×


“ԱԻՆ 911”` Անիի, Սուրենների, Անդրանիկի, Համլետի, Յանայի եւ մյուսների մասնակցությամբ

Մարտի 10-ից Առաջին ալիքի եթերում կցուցադրվի “ԱԻՆ 911”-ը: 16 սերիայից բաղկացած ֆիլմաշարն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական աշխատանքների մասին է, ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: Հատուկ ջոկատի 5 անդամի դերակատարներն են Անի Երանյանը, Սուրեն Թումասյանը, Սուրեն Փահլեւանյանը, Անդրանիկ Ղազարյանը եւ Համլետ Համբարձումյանը: Նկարահանվել են նաեւ Արփինե Իսրայելյանը, Կարո Բալյանը, Տաթեւ Մելքոնյանը, Մովսես Երեմյանը, Արեւիկ Սանթրոսյանը, Յանա Դանիելյանը, Աննա Ավետիսյանը եւ այլք:

"ԱԻՆ 911"-ի նկարահանումներին


Ելենա Արշակյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դերասաններն անցել են մասնագիտական պատրաստվածություն.“Նախարարության աշխատակիցները մեզ ամեն ինչ բացատրել են, որից հետո էլ գրվել է սցենարը: Որոշ կերպարներ նախատիպեր ունեն. փրկարարական ջոկատում կա աղջիկ, որին մարմնավորում է Անի Երանյանը, այսինքն` սյուժեն ու կերպարները հորինված չեն”:

Ռեժիսորի խոսքով` գլխավոր դերակատարները մասնակցել են նաեւ հրդեհաշիջման աշխատանքների եւ այժմ կարող են փրկարարների գործառույթներն անհրաժեշտության դեպքում կատարել.“Չեմ վախենա ասել, որ ֆիլմաշարը մեր կողքին ապրող հերոսների կյանքի մասին է, որովհետեւ փրկարարները շատ բարդ աշխատանք են անում: Նկարահանման ժամանակ փրկարարներից մեկին երբ հարցրի, թե մարդկանց կյանքը փրկելու համար ինչ են ստանում` պատվոգիր, մրցանակ, թե աշխատավարձն է բարձրանում, պատասխանեց, որ ինքնագնահատականն է բարձրանում: Շատ ուրախ եմ, որ մի կտոր թղթի կամ փողի համար չեն աշխատում. տեսակով պետք է լինես փրկարար, այլպես չես կարող աշխատել”:

Սուրեն Թումասյանը, Աննա Ավետիսյանը, Անի Երանյանը, Համլետ Համբարձումյանը


Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված հերթական անգամ որպես գլխավոր հերոսուհի Անի Երանյանի ընտրությունը, Ելենան հետեւյալն է պատասխանել.“Այն, որ նա իմ լավագույն ընկերներից եւ սիրելի դերասանուհիներից մեկն է, թաքցնելու կարիք չունեմ: Կարծում եմ, որ իրեն լավ ապագա է սպասվում: Անին փորձնական նկարահանվեց, պրոդյուսերների հետ քննարկեցինք ու դերը հաստատեցինք: Նա բոլոր հնարքները կարողացավ անել` տանիքից իջնել, կրակի մեջ մտնել եւ այլն: Մյուս դերասանները եւս նույն կերպ են ընտրվել”:

Սուրեն Թումասյանը, որը նախկինում աշխատել է Ստանիսլավսկու անվան ռոսական դրամատիկական թատրոնում, մեզ հետ զրույցում նշել է` փրկարարների կյանքի ու առօրյայի մասին գրեթե պատկերացում չունենալով, բացահայտել է նրանց մարդկային տեսակը.“Այս ընթացքում իրենց հետ ծառայության ենք եղել, շփվել ենք ու հասկացել, որ պատահական մարդիկ չեն, շատ են տարբերվում իրենց պատասխանատվության զգացումով, հոգատարությամբ, աշխատանքից դուրս էլ են ուշադիր եւ պատրաստ են օգնության ձեռք մեկնել”:

"ԱԻՆ 911"-ի նկարահանումներին


Դերասանները նկարահանումների ընթացքում վատ իրավիճակներում չեն հայտնվել. փրկարարները նրանց կողքին են եղել ու ապահովել են անվտանգությունը. “Տեսարաններից մեկում տղան ուզում է ինքնասպանություն գործել, Անի Երանյանի հերոսուհին էլ փորձում է կանխել դա` խոսքի միջոցով հոգեբանորեն հանգստացնելով, բայց նա որոշում է Անիին իր հետ գցել բարձրությունից, եւ մենք ստիպված ենք լինում վազել տանիքի եզրով եւ մոտենալ նրանց: Ռիսկային ու վտանգավոր գործողություն էր”,-պատմել է Սուրենը:

Անի Երանյանը եւ Անդրանիկ Ղազարյանը


Ելենա Արշակյանը հավելել է, որ միայն մասսայական տեսարաններում են նկարահանվել ԱԻՆ աշխատակիցները.“Ցավով եմ ասում, բայց հայաստանյան հեռուստաեթերում, եթե երկրորդական կամ երրորդական որեւէ դեր է լինում, ընտրում են թույլ դերասանների կամ ոչ դերասանների, բայց այս ֆիլմաշարում, էպիզոտիկ դերերում էլ նկարվել են պրոֆեսիոնալ դերասաններ, ինչպես, օրինակ, Արեւիկ Սանթրոսյանը, ով չնայած ամենատարեցն է, բայց հոգով երիտասարդ է, եւ պատիվ է նրա հետ աշխատել”:

BRAVO.am
Լուսանկարները` “ԱԻն 911” ֆիլմաշարի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW