×


Անի Քրիստին 31-ամյակի ամենաթանկ նվերը

Անի Քրիստին երեկ նշել է 31-ամյակը։ Ինչպես BRAVO.am-ին պատմել է հոբելյարը, ծննդյան տարեդարձն իր համար հասունության եւ ձեռքբերումների ամփոփման օր է. «Կյանքիս նոր տարին սկսում եմ մարտի 15-ին եւ հենց այդ օրը փորձում եմ ավելի հստակ պլանավորել նոր անելիքներս»։

Անի Քրիստին՝ հայրիկի հետ


Գլենդելում բնակվող երգչուհուն օրեր առաջ այցելել է հարազատ եղբայրը, որի այցը համարում է ամենաթանկ նվերներից մեկը.«Մեզ համար ցավոտ եւ միաժամանակ ուրախալի իրադարձություն է. եղբայրս հայրիկին 23 տարի չէր տեսել, քանի որ Եվրոպայում է ապրել ու սովորել, եւ երկուսն էլ քաղաքացիության խնդիր ունեին: Վերջապես հարցը լուծվեց, այժմ միասին ենք։ Ցավոք, հայերը սփռված են աշխարհով մեկ, կարծես Հայաստանի բոլոր ընտանիքներն արտերկրում բարեկամներ ունեն, տառապում ենք կարոտախտով։ Ես փորձեցի ամեն ինչ անել, որ եղբայրս մեզ այցելի, նա առաջին անգամ է Լոս Անջելեսում, հուսամ՝ ոչ վերջին»։

Անի Քրիստին՝ Դիսնեյլենդում


Անին մտերիմների հետ օրն անցկացրել է Դիսնեյլենդում.«Միակ վայրն է, ուր մանկությունս ու էությունս լիարժեք արտահայտվում եւ մարմնիցս դուրս է գալիս։ Ծննդյանս օրը չեմ մտահոգվում, պարզապես վայելում եմ եւ փորձում եմ կյանքին ավելի գեղեցիկ հայացքով նայել։ Ուղիղ կեսգիշերին, անկախ ինձնից, ընտանիքիս, ընկերներիս կողմից սպասում եմ շնորհավորանքների ու անակնկալների։ Գիշերը փչելով տորթի մեկ մոմը՝ երազանք մտապահեցի, որ հենց կողքիս գտնվող մարդիկ առողջ ու հաջողակ լինեն։ Այդ պահին իմ մասին մոռացա, որովհետեւ շնորհակալ եմ նրանց: Այդ մոմը նրանց հոգու լուսավորության ու բարօրության համար փչեցի»։

Անի Քրիստին՝ եղբոր հետ


Նա ժպիտով է հիշում Երեւանում անցկացրած ծննդյան օրերը, ջերմ հուշերն այնքան շատ են, որ չի առանձնացնում.«Օրեր շարունակ նշում էինք, մեկ օր՝ ընկերներով, մեկ այլ օր՝ ընտանիքի, բարեկամների հետ։ Նվերներն էլ չեմ առանձնացնում, որովհետեւ սրտանց արված նվերն ինձ համար կարեւոր է դառնում, իսկ հարազատներիս ջերմ խոսքն ու համբույրն ինձ համար ամենատպավորիչն են»։

Անին դեռ նախորդ զրույցում մեզ հայտնել էր, որ նպատակ ունի Գլենդելում հիմնել վոկալ-ստուդիա.«Երկար որոնումներից հետո տարածքը գտել ենք։ Երբ բրոքերը տարածքը ցույց տվեց, այնքան դրական տպավորություն ստացա այդ թաղամասից ու միջավայրից, որ այլեւս նոր վայր չեմ փնտրում։ Շուտով ստուդիան կբացվի»։

BRAVO.am   
Լուսանկարները` Անի Քրիստիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW