Աննա Գեւորգյանի համար նոր տարին սկսվել է փոքր-ինչ լարված մթնոլորտում: Թե ինչու է դուստրը հայտնվել բժիշկների հսկողության ներքո, ինչու է կտրուկ ոճափոխության դիմել, այժմ ինչ զբաղվածություն ունի, հաղորդավարուհին պատմել է BRAVO.am-ին:
Աննա Գեւորգյանը
«Տոներն անցկացրինք հիվանդանոցում, քանի որ փոքրիկս, ցավոք, զգայուն է ցանկացած վարակի նկատմամբ: Մանկական բուժհաստատություններում մեզ արդեն բոլորը հարազատի պես են ընդունում: Ամանորի գիշերը մեծ միջոցառում էի վարում, ինչի պատճառով էլ ընտանիքս իրարից անջատ նշեց տարեմուտը, հիվանդանոցում ինձ մայրս փոխարինեց մինչեւ տոնակատարության ավարտը, իսկ մեծ դուստրս՝ Լեան, հայրիկի հետ էր»,-պատմել է Աննան:
Նա նշել է, որ առանց ամուսնու օգնության հնարավոր չէր լինի աշխատանքը համատեղել աղջիկների խնամքի հետ.«Նկարահանման օրերին կամ այլ գործերով տնից դուրս գալիս հիմնականում դայակն է խնամում երեխաներին, բայց առանց ամուսնուս օգնության, իհարկե, չէի կարողանա աշխատել: Երեխաներն ունեն պահանջներ, որոնք կարող ենք միայն մենք բավարարել: Վլադը շատ է երես տալիս նրանց ու խանգարում դաստիարակել, եւ ես նրանց դեմ անզոր եմ, որովհետեւ հայրիկի խաղերն ու հումորները շատ ավելի հաճելի են, քան իմ պահանջները, չնայած, որ երկուսն էլ անհավատալի ինքնուրույն եւ գիտակից են իրենց տարիքի համեմատ: Վլադը բացառիկ լավ հայր է, առիթ չեմ ունեցել ասել նրան այդ մասին, բայց նա անփոխարինելի մարդ է աղջիկներիս կողքին, ոչ թե զուտ նրա համար, որ կենսաբանական հայրն է, այլ որ յուրաքանչյուր միապաղաղ ու գորշ օրը, նրա տուն մտնելով, երեքիս համար վերածվում է իրական տոնի»:
Աննա Գեւորգյանն` ամուսնու եւ դստեր հետ
Այս շրջանում Աննան աշխատանքային ժամանակավոր դադար է վերցրել, ասում է՝ երեխաների առողջությունից ավելի կարեւոր ոչինչ չի կարող լինել: Իսկ ոճային փոփոխությանն անդրադառնալով` նշել է.«Դեռահաս տարիքում չափազանց էքսցենտրիկ ու էպոտաժային էի: 15 տարի առաջ տարբերվելու համար մեծ համարձակություն էր պետք, այն ժամանակների Երեւանը բոլորովին այլ էր: Այդ տարիներին երազում էի շուտ մեծանալ, մազերս անհավանական վառ գույներով ներկել: Չգիտեմ` ինչու, այդպես էլ չիրագործեցի, եւ ինչպես հայտնի է, մեր չիրագործված երազանքները հետապնդում են մեզ ողջ կյանքում, եթե նույնիսկ այլ ճաշակի եւ նախասիրությունների տեր ես դարձել: Վերջերս Վլադը շատ թռուցիկ հարցրեց՝ չեմ ուզում ներկել մազերս: Հարցին չպատասխանեցի, զարմացա, ու ամեն մեկս շարունակեց իր գործը: Միտքս մտավ ու գրավեց չիրագործված վաղեմի ցանկությունը, հաջորդ իսկ օրվանից էքսպերիմենտները սկսվեցին: Արդեն երկու շաբաթ է՝ յուրաքանչյուր երրորդ օրը մազերս ենթարկվում են փորձության: Հիմա դեռ գունաբացման տարբեր փուլերում եմ, երբ հասնեմ ուզածս արդյունքին, կսկսեմ գունային էքսպերիմենտներ անել»:
Այնուամենայնիվ, հաղորդավարուհուն վարսերի այս երանգը բացարձակապես դուր չի գալիս.«Իմ նպատակը շիկահեր դառնալը չէր, ինձ օտար է դեղնավուն մազը եւ չի սազում, ավելին՝ վերջին երկու շաբաթներին նույնիսկ տանը գլխարկ եմ դնում: Ինչ էլ փորձեմ, ինչ էլ անեմ մազերիս հետ, միեւնույն է՝ կվերադառնամ մուգ վարսերին, ես տեսակով եմ սեւահեր»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: