×


Անդրե Սիմոնյանի մասին քիչ հայտնի փաստն ու նոր հոլովակի հետաքրքիր պատմությունը

«The Beautified Project» ռոք խումբն օրերս ներկայացրեց իր նոր՝ «The Missing Part» երգի տեսահոլովակը` նվիրված այն անվանի երաժիշտներին, որոնք այսօր այլեւս չկան: Սա խմբի առաջին տեսահոլովակն է այն բանից հետո, երբ Անդրեն, Արմենը եւ Առլենը հայտարարեցին իրենց համատեղ գործունեության դադարի մասին: Նոր հոլովակում էլ նկարահանվել է միայն խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը, ում հետ զրույցում հետաքրքրվել ենք՝ արդյոք համագործակցել է «The Beautified Project»-ի նախկին անդամների հետ: Նրան նաեւ հարցրել ենք, թե ինչու է որոշել մահացած երաժիշտներին երգ նվիրել, եւ ինչպես է ստացվել, որ տեսահոլովակում նա ներկայացել է ծխելիս. Անդրեն հայտնի է որպես չծխող համայնքի ներկայացուցիչ:

Պարզվեց՝ նա տարիներ շարունակ բազմաթիվ ձայնասկավառակներ է հավաքել Անգլիայի իր տանը եւ միայն վերջերս է առիթ ունեցել դրանք կրկին ուսումնասիրելու: Հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ իր ամենասիրելի արտիստներից շատերն այլեւս ողջ չեն.«Ես մոտ 600 սկավառակ ունեմ: Իհարկե, դրանք ավելի շատ էին, բայց Հայաստան տեղափոխվելիս մի մասն ինձ հետ բերեցի, մի մասն էլ նվիրեցի ընկերներիս: Ինձ համար շատ տխուր է, երբ նայում եմ այդ սկավառակներին ու տեսնում, որ անվանի շատ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ այլեւս չկան: Ես միշտ հետեւել եմ նրանց գործունեությանը, նրանցից սովորել եմ ու ոգեշնչվել»,- պատմել է երգիչը:

Անդրե Սիմոնյանը


Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ որոշել է ամիսներ առաջ գրված երգը նվիրել այդ արտիստների հիշատակին: Ասում է՝ «The Missing Part» երգն իր համար շատ անձնական է, եւ նույնիսկ մտադրություն էլ չի ունեցել այն հրապարակել: Բայց քանի որ գաղափար է առաջացել երգն այս թեմայի շրջանակում ներկայացնել, որոշել է տեսահոլովակ նկարահանել ու թողարկել.«Վերջին քսան տարվա ընթացքում այն զգացումն ունեմ, որ այլեւս լեգենդներ չեն ծնվում, չկան այնպիսի կատարողներ կամ խմբեր, որոնք կհիշվեն 30-40 տարի հետո: Եվ հենց այդ պատճառով էլ որոշեցի այս երգը նվիրել այն երաժիշտներին, ովքեր շատ մեծ դեր են ունեցել իմ կյանքում եւ ոգեշնչել են իմ արվեստում»:

Անդրեն նշեց, որ երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքն է: Այս անգամ համագործակցել է կիթառահար Ալեքսանդր Հակոբյանի հետ, քանի որ չի սիրում անձամբ նվագել ստուդիայում: Ասում է՝ սիրում է լսել, թե ինչ է ձայնագրվում, որպեսզի ամեն ինչ իր սրտով լինի: Իսկ թե ինչու այս անգամ չի աշխատել Արմենի եւ Առլենի հետ, նշում է, որ նրանք զբաղված են իրենց սոլո-նախագծերով, եւ երգի ձայնագրման ժամանակահատվածում չի ստացվել համագործակցել.«Չեմ ուզում այնպիսի տպավորություն լինի, թե ես կոնֆլիկտ ունեմ Արմենի եւ Առլենի հետ, պարզապես ժամանակային առումով չի ստացվում միասին աշխատել»:

«The Beautified Project»-ի նոր տեսահոլովակում կարելի է նկատել, թե ինչպես է Անդրեն մեկ գավաթ խմիչքի հետ նաեւ ծխում: Սա այն դեպքում, երբ երգիչը նախկինում աչքի չի ընկել ծխելիս: Մեզ հետաքրքրեց՝ հոլովակում նա առաջի՞ն անգամ էր ծխախոտ օգտագործում, թե՞ կան փաստեր, որ քչերին են հայտնի: Անդրեն ասաց՝ շատ քիչ է խմում եւ շատ քիչ էլ ծխում է, բայց ընդգծեց՝ դա չի նշանակում, որ ինքը կողմ է խմելուն կամ ծխելուն.«Ես ամսվա ընթացքում ընդամենը մի քանի բաժակ գինի կամ գարեջուր եմ խմում եւ գուցե տասը հատ էլ ծխախոտի գլանակ եմ օգտագործում սուրճի կամ խմիչքի հետ: Համերի ու բույրերի այդ համադրությունն ինձ դուր է գալիս: Բայց պիտի ասեմ, որ շատ կողմ եմ կառավարության այն որոշմանը, որ պիտի ծխելն արգելվի հանրային վայրերում: Այս հոլովակում խմիչքն ու ծխախոտը խորհրդանշական բնույթ ունեն. կարծես բաժակ ենք բարձրացնում մահացած արվեստագետների հիշատակին»:

Անդրե Սիմոնյանը նաեւ հավելեց, որ իրենք ունեն տեսահոլովակի, այսպես ասած, «no smoking» տարբերակը, որտեղ ինքը չի ծխում: Դա նկարահանել են հատուկ այն հեռուստաընկերությունների համար, որոնք կցանկանան երգն այդ ձեւաչափով եթեր հեռարձակել:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրե Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport