Սոֆի Դեւոյանը երբեւէ չի թաքցնում իր տարիքը, չի վախենում եւս մեկ տարի մեծանալուց եւ ուրախությամբ նշում է ծննդյան տարեդարձը: Երեկ` հուլիսի 8-ին,
պարուհին դարձել է 66 տարեկան:
Սոֆի Դեւոյանը
Կեսգիշերին հոբելյարի տանը հյուրընկալվել են նրա Պարի եւ հոգու թատրոնի պարուսույցներն ու սաները.“Աղմկալի եւ ուրախ տրամադրությամբ եկան ինձ շնորհավորելու, այդպես էլ սկսվեց այս ծնունդս: Իսկ ցերեկը միայն շատ մտերիմ մարդկանց հետ եմ անցկացրել”, - BRAVO.am-ին պատմել է նա:
Պարուհին տարեդարձը մեծ խնջույքով չի նշանավորել, քանի որ որդին, Զարուհի Բաբայանը եւ թոռներն այժմ Հայաստանում չեն.“Գիշերը զանգեցին, շնորհավորեցին, իսկ երբ վերադառնան, ամբողջ ընտանիքով կհավաքվենք: Առանց նրանց տոնը լիարժեք չէր ստացվի”:
Սոֆի Դեւոյանի ամուսնու նվիրած կտավը
Պատմելով նվերների մասին` Սոֆի Դեւոյանն ընդգծել է, որ տունը հեղեղված է ծաղիկներով.“Միշտ հարցնում են, թե ինչ կցանկանայի ստանալ: Ավելի լավ է պիտանի իր լինի, քան նվիրել ուղղակի նվիրելու համար: Գերակշռում են օծանելիքները, ժամացույցները: Օրինակ` Զառան ու տղաս ննջասենյակի կահույք են նվիրել, ամուսինս նախորդ տարի ջրաներկով իմ դիմանկարն էր նկարել, որը հիանալի է ստացվել: Այս տարի էլ գեղեցիկ ծաղկեփնջով կեսգիշերին շնորհավորեց եւ ոսկե յուրահատուկ թեւնոց նվիրեց”:
Նախորդ տարի պարուհին տարեդարձը դիմավորել է իր սաների հետ Վրաստանից վերադառնալիս` գնացքում, մի քանի անգամ նշել է արտերկրում` Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Պերուում, նաեւ ինքնաթիռում.“Ամեն տարին շատ յուրահատուկ հետք է թողել, նույնիսկ չեմ էլ կարող առանձնացնել ամենաերջանիկ տարեդարձս: Այնքան տարբերակներով եմ նշել՝ տանը միայնակ, ամուսնուս հետ զբոսանքով, քաղաքից դուրս... Աստծուն շնորհակալ եմ իմ երջանկության համար”:
BRAVO.am
Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: