×


Ամուսնության 4 գլխավոր սխալները

Որքան էլ մեզնից ամենաառաջադեմները պնդեն, որ ամուսնության ինստիտուտն աստիճանաբար սպառում է իրեն, իմաստավրեպ է, այլեւս ակտուալ չէ ու վերածվում է խեղկատակության, այնուամենայնիվ, Հայաստանում այն դեռ բազում տասնամյակներ պինդ կպահպանի իր դիրքերը: Ինչո՞ւ: Դե, որովհետեւ մեր երկրում երկու հոգու՝ հանգիստ, առանց ծնող-հարազատ-բարեկամի կողմից խժռվելու ու կախաղան բարձրացվելու, միասին լինելու եւ ապրելու միակ տարբերակը դեռ ամուսնությունն է: Չհաշված՝ պետության հետ հարցերում որոշակի հարմարությունները:


Եթե ամուսնությունը գրեթե անխուսափելի է, ապա արժե ուշադիր ամուսնանալ: Այսինքն՝ չամուսնանալ, եթե առկա են հետեւյալ 4 իրավիճակները: Քանզի սխալ ասելով՝ ի նկատի ունեմ երեւույթներ, որոնք մեծացնում են ամուսնալուծության հավանականությունը: Ո՞ւմ է պետք բարձր ռիսկի խմբի հղիությու…էէէ ամուսնությունը:

4-րդ հորիզոնական. Չի կարելի ամուսնանալ, եթե ինֆանտիլ կապերի մեջ եք ծնողների հետ

Եթե դուք խորապես 21-ն անց եք (իմ դիտարկմամբ՝ Հայաստանում մինչեւ 21 տարեկան միջին վիճակագրական անձը լիովին դեռահաս է), բայց որոշումներ կայացնելուն խորապես մասնակցում են ձեր մայրիկ-հայրիկը՝ ինչպիսի կողակից է սազում, իրենց հետ միասին պետք է ապրել, շաբաթական քանի անգամ սեքս պետք է արվի՝ պաշտպանված, թե չպաշտպանված, ինչ պետք է լինի ապագա երեխայի անուն-ազգանունը: Եթե այս ամենն առկա է ձեր կյանքում, ուրեմն դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք այս ամենի մեջ ներքաշելու բացի ձեզնից եւս մեկ չափահաս մարդու: Մի ընտանիք եմ ճանաչում, որտեղ ամուսնու մայրիկն ամեն առավոտ ստուգում էր ամուսնացած զույգի ննջասենյակի աղբամանն ու օգտագործված, սերմնանյութով լի պահպանակ գտնելու դեպքում համընտանեկան մեծ վեճ էր սարքում:

3-րդ հորիզոնական. Անձնական տարածքների բացակայություն

Բարձր ռիսկի խմբի մեջ են բառացիորեն միմյանց մեջ ապրող զուգընկերները, ովքեր օրական 25 ժամ իրար հետ են: Եթե իրար հետ էլ չեն, ապա րոպեն մեկ միմյանց տեղեկացնում են՝ երբ զուգարան մտան ու ինչ արեցին այնտեղ: Չեմ պնդում, որ սա միանշանակ սխալ է, բայց որ ի վիճակի է խարխլելու զույգի ամրությունը մի քանի տարում, դա հաստատ: Ուզում եք երկարաժամկետ նախագիծ ունենալ կողակցի հետ՝ ուրեմն անձնական տարածքներն անհրաժեշտ են: Միակ դեպքը, երբ հակացուցված է միմյանցից առանձին լինելը, երեխան է:

2-րդ հորիզոնական. Ֆինանսական անկախության բացակայություն

Այստեղ ոչ թե ապշեցնում, այլ շոկի են ենթարկում վարկով հարսանիքներն ու մեղրամիսները, ծնողների տանը ծնողների հաշվին ապրողները, ինչպես նաեւ ընդհանրապես չաշխատող կանայք ու հազվադեպ աշխատող ամուսինները: Որքան էլ տրիվիալ հնչի, բայց պատրաստ եղեք մուննաթի, կարծիքներն ու որոշումները ձեր վզին փաթաթելուն այն ծնողների կողմից, ում տանն ու հաշվին ապրում եք: Ի դեպ, մունաթն ու ամենատարբեր շահարկումները մեծապես հավանական են նաեւ այն դեպքում, եթե ընտանիքում աշխատում է միայն կինը կամ տղամարդը: Այսինքն, խիստ ցանկալի է, որ նրանք եւս միմյանցից ֆինանսապես անկախ լինեն: Շատ խիստ ցանկալի:

Սխալների առաջին պատվավոր հորիզոնականում է կեղծ կույս ամուսնությունը

Դե, սա իրական աղետ է, որի լրջությունը չեն պատկերացնում կուսապահպան զույգերի մեծ մասը: Կույս ամուսնության 2 մակարդակ եմ առանձնացնում, ու չգիտեմ՝ դրանցից որն է որից ավելի վտանգավոր: Եթե դուք անում եք ամեն ինչ՝ փեթինգ, օրալ, անալ ու էլի մի քանի ալ-ով վերջացող սեքս-փորձառություններ, բացի կոնկրետ կուսազրկումը, դա հակասում է անմեղություն ու մաքրություն պահպանելու ձեր վարկածին: Ինչպես իմ մի շատ սիրելի ուրոլոգ է ասում՝ աղջիկն ըստ էության կույս չէ, եթե պարբերաբար ու ամենատարբեր ձեւերով օրգազմ է ստանում: Ստացվում է՝ հերիք չի անհասկանալի է՝ սեռահասունության տարիքում ինչի կամ ում համար է պահպանվում մաքրություն, սրբություն եւ կուսություն, եթե կա կայուն սեռական պահանջմունք, մի հատ էլ՝  այն կեղծ է ու, այսպես ասած, փչանում է օրալով, անալով եւ փեթինգով:

Իսկ եթե միմյանց  բացարձակ չդիպչելով եք ամուսնանում, ուրեմն ձեր պատկերացումներն ամուսնության մասին շատ կասկածելի բովանդակություն ունեն: Սեքս ամուսնական կենցաղի այն բաղադրիչն է, որն անընդհատ բնույթ է կրելու, միշտ արվելու է: Եվ եթե այն չեղավ կայացած, ստաբիլ ու առողջ, հենց սկզբից հարվածի տակ է դրվելու: Առանց այսքանի գիտակցման արժե շատ երկար մտածել մինչեւ ամուսնանալը: Շատ-շատ երկար:

Հիշեցում. անդրադարձում տեղ գտած մտքերը կարող են չհամընկնել հասարակական կարծիքի հետ: Իրավիճակների ու անձանց հետ կապված ոչ մի նմանություն պատահական չէ, բոլորը բացարձակ իրատեսական են: 

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport