Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավարուհի Աննա Գեւորգյանն ամուսնու եւ դստեր հետ Ամանորը կդիմավորի հայրենիքում: BRAVO.am-ն այսօր ներկայացնում է Լեայի առաջին լուսանկարները: Նախ` փոքրիկը մայրիկի թեթեւ ձեռքով դարձավ խոհարար եւ պատրաստեց թխվածքաբլիթներ, հետո էլ տեղավորվեց տոնածառի կողքին:): Աննան մեզ հետ զրույցում նաեւ հրաշալի լուր է հայտնել:
Աննա Գեւորգյանը` դստեր հետ
Սպասում եւ երազանք
Ընտանիքս կողքիս չի եղել շուրջ 13 տարի, եւ այդ ընթացքում առանձնապես չեմ պատրաստվել տոնին, որովհետեւ չեմ ունեցել հնարավորություն նշել այնպես, ինչպես երազել եմ: Նախորդն էլ ամենատխուրն էր ինձ համար, որովհետեւ ամուսինս երկրում չէր: Ամանորը միակ կտորն է մանկությունից, որը հեքիաթի պես մնացել է սրտումս, եւ սրտատրոփ սպասում եմ այդ օրվան:
Թվում է` հրաշք է կատարվելու, հեքիաթն իրական է դառնալու, բայց… Ամեն տարի, երբ ժամացույցի զարկերն ազդարարում են տասներկուսը, սիրտս հուզմունքից եւ սպասումից թրթռում է, բայց ոչինչ տեղի չի ունենում, եւ ես կրկին մեկ տարի սպասում եմ հաջորդ Ամանորին…
Փոքրիկ Լեան
Երազում եմ տոնական օրերին լինել ձնառատ, քաղաքակրթությունից հեռու մի վայրում, որտեղ կա 10-15 տնակ` բուխարիով, փափուկ գորգով, ողողված մեղմ դեղնավուն լույսերով: Կլինեն համեղ ուտեստներ, շամպայն, սիրելիս եւ հարազատ մի քանի մարդ, իսկ տոնական պատկերը կամբողջացնի Ֆրենկ Սինատրայի ձայնը:
“Չեմ հավատում երջանկությանս”
Նոր տարին, իհարկե, կդիմավորեմ տանը` ընտանիքիս հետ: Այս անգամ տոնն առանձնահատուկ է. աղջկաս ներկայությունն ինձ համար իսկական հրաշք է: Ամեն օր անկուշտի պես նայում եմ նրան եւ չեմ հավատում երջանկությանս: Հրաշք է, երբ հանկարծ աշխարհ է գալիս նա, ով չկար մինչ այդ, ում ինքդ ես ստեղծել:
Աննա Գեւորգյանը` դստեր հետ
Հեքիաթի կարիք
Մանկությունից ապրել եմ իմ հորինած հեքիաթում, եւ հիմա էլ, երբ կյանքն ինձ դարձրել է իրատես մարդ, միեւնույն է, իմ հեքիաթների կարիքը շատ եմ զգում: Ցավեցնում է դրանց անիրական լինելու գիտակցումը, բանականության շնորհիվ ինձ վտարված եմ զգում իմ երազներից, հեքիաթներից:
Երկրորդ հղիություն
Արդեն չորս ամիս է, ինչ ստացել ենք մեր նվերը: Քանի որ նախորդ հղիությունիցս քիչ ժամանակ է անցել, սա կարծես առաջինի շարունակությունը լինի. բնականոն վիճակ է: Բժիշկների կանխորոշմամբ` կրկին աղջիկ է: Չգիտեմ էլ հավատա՞մ, թե՞ ոչ, որովհետեւ մանկուց համոզված էի, որ մեկ տղա եւ մեկ աղջիկ եմ ունենալու: Համոզված էի, որ տղա է:):
Աննա Գեւորգյանը երկրորդ անգամ կմայրանա
Մեկին ծնվելու բախտ է վիճակվել :)
Ինձ համար միշտ առաջնային է եղել անձնական կյանքը, ընտանիքը: Դա է պատճառը, որ գործնականում զգալի ոչ մի նվաճում երբեք չեմ ունեցել: Ճակատագիրը չափազանց շռայլ է եղել իմ հանդեպ` տալով անթիվ հնարավորություններ հասնել ցանկացած բարձունքի: Ես բաց եմ թողել աշխատելու եւ ուսում ստանալու շրջանը, բայց ապրել եմ լիարժեք երիտասարդություն` խենթ, գունեղ, անմոռանալի: Ինչ խոսք, չափազանց դժվար էր այս տարին, քանի որ 14 տարեկանից աշխատել եմ արվեստային մթնոլորտում, իսկ հիմա օրս անցնում է տնային տնտեսուհու կարգավիճակում, շուտով կրկին կմայրանամ, դրան էլ կհաջորդեն անքուն գիշերները: Հետո, իհարկե, կանցնեմ աշխատանքի: Հիմա էլ առաջարկներ կան, բայց մեկին ծնվելու բախտ է վիճակվել:):
Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է SonSation խանութ-սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: