×


Աննա Արմենակյան.“Տղաս ԱՄՆ քաղաքացի է, իսկ ես ու ամուսինս դեռ բնակիչ ենք”

Աննա Արմենակյանը 2005 թվականից բնակվում է Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդեյլ քաղաքում: “Ծաղկազարդ”-ի, “Հեռացող գնացքներ”-ի, “Խոստովանության” մասին երգող երգչուհին ծնողների մոտ տեղափոխվելուց հետո ընտանիք է կազմել, երեխա ունեցել եւ երաժշտական ասպարեզում դադար վերցրել: BRAVO.am-ը կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ բնակվող Աննայի հետ, զրուցել ամերիկյան ապրելակերպի, ընտանեկան կյանքի եւ մի պատմության մասին, որը կապված է իր, Վարդուհի Վարդանյանի եւ Սոնա Շահգելդյանի հետ:

Աննա Արմենակյանը


Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառների մասին.
Հայրս, լինելով բժիշկ-գիտնական, Ամերիկայում աշխատելու հրավեր էր ստացել, իսկ ես երկար ժամանակ ծնողներիս չէի տեսել… Չնայած` այդ ժամանակ Հայաստանում իմ կարիերայի ծաղկուն շրջանն էր, մենակ լինելու կարգավիճակն ինձ չէր բավարարում: Անկախ մասնագիտությունից` ուզում էի ծնողներիս կողքին լիարժեք ինձ զգալ, որ մայրցամաքում էլ ապրեին, ուզում էի գնալ իրենց մոտ` թեկուզ աշխատանքս զոհաբերելով:

Վոկալի ուսուցչից մինչեւ ծերերի խնամքի կենտրոնի աշխատակից. Այստեղի երաժշտական դպրոցներից մեկում 5 տարի դասավանդել եմ վոկալ: 8 տարվա ընթացքում Լոս-Անջելեսում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխություններին ստացել եմ մրցանակներ, բայց ցանկություն չեմ ունեցել գումար վաստակելու համար ռեստորաններում երգել:

Աննա Արմենակյան. "Արմենը մասնագիտությամբ օպերատոր եւ մոնտաժող է"


Տեղափոխվելուս առաջին տարիներին աշխատել եմ տուրիստական գործակալությունում, հետո տարբեր գրասենյակներում ադմինիստրատիվ աշխատանքներ եմ կատարել, ամենահետաքրքիրը վերջին աշխատավայրս էր. մինչեւ Ալեքսի ծնվելն աշխատել եմ ծերերի խնամքի կենտրոնում, որը պետական հաստատություն էր: Այնտեղ տարեցներն իրենց օրվա մի մասն են անցկացնում, բուժվում են, հասարակական գործունեությամբ զբաղվում, իսկ ես աշխատում էի որպես ադմինիստրատոր. թատրոն էի բեմադրում, երգում էի, ինտելեկտուալ խաղեր կազմակերպում: Ինձ համար մեծ կենսափորձ ունեցող տարեցների հետ շփվելը հետաքրքիր կյանքի դպրոց էր, ինչից հետո ավելի հասունությամբ եմ երեխայիս դաստիարակում:

Երգչուհի Աննա Արմենակյանն ամուսնու եւ որդու հետ


Չնայած` երգարվեստի մարդ եմ, ընտանիքս ավելի եմ սիրում: Այն ժամանակ ամուսնացա, երբ պատրաստ էի մայրանալ: Ընտանիքի լավ կին ու մայր լինելու համար տարիքը շատ կարեւոր է: Միգուցե հայերի համար մեծ տարիքում եմ մայրացել, բայց ամերիկացին ինձ կքննադատի եւ կասի, որ սխալ մտածելակերպ է, կյանքը առջեւում է:

31 տարեկանում եմ ամուսնացել: Արդեն 5 տարվա ամուսիններ ենք: Արմենը մասնագիտությամբ օպերատոր եւ մոնտաժող է, արդեն մի քանի տարի աշխատում է այստեղի “Շանթ” հեռուստաընկերությունում, նաեւ տեսահոլովակներ ու գովազդներ է պատրաստում: Ինձ հաճախ հարցնում են` ինչու միասին չենք աշխատում, ինձ համար տեսահոլովակներ չի նկարահանում. մեր դեպքում կոշկակարն առանց կոշիկի տարբերակն է:), բայց հուսանք` ապագայում համատեղ աշխատանք կունենանք: Նա իմ երգելուն երբեւիցե դեմ չի եղել, ժամանակակից հայացքների տեր մարդ է, սիրում է իմ երգերն ու ոգեւորում է ինձ:

Երգչուհի Աննա Արմենակյանն ամուսնու եւ որդու հետ


Կարիերայովս ակտիվորեն չեմ զբաղվում, քանի որ կթերանամ կա՛մ աշխատանքիս, կա՛մ ընտանիքիս հարցում, իսկ ես տեսակով մաքսիմալիստ եմ, հիմա ավելի գերադասում եմ ընտանեկան խաղաղ կյանքը: Բայց խոստովանեմ, որ հաճախ կարոտում եմ բեմը, իմ մեջ այնքան զգացմունքներ են հավաքված, որ ուզում եմ հեղինակային երգով կիսվել հանդիսատեսի հետ:

Հաճախ եմ երգեր գրում, հազվադեպ երգում, բայց Ալեքսի առաջին տարեդարձի օրը ռեստորանում նրան նվիրեցի իմ նոր` “Շնորհակալ եմ” երգը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ամերիկայում հայ երգիչների համար գրում եմ երգեր, նաեւ ձայնագրվում որպես բեք-վոկալ: Վերջին տարիներին համագործակցել եմ Էռնա Յուզբաշյանի, Արման Աղաջանյանի, Արաքս Վարդերեսյանի, լիբանանահայ երգիչ Սաքոյի եւ այլոց հետ:

Հայաստանում ինձ բավականաչափ սիրված ու գնահատված էի զգում, առ այսօր երկրպագուներս ինձ հիշում են
: Այնքան բուռն գործունեություն եմ ծավալել` համերգներ, տեսահոլովակներ, հյուրախաղեր… Հատկապես “Ծաղկազարդ” երգս առանձնահատուկ է, երգում էի չերգված թեմայի մասին, ինձ ոգեւորել էին ազգագրագետներին ու եկեղեցին: Մինչեւ “Ծաղկազարդ” երգն ինձ թվում էր` իմ այցեքարտը “Օ, Բրազիլ”-ն է, դրանից առաջ էլ` “Երեւան” երգս:

Աննա Արմենակյանը` որդու հետ


Երեւանում ամենավերջին տեսահոլովակս նկարահանվեց “Հեռացող գնացքներ” երգի հիման վրա, որից հետո երկրից մեկնել եմ վերադառնալու ակնկալիքով... Դա իմ կարգախոսն էր:

Հիմա չեմ կարող ստել ու ասել, որ ընտանիքիս հետ կտեղափոխվեմ Երեւանում ապրելու:  Չնայած` Հայաստանում այն ժամանակվա համեմատ շատ բան դեպի լավն է փոխվել, բայց իմ ապրելակերպն էլ փոխվել է. այն Աննան, որ կար նախկինում, հասունությամբ ու մտածելակերպով նույնը չէ: Չգիտեմ` վաղը որ երկրում ու ինչ իրավիճակում կլինենք, բայց երեխայիս ամեն կերպ հայկական ոգով եմ դաստիարակում:):

Տղաս ԱՄՆ քաղաքացի է, իսկ ես ու ամուսինս դեռ բնակիչ ենք` “Գրին քարտ” ունենք. Ալեքսին խնամում եմ մայրիկիս օգնությամբ, հիմա էլ հարցազրույցի համար նրան տարել եմ ծնողներիս տուն:): Արդեն 1,5 տարեկան երեխաս դեռ օրորոցից լսել է դասական երաժշտություն. հատուկ միացնում էի Մոցարտի, Շոպենի գործերը, որ այդ մեղեդիների ներքո մեծանա: Հիմա սիրահարված է երաժշտությանը. թաթիկներով դաշնամուրի ստեղներին է խփում, յուրաքանչյուր ոճի երաժշտության արձագանքում է: Եթե ուզում ենք չլացի ու կամակորություն չանի, երաժշտություն ենք միացնում, չափազանց երաժշտական է:

Աննա Արմենակյան."Հիմա ավելի գերադասում եմ ընտանեկան խաղաղ կյանքը"


Տեղյակ եմ հայաստանյան անցուդարձին, երգիչների գործունեությանը, որքան էլ կողքից նայեմ, ներսի մարդ եմ, գիտեմ շոու-բիզնեսի խոհանոցը: Իմ գնալուց հետո շատ բան է փոխվել, իմ սերունդը դժվար պայմաններում էր աշխատում, իսկ հիմա այնքան հեշտ է ճանաչում ձեռք բերելը:

Երիտասարդ երգիչներից իր խենթությամբ ու վոկալով շատ սիրում եմ Սոնա Շահգելդյանին: Ի դեպ, նրա կատարմամբ “Քեզ կնվիրեմ” երգի խոսքերը ես եմ գրել, երբ հյուրախաղերով Հոլանդիայում էի: Երգի երաժշտության հեղինակ Արթուր Նիկողոսյանի` Կոնսի տանն էինք մնում, երբ առաջարկեց, որ կատարեմ, այնքան գրավեց ինձ, որ միանգամից ծնվեցին բառերը, բայց չհասցրի ձայնագրվել, արդեն պատրասվում էի մեկնել: Երգը պետք է կատարեր իմ ընկերուհին` Վարդուհի Վարդանյանը, բայց չհասցրեց… Ձայնագրությունից երկու օր առաջ տեղի ունեցավ չարաբաստիկ ավտովթարը… Շատ ճակատագրական երգ է, երրորդ մարդը Սոնան էր եւ այնպիսի հասուն ձեւով կատարեց, որ զարմացել էի եւ Կոնսին ասացի` շարունակի իր համար երգեր գրել, մեզ նման “խենթ” երգչուհի է:

Մեծ հույս ունեմ, որ առաջիկայում ընտանիքիս հետ կգամ Հայաստան:
Սպասում եմ, որ տղաս մի քիչ էլ մեծանա եւ գիտակցի, որ հայրենիք է այցելում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Արմենակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW