×


Արմեն Թութունջյանին նվիրված ջազ երեկոյին

«Ա՛յ, թե ով էր Չիկոն...». Ինչպես է անցել Արմեն Թութունջյանին նվիրված ջազ համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ մեծ ջազ երեկո էր, որը դեռ երկար կհիշվի: Հայ անվանի ջազմենների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ կայացավ համերգ՝ նվիրված անվանի երաժիշտ, հանրահայտ «Չիկոն եւ ընկերները» ջազ խմբի հիմնադիր եւ ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի հիշատակին։

Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ (դիրիժոր՝ Մարտին Վարդազարյան), Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Մամիկոնյանը, Վահագն Հակոբյանը եւ այլ երաժիշտներ ու կատարողներ: Բեմում էին նաեւ Արմեն Թութունջյանի աշակերտներն ու ուսանողները, ովքեր այսօր արդեն կայացած ու ճանաչված երաժիշտներ են, ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում:

Արմեն Թութունջյանին նվիրված ջազ երեկոյին


Համերգից առաջ զրուցեցինք ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, ով շատ վաղ շրջանից սկսել է աշխատել Արմեն Թութունջյանի հետ: Նրա հուշերում Չիկոն մնացել է որպես հումորով, ուրախ, նվիրված, շիտակ ու ազնիվ մարդ.«Նրանից շատ բան ենք սովորել: Բոլորս էլ նրա ձեռքի տակով անցել ենք: Մինչեւ հիմա էլ հիշում ենք թե՛ նրա խրատները, թե՛ նրա հետ անցկացրած անմոռանալի օրերը: Այսօր էլ նրան ուրախ պիտի հիշենք, ոչ թե լացով, որովհետեւ իր դրական էներգիայով բոլորիս է վարակել»:

Ջազմենի խոսքով՝ Չիկոն շատ զգայուն է եղել, օրինակ՝ կարող էր միանգամից արտասվել՝ որեւէ լավ կամ վատ լուր լսելով.«Նա շատ նուրբ անձնավորություն էր: Նրա այդ մանկական ոգեւորվածությունը մինչեւ վերջին օրն էլ մնաց: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրա տղային՝ Հայկին, ով ջանք, եռանդ ու ժամանակ չխնայեց, որ այս համերգը կայանա: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով համերգն իր հսկողության տակ առավ եւ ամեն ինչ շատ որակով ու մակարդակով կազմակերպեց: Ա՛յ, թե ով էր Չիկոն...»:

Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկը


Հայկ Թութունջյանը դժվարացավ մատնանշել, թե կոնկրետ ում մտահղացումն էր համերգային երեկոն, բայց կարեւորեց այն, որ իր հոր բոլոր երաժիշտ ընկերները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ.«Անգնահատելի աջակցություն էր, ինչի համար երջանիկ եմ ու շնորհակալ: Վստահ եմ՝ Արմեն Թութունջյանի ընկերները, երկրպագուները եւ ջազի բոլոր սիրահարները մեծ բավականություն ստացան եւ դրական լիցքերով հեռացան համերգասրահից»:

Համերգի ընթացքում հնչեցին Չիկոյի սիրելի ստեղծագործությունները, ինչպես նաեւ նրա հեղինակային գործերը: Ելույթ ունեցող բոլոր երաժիշտներն իրենց խոսքում շեշտում էին, որ ջազմենը ներկա է համերգին, լսում ու ոգեշնչում է իրենց: Եվ իսկապես, Չիկոն ներկա էր երեկոյին. բոլոր կատարումներից առաջ նա հայտնվում էր մեծ էկրանին, պատմում իր ընկերների մասին, իսկ համերգի վերջում նույնիսկ նվագեց ջազ նվագախմբերի հետ: Ինչպես իր խոսքում նկատեց Մարտին Վարդազարյանը, իրենք ու հանդիսատեսը եկել էին ոչ թե համերգի, այլ Չիկոյի «Ջազի ժամ» հաղորդման շարունակությանը:

Արմեն Թութունջյանին նվիրված ջազ երեկոյին


Մաեստրոն ընդգծեց՝ Արմեն Թութունջյանի աշխատանքը ոչ միայն կատարողական էր, այլեւ ստեղծագործական ու գիտական: Այս համատեքստում տեղին է հիշել Չիկոյի խոսքերը.«Ես ոչ միայն ջազ եմ նվագում, այլեւ ուզում եմ ջազով վարակել, կրթել մեր հասարակությանը: Եվ հենց այդ նպատակով էր, որ այսքան տարիներ ես տարբեր հեռուստաընկերություններով պատրաստել եմ «Ջազի ժամ» հաղորդաշարը: Այնտեղ ես պատմել եմ ոչ միայն մեր երկրի, այլեւ համաշխարհային ջազի մասին, քանի որ միշտ գիտակցել եմ՝ որքան էլ ջազը ազատ արվեստ է, միեւնույն է՝ նրանով պետք է զբաղվեն կրթված ու գիտակ մարդիկ»: Նրա այս գաղափարի շարունակությունը դարձավ նաեւ «Ջազը Հայաստանում» գրքի հրատարակությունը, որտեղ նա մանրամասն ներկայացրել է վերջին 75 տարիների հայաստանյան էստրադային եւ ջազ երաժշտության պատմությունը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport