×


Աիդան եւ Արթուրը` կիսամերկ, կրքոտ Շամիրամ եւ Արա Գեղեցիկ

Ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնի բեմադրած “Խորհրդավոր ընթրիքը” եւ “Pro Շամիրամ” պարային ներկայացումներին անդրադարձել ենք 2013 թվականի ընթացքում: Պարուհին եւ նրա խաղընկերը` Արթուր Գեւորգյանը, լուսանկարվել են “Pro Շամիրամ”-ի մոտիվներով նոր ֆոտոշարքում, որն Աիդայի առաջարկով իրականացրել է BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը: 

Աիդա Սիմոնը


Մարմնավորելով Շամիրամին եւ Նվարդին` Աիդան կարծում է` Ասորեստանի թագուհու կերպարն ավելի վառ ու արտահատիչ է.“Այնտեղ, որտեղ կա կիրք, չի կարող խամրած կերպար լինել: Այդ պատճառով այս ֆոտոշարքի համար ընտրեցինք Շամիրամին”:

Աիդան եւ Արթուրը որպես պարային խաղընկերներ բեմում ընկալում են միմյանց, սակայն ֆոտոօբյեկտիվի առջեւ սեր “խաղալը” նրանց հեշտությամբ չի տրվել. “Սկզբում դժվար էր միմյանց որպես սիրելիի վերաբերվել եւ էմոցիաներ արտահայտել, հատկապես ես շատ էի լարվել, բայց հետո ստացվեց կերպարի մեջ մտնել: Մենք զույգ չենք եւ չնայած` բեմում կարող ենք զգացմունք ցուցադրել, այն չենք բերում իրական կյանք: Յուրաքանչյուրին, ում հետ պարում ես կամ խաղում, պետք է սիրես, բայց կա անձնական կյանք եւ աշխատանք, որոնց սահմանները հարկավոր է պահել, այլապես քաոս կառաջանա”,-նշել է պարուհին:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ֆոտոշարքում


“Աշխատանքում շատ բծախնդիր եմ, պետք է հավանեմ զգեստները, լույսերը, անգամ շրթներկի գույնը: Ամեն ինչ պետք է կոկիկ, համաչափ ու գեղեցիկ լինի, ողջ փուլին հետեւում եմ եւ մանրուքներին ռեժիսորի աչքով նայում: Թեեւ ֆոտոսեսիան մի քանի ժամ է տեւել, բայց ընթացքը հաճելի էր, քանի որ դիմահարդարը մեծ եռանդով տարբեր փորձարկումներ էր անում եւ իր գործին լուրջ էր վերաբերվում”,-ասել է Աիդան` տեղեկացնելով, որ իրենց դիմահարդարումն արել է Ալիս Հելվետի Ազատյանը, իսկ հագուստն ու աքսեսուարները պատրաստել է Աստղիկ Մնացականյանը:

Աիդա Սիմոնը եւ Արթուր Գեւորգյանը` "Pro Շամիրամ" ֆոտոշարքում


Լինելով մաքսիմալիստ` Աիդան երբեւէ իր աշխատանքից լիովին գոհ չի լինում, գտնում է բացթողումներ, բայց այս ֆոտոշարքը նրան դուր է գալիս: Խոսելով իր կրած համարձակ զգեստների մասին` պարուհին ընդգծել է, որ հանուն արվեստի ու գեղեցիկի պատրաստ է տարբեր ձեւվածքի հագուստ կրել.“Հանրության կարծրատիպերով չեմ առաջնորդվում. եթե ներկայացման կամ ֆոտոշարքի համար պետք է կիսամերկ լինել, ուրեմն այդպես կլինի: Չեմ մտածում, թե հանդիսատեսն ինչպես կարձագանքի, կընդունի, թե` ոչ… Աշխատում եմ այն մարդկանց համար, որոնք իրենց մտածելակերպով ազատ են եւ գնահատում են արվեստը”:

Աիդա Սիմոնը նաեւ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի “Պարարվեստի ռեժիսուրա” բաժնում, նշում է, որ ուսանողների հետ շփումից շատ բան է սովորում.“Եթե կգտնվի մեկը, որ կասի` ամեն ինչ գիտի, կորած մարդ է: Մենք բոլորս թեկուզ հինգ րոպեով հանդիպած մարդուց ինչ-որ բան ունենք սովորելու: Իհարկե, տխրում եմ, որ երիտասարդները հաճախ կրեատիվ հայացքներ ու մտքեր չունեն, բայց կողքից ես էլ նրանցից շատ բան եմ քաղում”:

Արթուր Գեւորգյանը եւ Աիդա Սիմոնը` "Pro Շամիրամ" ֆոտոշարքում


Նշենք, որ “Pro Շամիրամ” բալետային ներկայացումը ընդգրկված է Երեւանի Տիկնիկային թատրոնի` մեծահասակների համար նախատեսված խաղացանկում եւ կրկին բեմում կլինի փետրվարի 14-ին, իսկ մարտին այս բեմադրությամբ կմեկնարկի “Թատրոն X” փառատոնը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW