Անդրեի երկրպագուները դժգոհելու եւ ոչ մի առիթ չունեն. թեեւ երգիչը զբաղված է համերգային շրջագայություններով, ժամանակ է գտել նոր տեսահոլովակ նկարահանելու, որն օրերս ներկայացրել է նաեւ BRAVO.am-ը: Այս անգամ նրա հետ զրուցել ենք ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ առաջիկա ծրագրերի եւ հայկական մրցանակաբաշխություններին չմասնակցելու պատճառի մասին:
Անդրեն ելույթ է ունեցել «Forbidden Saints» խմբի համերգին
Երգիչը մոտ մեկ շաբաթ է` Միացյալ Նահանգներում է. «Այստեղ մի շարք համերգների մասնակցելու հրավերներ ունեմ: Մայիսի 3-ին “Forbidden Saints” հանրահայտ խմբի համերգն էր, որին մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված հայտնի երգիչներ: Հայաստանից հրավիրված էի միայն ես, ինչն ինձ համար մեծագույն պատիվ էր»,-պատմել է նա` նշելով, որ համերգին ելույթ է ունեցել նաեւ Հարութ Փամբուկչյանը, նվագակցել են տարբեր տարիներին “Գրեմմի”-ի առաջադրված տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում` Արչի Պենյան, որը Շակիրայի երգերի մեծամասնության հեղինակն է:
«“Intimidades” երգիս կատարման ընթացքում ինձ նվագակցեց Ռամոն Ֆլորեսը, որը ժամանակին աշխատել է Ռեյ Չարլզի հետ: Համերգին նվագում էին նաեւ երաժիշտներ, որոնք համագործակցել են Լուիս Միգելի, Յանիի, Ռիկի Մարտինի եւ այլ մի շարք աստղերի հետ: Մի խոսքով՝ հրաշալի էր նման տաղանդավոր եւ հանրահայտ մարդկանց հետ միեւնույն բեմում գտնվելն ու համագործակցելը»,- նշել է Անդրեն:
Անդրեն եւ Հարութ Փամբուկչյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 9-ին ԱՄՆ-ում կայանալու է “World Armenian Entertainment Awards”-ը: Անդրեն, սակայն, այս մրցանակաբաշխությանը չի մասնակցելու: Մեր հարցին, թե որն է պատճառը, նա հետեւյալն է պատասխանել. «Վերջին շրջանում հայկական երաժշտական մրցանակաբաշխություններն ինձ համար անհետաքրքիր են դարձել: Պատճառն այն է, որ մեր երգիչների տաղանդն ու կատարած աշխատանքն այսօր գնահատում են ոչ թե ժողովուրդն ու ոլորտի մասնագետները, այլ տվյալ մրցանակաբաշխությունների կազմակերպիչները, ինչն ինձ համար անընդունելի է, քանի որ շատ սուբյեկտիվ մոտեցում է: Մրցանակաբաշխություններն այլեւս այն չեն, ինչ եղել են տարիներ առաջ` շքեղ, արդար եւ ճաշակով: Ամեն ինչ էժանացել է` թե՛ մատուցված երաժշտությունը, թե՛ կազմակերպված համերգային ծրագիրը եւ այլն: Հույս ունեմ, որ ապագայում մեզ մոտ էլ կկազմակերպվեն իսկական մրցանակաբաշխություններ, որտեղ տարվա լավագույններին կընտրեն ոչ թե մեկ-երկու հոգի, այլ ժողովուրդն ու պրոֆեսիոնալ մարդիկ»:
Միացյալ Նահանգներից նա կմեկնի Եվրոպա` համերգային ծրագրերի մասնակցելու, իսկ երեւանյան մենահամերգի հեռանկարին լուրջ է վերաբերվում. «Իմ բոլոր համերգներն այնքան շքեղ եւ մեկը մյուսից տարբեր են անցել, որ պետք է այնպես անեմ, որ չկրկնվեմ: Ինձ համար մենահամերգը ոչ միայն սիրված երգացանկ ներկայացնելն է, այլեւ շքեղ շոու է, որին պետք է լուրջ պատրաստվել»:
Անդրեն ելույթ է ունեցել «Forbidden Saints» խմբի համերգին
Խոսելով “Սիրո պայքար” երգի մասին` Անդրեն նշել է` ուրախ է, որ Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած երգը սիրվել է եւ դարձել ռադիոհիթ. «Տեսնելով, թե որքան են մարդիկ քննարկում այս երգը, փորձում ներբեռնել` որոշեցի, որ անպայման պետք է տեսահոլովակ ունենա: Ավետ Բարսեղյանի եւ “GB-Production”-ի հետ մտածեցինք սցենար, իսկ հետո հերոսուհու համար քասթինգ հայտարարեցինք, որն իր բնույթով բացառիկ էր, քանի որ Հայաստանում դեռ նման կերպ տեսահոլովակի հերոսուհի չէին ընտրել: Քասթինգին մասնակցեցին այն բոլոր աղջիկները, ովքեր երազում էին նկարահանվել իմ տեսահոլովակում: 2000-ից ավելի հայտ ստացանք եւ երկար քննարկումների արդյունքում ընտրեցինք հերոսուհուն: Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ռեժիսորը Նիկ Էգիբյանն է: Հաջորդ տեսահոլովակս միգուցե կնկարահանվի ամռանը` կրկին նոր, բայց հիթային երգի հիման վրա, որը վստահ եմ` նույն հաջողությամբ կսիրվի»:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անդրեն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: