×


Անմահ հիշատակի կենդանի վկաներ

Ֆրանսիայի հայկական համայնքը համարվում է ամենամեծը Եվրոպայում, հայերի թիվն այստեղ մոտ 450 000 է։ Մեր հայրենակիցների հիմնական մասը Փարիզի, Լիոնի, Մարսելի, Վալենսի շրջաններում է հիմնավորված։ Նրանց համար ամենակարեւոր հավաքատեղին եւ սրբավայրը, բնականաբար, հայկական եկեղեցին է. հենց գաղթելու օրվանից նրանք սկսել են տարբեր եկեղեցիներ կառուցել, որոնք թվով մոտ 30-ն են։ Սակայն բացի հավատից, հայերն իրենց հետ այստեղ են բերել Հայ դատ հասկացողությունն ու եկած օրվանից պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որի մասին օրենքը Ֆրանսիայում ընդունվել է 2001 թվականին։

Կոմիտասի արձանը Փարիզում


Օրենքի ընդունումից շատ տարիներ առաջ արդեն բազմաթիվ հուշակոթողներ են տեղադրվել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս հուշարձաններն են, որ ապրիլի 24-ին դառնում են ամենամյա հավաքատեղի, որտեղից էլ հայերը երթեր են կազմակերպում։

Կոմիտասի արձանը Փարիզում


Դրանք հիմնականում խաչքարի տեսքով են, չնայած` կան եւ բացառություններ, որոնցից ամենահայտնին Փարիզի Կոմիտասի արձանն է։ Այն գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի Երեւանի այգու հենց սկզբնամասում։ 2 մետրանոց պատվանդանի վրա դրված արձանն ունի 4 մետր բարձրություն։ Դավիթ Երեւանցու հեղինակած հուշարձանի հետեւի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին` գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Խորհրդանշական այս հուշարձանի բացումը կայացել է 2003 թվականին, չնայած` դրա նախագիծն արդեն 20 տարվա պատմություն է ունեցել։

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողն Ալֆորվիլ քաղաքում


Փարիզի հարակից քաղաք Ալֆորվիլում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը տեղադրվել է 1984 թվականին։ Այս հայաշատ քաղաքը Օշականի քույր քաղաքն է եւ ունի Աշտարակ կոչվող հրապարակ, որտեղ էլ փոքրիկ կանաչապատ տարածքում դրված է խաչքարը։

Իսի Լե Մուլինո քաղաքում տեղադրված հայ-ֆրանսիական բարեկամության հուշարձանը


Փարիզի հարեւանությամբ գտնվող Իսի Լե Մուլինոն էլ Էջմիածնի քույր քաղաքն է եւ աչքի է ընկնում հայերի մեծ թվով։ Այստեղի հայերը կարողացել են հուշարձան կառուցել ավելի վաղ` 1982 թվականին։ Հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող այս կոթողը կառուցվել է անմահացնելու 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի, նաեւ հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակը։

Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հրապարակը եւ խաչքարը Կլամարում


Հայաշատ համարվող Կլամար քաղաքը գտնվում է Իսի Լե Մուլինո քաղաքի կողքին։ 1993 թվականի սեպտեմբերին այստեղ եւս տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող մի յուրօրինակ խաչքար, որի շրջակա տարածքն էլ կոչվում է "Հայոց ցեղասպանության զոհերի" հրապարակ։ 

Նման հուշարձաններ դրված են Ֆրանսիայի նաեւ ոչ հայաշատ բազմաթիվ քաղաքներում։ Քաղաքային իշխանությունների հայացքներով պայմանավորված` տարբերություն կա հուշարձանների վրայի գրառման մեջ, այսինքն` նշված է, թե Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից, կամ շեշտված է հենց Թուրքիա անունը։ 

Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Ֆրանսիայում/, Թոփ լուսանկարը`  taleenk-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW