×


Այս տարվա “Եղիցի լույս”-ն Արտավազդ Փելեշյանինն է

“Ոսկե ծիրան” ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակում երեկ` հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Հայ Առաքելական եկեղեցու սահմանած “Եղիցի լույս” մրցանակը:

Արտավազդ Փելեշյանին շնորհվել է Հայ Առաքելական եկեղեցու “Եղիցի լույս” մրցանակը


Իրեն հատուկ համեստությամբ Փելեշյանը տիկնոջ հետ թեւանցուկ ներս մտավ հանդիսությունների դահլիճ, որտեղ հավաքվածները նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով: Հետո ռեժիսորը հանդիպեց իրեն սպասող լուսանկարիչների բազմությանը:

Բոլորն էին ուզում լուսանկարվել եւ շփվել աշխարհահռչակ վավերագրողի հետ, բայց քչախոս ու “բացառիկ կինոհանճարը” (այսպես է նրան անվանել Սերգեյ Փարաջանովը) նստեց իր համար նախատեսված աթոռին ու սպասեց հանդիսավոր արարողության մեկնարկին:

Արտավազդ Փելեշյանը տիկնոջ հետ


“Փելեշյանը մեր օրերի ամենատաղանդավոր եւ հիասքանչ ռեժիսորներից է: Մենք հպարտանում ենք, որ հայ ազգը Փելեշյանի նման զավակ ունի”,-ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ ռեժիսորին հանձնեց “Եղիցի լույս” մրցանակը:

“Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ ու ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ Վեհափառին մրցանակի ու օրհնության համար: Շատ արժանի մարդիկ կան, կուզեի, որ նրանք էլ ստանան այս մրցանակը: Նրանցից մեկը ԱՄՆ-ից մեծագույն ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն է, մյուսը` մեծագույ հայ ռեժիսոր Ռոման Բալայանը: Շնորհակալ եմ բոլորիդ”,-ասաց Արտավազդ Փելեշյանը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Արտավազդ Փելեշյանը


“Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւս ելույթ ունեցավ.“Այսօր երջանիկ օր է ինձ համար: Նախ` Էջմիածնում ենք, երկրորդը` մեզ հետ է հայազգի աշխարհահռչակ ռեժիսորը: Սրբություն եւ արվեստ: Հպարտ եմ, որ այս տարի “Եղիցի լույս” մրցանակին արժանացավ հենց Արտավազդ Փելեշյանը”:

Ի դեպ, հուլիսի 11-ին “Մոսկվա” կինոթատրոնում մեկնարկեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ հետեւյալն ասաց.“Ժամանակին փարթամ մազեր ունեի, բայց սանր չունեի, հիմա սանր ունեմ, բայց մազեր չունեմ”:

Նշենք, որ 2012-ին առաջին “Եղիցի լույսը” շնորհվել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: BRAVO.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW