×


Աթենա Մանուկյան.“Որտեղից ինձ այսքան սեր” :)

Հունաստանում բանկվող Աթենա Մանուկյանը դեռ վաղ տարիքից ցանկացել է հայտնի դառնալ ու իր ձայնով գերել բոլորին: 19-ամյա երգչուհին այսօր զբաղվում է անհատական կարիերայով, YouTube-ում նրա տեսահոլովակների դիտումները գերազանցում են կես միլիոնը: BRAVO.am-ը երիտասարդ հայուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել:

Աթենա Մանուկյանը


-Ե՞րբ էր մուտքդ երգարվեստ:


-Այո, այնքան հաճելի է զբաղվել մի բանով, որը սիրել եմ մանկուց: Ինձ երջանիկ եմ զգում: 13 տարեկանում մասնակցեցի “Մանկական Եվրատեսիլ 2008”-ի նախընտրական փուլին: Մրցակցություն չէինք զգում, լավ ընկերներ էինք ու վայելում էինք այդ անմոռաց օրերը, ուրախանում միմյանց համար, եւ միեւնույն էր, թե ով կհաղթի: Ես զբաղեցրի 7-րդ հորիզոնականը: Հիանալի ժամանակներ էին:

-Գործի հիմքում սովորաբար ոգեշնչումն է: Ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչել քեզ ի սկզբանե:

 
-Ոգեշնչումից չէ, որ սիրահարվել եմ երաժշտությանը. ես ծնվել եմ երաժշտության գիտակցումով: Այն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է շատ վաղ ժամանակներից: Երաժշտությունն իմ լավագույն ընկերն ու ուղեկիցն է: Նման ընկերը ոգեշնչում է քեզ արարել: Ունեմ ընտանիքիս աջակցությունը, հավատա, աշխարհում չկա դրանից ավելի լավ բան: Հատկապես մայրս միշտ պատրաստ է ինձ լսել. նա իմ կողքին է լավ եւ վատ պահերին: Երբ հաճույքով ես անում մի բան, մոտիվացիայի կարիք չունես: Ինչքան էլ յուրօրինակ չթվա,  դա այն է, ինչի համար ես ապրում եմ: Ամեն առավոտ արթնանում եմ եւ փորձում անցկացնել երեկվանից ավելի լավ օր: Դա ինձ համար սիրելի փորձություն է:

-Ըստ քեզ, երգերիցդ ո՞րն է ամենաշատը հուզում մարդկանց:

-Կարծում եմ՝ “I Surrender”-ը, որովհետեւ այն միանգամից մի քանի զգացմունք է առաջացնում` սեր, աստղեր, արեւ եւ այլն: Սա երգ է ազատության եւ կյանքն այնպես ապրելու մասին, ինչպես ինքդ ես ուզում:

Աթենա Մանուկյանը


-Ինչպիսի՞ն պետք է լինի երգը, որպեսզի համարվի կատարյալ:

-Առաջին նախապայմանն այն է, որ քեզ 150 տոկոսով նվիրես երգին, աշխարհին եւ երկրպագուներիդ էլ համոզես, որ այն քո անբաժանելի մասնիկն է: Պետք է կարողանաս հասկանալ երգի նշանակությունը եւ զգաս այն, իսկ կատարյալ երգի բաղադրատոմսը հետեւյալն է՝  աշխատանք, սեր, կիրք եւ, իհարկե, համբերություն:

-Ո՞ւմ հետ կցանկանայիր դուետով հանդես գալ:

-Դժվար հարց է: Սիրում եմ գրեթե բոլոր արտիստներին եւ երաժշտական բոլոր ժանրերը: Երազում եմ դուետ երգել ռոք-աստղի հետ, բայց չեմ կարող անուններ տալ:

-Երաժշտության ասպարեզում աշխատելու լավագույն պահը:

-Կողքիդ ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր հավատում են քեզ ու քո գործին, գիտեն ինչպես լավ ժամանակ անցկացնել ու վայելել օրը: Սիրում եմ ճանապարհորդել, եւ դա իմ կյանքն ավելի հիասքանչ է դարձնում:

-Որո՞նք են երաժշտական կարիերայիդ հիմնական նպատակները:

-Լավ երաժշտություն ստեղծել, ապահովել լավ շոու: Ցանկանում եմ մարդկանց երջանկացնել, հույս ունեմ, որ նրանք կհետեւեն ու կսիրեն ինձ ստեղծագործական ողջ կյանքիս ընթացքում. դա է իմ ամենամեծ նպատակը:

Աթենա Մանուկյանը


-Որտե՞ղ ես քեզ տեսնում  հինգ տարի անց:

-Հինգ տարի: Հույս ունեմ մինչ դա նորից կզրուցենք (ծիծաղում է-հեղ.): Այդքան էլ չեմ մտածում ապագայի մասին: Իմ նշանաբանը հետեւյալն է` “Ապրիր այսօրվանով, մոռացիր այդ մասին հենց նույն օրը”:

-Քո կարծիքով` երգչին հաջողություն կարող են բերել միայն իր համար գրված ստեղծագործություննե՞րը, թե՞ նաեւ քավեր կատարումները կարող են այցետոմս դառնալ:

-Կարծում եմ, որ լավագույնն այն է, երբ երգիչն ինքն է գրում երգ: Քավեր երգելը հիանալի բան է, բայց միայն այն դեպքում, երբ ամեն ինչ ճիշտ է արվում: Հանճարեղ են այն արտիստները, որոնց երգերը հաջորդ սերունդների համար կարող են քավեր դառնալ: Իհարկե, դրանք պետք է փոփոխվեն՝ համեմվելով այսօրվա տեխնոգոլիաներով եւ երաժշտական ակտուալ ոճերով:

-Տեխնոլոգիաների մասին. ի՞նչ ես զգում, երբ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մարդիկ սկսում են ոչ թե գնել արտիստի ձայնասկավառակը, այլ երգերն ուղղակի անվճար ներբեռնում են համացանցից:

-Մենք ապրում ենք էլեկտրոնային դարաշրջանում, ու չեմ կարծում, որ այդ երեւույթի  դեմ ի զորու ենք պայքարել: Ես ներբեռնած երաժշտության սիրահար չեմ: Այդ դեպքում երգի ստեղծմանը մասնակցած շատ մարդիկ ուղղակի չեն էլ երեւում՝  հեղինակներ, պրոդյուսերներ, ինժեներներ. այս երեւույթն ամենաշատը նրանց է վնասում: Մեր օրերում երաժշտությունն այնքան հասանելի է դարձել, որքան երբեւէ չի եղել: Ինչո՞ւ չեն ցանկանում գոնե պաղպաղակի արժեքի չափ գումար հատկացնել սիրելի երգչի երգը ձեռք բերելու համար: Միեւնույն ժամանակ հավատում եմ, որ իսկական երկրպագուն աջակցում է իր արտիստին ու գնում է միայն պաշտոնական արտադրանքը:

Աթենա Մանուկյանը


-Եկավ անձնական կյանքից եւ ընտանիքից խոսելու ժամանակը:):

-Հարցի վերջում դրված “սմայլը” շատ հավանեցի: Ես, անկասկած, ամենահաջողակ աղջիկն եմ աշխարհում, քանի որ ունեմ ինձ շատ սիրող ընտանիք, ովքեր աջակցում են ինձ եւ իմ լավագույն ընկերներն են: Նրանց հետ եմ կիսվում իմ բոլոր խնդիրներով: Նրանց շնորհիվ եմ դարձել այսօրվա մարդը: Փոքր եղբայր ունեմ, ով “ռոք-աստղ” է:). նվագում է էլեկտրական եւ դասական կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ: Ոչ ոք չգիտի, թե նա ինչ կարող է դառնալ ապագայում: Այդ ամենն ինքնուրույն է սովորել, իմ հպարտությունն է: Մենք այնքան ուրախ ընտանիք ենք, ես դա ոչնչի հետ չեմ փոխի: Որտեղից ինձ այսքան սեր:): Օհ, մոռացա պատմել ձեզ անձնականիս մասին: Ոչինչ, չէ՞: Գուցե հաջորդ հարցազրույցի ժամանակ:):

-Հունաստանի հայ համայնքը բավական մեծ է: Նրանց հետ շփում կա՞:

-Իհարկե, կա: Բայց գիտես` ինչն է հետարքրքիր. այստեղ երբեք չեմ հանդիպել Մանուկյան ազգանունով այլ հայի:): Իմ լավագույն ընկերների մեծ մասը Հայաստանից են:

-Ի՞նչ լեզուներ գիտես, արդյո՞ք հայերենը դրանց թվում է:


-Միայն անգլերեն գիտեմ: Ցանկանում եմ նաեւ իսպաներեն սովորել: Գիտեմ հայերեն մի քանի արտահայտություն` “Բարեւ, ինչպե՞ս ես: Լավ եմ, դո՞ւ”: Էլի բառեր գիտեմ, հավատացեք:):

-Հայաստան այցելելու հնարավորություն երբեւէ ունեցե՞լ ես:

-Չէ, երբեք չեմ եղել: Բայց, իհարկե, շատ եմ ցանկանում: Դա այն վայրերից է, որտեղ ամենաշատն եմ ցանկանում լինել: Կցանկանայի տեսնել, թե ինչպիսին է այն իրականում, քանի որ շատ լավ բաներ եմ լսել: Հպարտ եմ, որ իմ նախնիները հենց Հայաստանից են: Հրավիրո՞ւմ ես:):

Աթենա Մանուկյանը


-Սիրով: Այստեղ քեզ գրկաբաց կընդունեն:): Աթենա Մանուկյանի ամենամեծ երազանքը:


-Շատ երազանքներ ունեմ, բայց ամենամեծն այն է, որպեսզի կարողանամ օգնել այն մարդկանց, ովքեր կարիք ունեն իրենց երջանկացնող մեկի:

-Ի՞նչ հագուստ եւ դիմահարդարում ես նախընտրում առօրյայում:

-Սիրում եմ ոճային լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ առօրյա հագուստ եմ կրում: Քանի որ փոքր-ինչ գիժ եմ, ոչ ոք հաստատ չգիտի, թե այդ օրն ինչ տեսք կունենամ:): Ինչ վերաբերում է դիմահարդարմանը,ապա նախընտրում եմ առօրյայում ընդհանրապես չշպարվել: Սիրում եմ բնական լինել:

-Քո մաղթանքը մեր ընթերցողին:

-Ցանկանում եմ շատ համբույրներ ուղարկել BRAVO.am-ի ընթերցողներին: Ուզում եմ հավատացնել, որ ձեզ հպարտանալու դեռ շատ առիթներ կտամ: Սիրեք ինքներդ ձեզ եւ մի հանձնվեք: Դուք կարող եք ամեն բան հնարավոր դարձնել: Կարող եք պարբերաբար այցելել իմ ֆեյսբուքյան էջ եւ տեղեկանալ վերջին նորություններին:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Աթենա Մանուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW