×


Ամառային սեքսի առանձնահատկությունները

Արդեն շոգ ամառ է, եւ շատերս պատրաստվում ենք մեկնել ամառային հանգստի՝ վայելելու արձակուրդային օրերը: Հանգստի ամենանախընտրելի ձեւը ծովափնյա վայրեր այցելելն է, ոմանք էլ նախընտրում են լեռնանտառային հանգստյան տներն ու առողջարանները: Հենց այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում խոսել նոր ծանոթությունների, ամառային ինտիմ հարաբերությունների եւ թույլ տրվող սխալների մասին: Չէ՞ որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի կարեւոր մասն է կազմում, առանց որի ոչինչ լիարժեք չի լինի, նույնիսկ ամառային հանգիստը:


Թեմայի շուրջ այսօր հրավիրվել էր ասուլիս, եւ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խոսեց շոգ եղանակի առանձնահատկություններից, սեռական առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ նախապայմաններից, թույլ տրվող սխալներից եւ այլն: Ըստ նրա՝  գարնան գալուն պես մեծանում է մարդկանց սեռական ակտիվությունն ու ցանկությունը, եւ եթե խոսում ենք ամռան մասին, ապա պետք է հաշվի առնենք տոթն ու շոգ եղանակը: Եթե սեռական հարաբերութունների համար նախընտրելի սենյակային ջերմաստիճանը 18-23 աստիճանն է, ապա ծովափնյա վայրերում եւ հանգստյան տներում այդ պայմանները հաճախ բացակայում են: Այս պարագայում բարձրանում է արյան ճնշումը, արագանում է սրտի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետի խոսքով՝  քիչ չեն ինֆարկտների, ինսուլտների, իսկ մեծահասակների դեպքում՝  հանկարծամահության դեպքերը:

«Խոսքը վերաբերում է հատկապես մեծահասակներին, քանի որ երիտասարդների դեպքում օրգանիզմի պաշտպանողական հատկություններն ավելի ուժեղ են, իմունիտետն ավելի բարձր է, նյարդային, սրտանոթային եւ հորմոնալ համակարգերն ավելի կայուն են, ինչն էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ հիվանդությունների առաջացումից: Այնպես որ, հնարավորինս պետք է զգույշ լինել»,- նշեց Մարատ Զաքարյանը:


Շատերս անգամ չգիտենք, որ ծովափնյա ավազի վրա նստելը կամ դրանով ծածկվելը, երեխաների դեպքում՝ ավազների մեջ թավալ գալը, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել եւ մի շարք վարակների առաջացման պատճառ դառնալ: Պարզվում է՝ որտեղ կա տաքություն, շոգ եւ խոնավություն, այնտեղ ավելի շատ են վնասակար բակտերիաները: Այս դեպքում խոսքը ծովափնյա ավազների, հանգստյան տների եւ հյուրանոցների մասին է, որտեղ հանգստանում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը: Բժիշկն ասում է, որ հատկապես երեխաների դեպքում պետք է ուշադիր լինել եւ թույլ չտալ խաղալ կիսաթաց ավազով:

Ինֆեկցիաների առաջացման մյուս ամենահայտնի պատճառը անծանոթների հետ սեռական հարաբերություններն են: Սեքսապաթոլոգը նկատում է՝ հաճախ նույնիսկ առանց զուգընկերոջ անունն իմանալու՝ համաձայնում են ինտիմ հարաբերություն ունենալ: Շատ դեպքերում նույնիսկ չեն հիշում պաշտպանվելու մասին, ինչն էլ ավելի է մեծացնում տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը. «Ես, իհարկե, նորություններ չեմ ասում, բայց պետք է զգույշ լինել, բոլոր դեպքերում պաշտպանվել: Իսկ ամենալավ պաշտպանական միջոցն անծանոթների հետ հաճախակի ինտիմ կապերի մեջ չմտնելն է: Պետք է կարողանալ «ոչ» ասել»:


Արդյո՞ք ոգելից խմիչքները խթանում են սեռական ակտիվության բարձրացմանը կամ ցանկության առաջացմանը. Մարատ Զաքարյանի խոսքով՝ շատ դեպքերում ալկոհոլը բարձրացնում է սեռական ցանկությունը, բայց միեւնույն ժամանակ շատ խմելն արդեն էրեկցիայի խնդիրների է հանգեցնում, թուլություն է առաջանում, եւ մարդն այլեւս ի վիճակի չի լինում ակտիվություն դրսեւորել:

Այնպես որ, ամառային հանգստի մեկնելուց առաջ հաշվի առեք այս հանգամանքները եւ հետեւեք ձեր սեռական առողջությանը՝ արձակուրդները լիարժեք վայելելու եւ հետագա խնդիրներից խուսափելու համար: Կյանքը չի սկսվում եւ ավարտվում միայն հանգստյան տներում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW