Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը հանրությանն առավել հայտնի է “Քաղաքում” սերիալում Սուսիկի դերակատարմամբ, այսօր հիմնականում զբաղված է “Շանթ”-ի առավոտյան ծրագրի նկարահանումներով: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է աշխատանքային նորությունների եւ ամուսնական կյանքի մասին:
Անահիտ Կիրակոսյանը
Սերիալում հայտնվեցին նոր, ավելի հետաքրքիր կերպարներ, որոնք կարճ ժամանակում սիրվեցին, իսկ Սուսիկն էլ փոքր-ինչ “հնացավ”: Հույս ունեմ, որ նա կվերադառնա ավելի վառ տեսարաններով:
Շուտով հնարավոր է ինձ տեսնեք բացարձակ տարբեր կերպարում: Փակագծերը դեռ չեմ բացում. թող անակնկալ լինի:
Հանդես եմ գալու նաեւ “Դուետ” երաժշտական նախագծում, որը շուտով եթերում կլինի:
Անահիտ Կիրակոսյանն ամուսնու եւ փոքրիկ Հայկի հետ
Գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկ եւս կա:
Երեւանի կամերային երաժշտական թատրոնում այս ամիս բացվում է աշնանային թատերաշրջանը: Խաղալու եմ “Գեղեցկուհին եւ հրեշը” ներկայացման մեջ գեղեցկուհու դերում, իսկ “Մոխրոտը” ներկայացման մեջ` փերիի եւ տատիկի դերում:
Թատրոն, հեռուստաընկերություն, ընտանիք. ծանրաբեռնվածությունն, իհարկե, մեծ է, բայց եթե ինչ-որ բան շատ ես ուզում, անկասկած կարողանում ես հաղթահարել ցանկացած դժվարություն: Կարեւորը սերն է: Ես ամեն ինչ սիրով եմ անում: Դժվար բան չկա, պարզապես պետք է ճիշտ օգտագործել ժամանակը:
Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ
Օրս սկսվում է այսպես. արթնանում եմ, ամուսնուս սուրճ մատուցում, այնուհետեւ դուստրերիս նախաճաշն եմ պատրաստում: Բալիկիս կերկարում եմ, հետո աղջիկներիս դպրոց ենք տանում եւ գնում աշխատանքի:
Որդիս` Հայկը, սեպտեմբերի 25-ին կդառնա 9 ամսական: Արդեն ունենք մեկ ատամ եւ շատ հպարտ ենք դրանով, քանի որ կարողանում ենք խնձոր, դեղձ եւ գազար կրծել:):
Կարծում եմ` ամենահնազանդ կինն եմ, քանի որ ընտանիքում կարեւորում եմ տղամարդու խոսքը: Եթե սիրում ու հարգում ես ընտրյալիդ, պետք է հնազանդ լինես: Մեր հասարակությունը հնազանդ բառն այլ կերպ է ընկալում: Մտածում են, թե հնազանդ կինը աղախին է կամ չունի սեփական կարծիք: Ես կարծում եմ, որ հնազանդ կինը հարգում է ամուսնու խելամիտ որոշումներն ու ցանկությունները:
Քանի որ կողքիս արդեն իսկ կայացած տղամարդ է, միշտ համաձայնում եմ նրա որոշումների հետ, վեճեր էլ հազվադեպ են լինում` տարին մեկ անգամ:
Անահիտ Կիրակոսյանի ամուսինը` Արտակ Սարգսյանը, եւ որդին
Լավ տնտեսուհի եմ. ընտանիքիս անդամներից դեռեւս դժգոհություն չեմ լսել: Սիրում եմ պատրաստել համեղ ուտեստներ, միայն թե տորթեր չեմ թխում. չեմ փորձել: Այնպես որ, քաղցրեղենը գնում ենք:
Պարզ մարդ եմ, ով նվիրված է ընտանիքին, գործին, ինչպես նաեւ շատ է սիրում խենթություններ անել եւ անակնկալներ մատուցել:
Ամուսինս շատ է սիրում նարդի խաղալ: Նրա ծննդյան տարեդարձին մրցանակաբաշխության նման մի բան էի կազմակերպել. կանգնել էր կարմիր գորգին, իսկ նախօրոք արված ձայնագրությամբ հաղորդվում էր, որ տարվա լավագույն նարդի խաղացող է դարձել Արտակ Սարգսյանը:): Որպես նվեր էլ հատուկ դիպլոմ եւ նարդիի տեսքով ժամացույց հանձնեցի: Նա պարզապես ցնցված էր: Անակնկալս շարունակվեց մինչեւ ուշ երեկո. հատուկ հրավիրված երգիչների հետ կիթառով եւ սաքսոֆոնով տարբեր երգեր ենք կատարել նրա համար:
Մեծ հաճույք եմ ստանում, երբ սիրելիներս երջանիկ են:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: