Անահիտ Կիրակոսյանը տեւական ժամանակ է՝ չի նկարահանվում ֆիլմերում եւ սերիալներում: BRAVO.am-ը դերասանուհուց պարզել է պատճառն ու նաեւ խոսել այժմյան զբաղվածության եւ ընտանիքի մասին: Պարզվում է՝ Անահիտի օրը գերհագեցած է թատրոնով ու հեռուստատեսային առավոտներով:
Անահիտ Կիրակոսյանը եւ Եգոր Գլումովը՝ Շանթի եթերում
«Շարունակում եմ վարել «Շանթ»-ի առավոտյան ծրագիրը, որից անմիջապես հետո շտապում եմ թատրոն՝ պարի, երգի ու բեմադրական փորձերի: Անցած ամիս հանձնեցինք «Տունը սահմանի վրա» բեմադրությունը, այժմ Ամանորի ներկայացման փորձերն են: Ստացել եմ խաղալիքների տիրուհու՝ երեխաների կողմից շատ սիրված սառցե թագուհի Էլզայի կերպարը: Ոգեւորված եմ դերով ու ակտիվ աշխատում եմ»,-նշել է նա:
Հարցին, թե այս շրջանում ինչու է բացակայում սերիալներից եւ ֆիլմերից, Անահիտը պատասխանել է.«Առաջարկներ չունեմ, բայց այսօրվա զբաղվածությունս այնքան հագեցած է, որ մինչեւ 2017 թվականը դժվար կարողանամ որեւէ առաջարկ ընդունել»:
Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ
Դերասանուհին վստահեցնում է, որ իր աշխատանքի պատճառով ընտանիքը չի տուժում.«Օրվա մեջ ամեն ժամս դասակարգված է եւ յուրաքանչյուր ավելացած րոպեն անցկացնում եմ ընտանիքիս հետ, նվիրում ամուսնուս եւ երեխաներիս: Միշտ հետաքրքրվում եմ նրանց առօրյայով, աղջիկներիս դասերով, դպրոցական հետաքրքիր պատմություններով: Վերջերս տղայիս միջոցառումն էր մանկապարտեզում, հպարտությամբ էի նայում՝ ինչպես է երգում ու արտասանում: Ինչքան էլ գերհոգնած եմ լինում, սիրում եմ նվագել, աղջիկներիս հետ լսել մեր սիրելի երգերը եւ լիցքաթափվել»:
Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ
Անահիտը նշել է նաեւ, թե ինչին է ձգտում առավելագույնը.«Ուզում եմ տեսնել զավակներիս կայանալը, ճիշտ եւ ազգին պիտանի զավակ դառնալը: Իհարկե, կյանքում չդադարել սովորել ու այնպես ապրել, որ քեզնից հետո հիշվես քո գործերով, ունենաս քո մտքերի համախոհն ու շարունակողը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: