոլորիս ծնողներին՝ մեզ լույս աշխարհ բերելու եւ իրենց կյանքը մեզ նվիրելու համար։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: