×


Վահագն Հայրապետյանը եւ Գոնսալո Ռուբալկաբան

«Yerevan Jazz Fest 2017»-ն ավարտվեց Ռուբալկաբայի փայլուն համերգով

Տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest»-ը, արդեն պատմություն է: Հինգ օր շարունակ հայ հանդիսատեսը մասնակից դարձավ ջազային տոնի, որը նախաձեռնել էին Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը: Ամենամյա միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած համերգների վերջին ակորդն էլ հնչեց նոյեմբերի 3-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Գալա երեկոյին հանդես եկան կուբացի անվանի դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, Վահագն Հայրապետյանի ջազ-կվինտետը եւ ֆրանսահայ սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը:

Մինչ համերգը լրագրողների հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ընդգծեց՝ իրենց նպատակն էր կազմակերպել այնպիսի փառատոն, որը կվերածվի տոնի.«Կարծում եմ` ստացվեց: Առաջին իսկ օրվանից զգացվում էր, որ քաղաքը ջազաֆիկացվում է: Իհարկե, այս ոգով ու շնչով շարունակելու ենք: Բարդ խնդիր ենք դրել ինքներս մեր առջեւ՝ գերազանցել այս տարվա նշաձողը: Եվ բոլոր կազմակերպիչների անունից հայտարարում եմ, որ հաջորդ տարի մենք այդ նշաձողը կանցնենք»,- ասաց նա:

Լեւոն Մալխասյանը


Վահագն Հայրապետյանն էլ կատակով նկատեց՝ փաստորեն ջազի գներն էլ են թանկանալու.«Ես վստահ եմ, որ հայ հանդիսատեսը շատ բուռն էմոցիաներով է ընդունելու Ռուբալկաբայի ելույթը: Նա դեռ չի ճաշակել մեր որակյալ հանդիսատեսի էներգետիկան: Հույս ունեմ, որ եթե Հայաստանը ջազաֆիկացվելու է, գոնե ջազի գները չեն թանկանա»:

Համերգը մեկնարկեց Վահագն Հայրապետյանի ջազ-կվինտետի ելույթով: Դիմելով ներկաներին՝ նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար.«Ձեզնից լավը չկա ամբողջ աշխարհում»,-ասաց նա: Հայ հանդիսատեսին այս միտքն, իհարկե, դուր եկավ. արձագանքեցին բարձր ծափողջույններով: Այնուհետեւ Հայրապետյանը բեմ հրավիրեց առաջին անգամ Հայաստան ժամանած հայ երաժշտին՝ Ալեքսիս Ավագյանին: Պարզվեց՝ այդ օրը նա նաեւ նշում էր իր ծննդյան տարեդարձը, եւ այդ առիթով մեր երաժիշտները նրան դիմավորեցին ջազային նվագակցությամբ: Սաքսոֆոնահարը հանդես եկավ Վահագն Հայրապետյանի ջազ-կվինտետի հետ՝ կատարելով հայտնի մի քանի ստեղծագործություն, այդ թվում՝ իր հեղինակած գործերից:

Վահագն Հայրապետյանի ջազ-կվինտետը


«Իսկապես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հրավիրել են Հայաստան: Հույս ունեմ՝ այսուհետ ավելի հաճախ կգամ. շատ եմ ուզում այստեղի տաղանդավոր երաժիշտների հետ շփվել, աշխատել»,- համերգից առաջ ասել էր Ավագյանը:

Վերջապես եկավ միջոցառման ամենասպասված պահը, երբ կուբացի երաժիշտը պիտի հանդես գար դաշնամուրային մենահամերգով: Դիմելով հանդիսատեսին՝ Ռուբալկաբան ասաց, որ սոլո-համերգները դաշնակահարին հնարավորություն են տալիս ներկայացնել ողջ կարողություններն ու անհատականությունը, անկեղծանալ եւ անմիջական կապի մեջ լինել հանդիսատեսի հետ:

Գոնսալո Ռուբալկաբան


«Անչափ շնորհակալ եմ, որ եկել եք: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը, շատ ուրախ եմ ու հպարտ այս ծրագրի մի մասը լինելու համար: Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ հույս ունեմ՝ սա միայն սկիզբն է մեր հետագա համագործակցության: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականություն են դարձրել այս փառատոնը, եւ շնորհակալություն հրավերի համար»,- ասաց նա:

Ավելի քան երկու ժամ տեւած համերգին հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր հետեւում եւ չէր պատրաստվում հեշտությամբ բաժանվել աշխարհահռչակ երաժշտից: Հենց այս առիթով էլ որպես բիս Ռուբալկաբան կատարեց հանրահայտ «Bésame mucho»-ն եւ նորից շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ բեմից:

Ժակը եւ Արման Մարգարյանը


Միջոցառման ավարտին հայտարարվեց փառատոնի վերջին անակնկալի մասին: Հայտնի պաստառը, որի վրա իրենց ստորագրություններն են թողել «Yerevan Jazz Fest 2017»-ի բոլոր մասնակից երաժիշտներն ու կատարողները, վաճառվելու է բարեգործական աճուրդի ժամանակ, իսկ ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Առողջության կամուրջ» բարեգործական կազմակերպությանը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով: Կամո Մովսեսյանն առաջարկեց բոլորին մասնակցել ակցիային եւ ներդրում ունենալ մարդասիրական այս գործում:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport