×


Աննա Գեւորգյանի ընտանիքը

Աննա Գեւորգյան.«Չեմ անհանգստանում այդ մասին»

Աննա Գեւորգյանի հետ մեր անկեղծ զրույցի առաջին մասն արդեն ներկայացրել ենք. հաղորդավարուհին BRAVO.am-ին բացառիկ կարգով պատմեց ամուսնուց որոշ ժամանակ առանձին ապրելու եւ հաղթահարած դժվարությունների մասին: Այսօր կարդացեք, թե նրանք ինչպես են կազմակերպում իրենց առօրյան, ով է զբաղվում երեխաների խնամքով, եւ թե որն է Աննայի՝ շուրջ 10 կգ-ով գիրանալու պատճառը: Եվ, իհարկե, ներկայացնում ենք ֆոտոշարքի դեռեւս չհրապարակված կադրերը:

«Իմ գումարը մեր ընտանիքինն է»

Դեռ դպրոցական տարիքից եմ աշխատել: Այնպես չէ, որ պահել եմ ինձ, բայց փորձել եմ ինչ-որ բան անել, ունենալ անկախություն: Դպրոցն ավարտելուն պես աշխատել եմ ու շատ կարճ շրջան եմ դադար ունեցել՝ պայմանավորված երեխաների ծննդով: Ի դեպ, շատ վատ եմ ինձ զգացել այդ ժամանակ: Այն կարծիքին եմ, որ վաղ տարիքից պետք է ձգտես ինքնուրույն վաստակել, լումա ներդնել ընտանիքի կարիքների համար: Այժմ էլ, եթե ես ունեմ գումար, դա մերն է, մեր ընտանիքինն է:

Հիմա մի քանի տեղ եմ աշխատում, բայց ազատ գրաֆիկով, որպեսզի կարողանամ երեխաների հետ կազմակերպել մեր օրը: Ճիշտ է՝ պապան նրանց փրկիչն է, ամեն ինչը, բայց մաման էլ` մաման է: Երբ նկարահանման եմ լինում, Վլադը կամ մայրս են փոքրիկների հետ մնում: Մեր հայրիկը շատ լավ կարողանում է խնամել, կերակրել, քնացնել երեխաներին:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Վլադը խելագարվում է դուստրերի համար»

Երեխաների մանկապարտեզի դաստիարակը ասում է` 30 տարուց ավելի է` աշխատում է ու առաջին անգամ է տեսնում, որ աղջիկները լացելիս հայրիկին կանչեն: Պաշտում են իրենց հայրիկին, իսկ Վլադն էլ խելագարվում է նրանց համար: Իսկ ես հին սովետական մուլտֆիլմի կապիկ մայրն եմ, մատակարարողն եմ, իրենք փորձում են ինձ ներգրավել իրենց խաղերի մեջ, բայց ես մի քիչ ավելի լուրջ եմ:

«Տղա է ուզում»

Վլադիմիրը, իհարկե, տղա երեխա ուզում է, բայց այս պահին չեմ մտածում այդ մասին: Ինձ այս շրջանում շատ պակասում է էսթետիկ կյանքը: Տեսակով էսթետ եմ ու կարիք ունեմ աչք շոյելու, օրինակ` տեսնել Սակուրայի ծաղկած այգիները, ճամփորդել: Եթե մենք ճամփորդենք էլ, չենք կարող երկու երեխաներին թողնել: Բոհեմյան կյանքի պակաս ունեմ: Ունենալով ընտանիք՝ չես կարող քեզ թույլ տալ գնալ ու ամեն ինչ մոռանալ:

Վլադ Աբովյանը՝ դստեր հետ


Կտրուկ փոփոխությունների տարի

Ոճային փոփոխությունս, իհարկե, համընկավ կյանքի նոր փուլի հետ: Մոտ մեկ տարի է՝ կտրուկ փոփոխություններ եմ անում, մի քանի անգամ փոփոխել եմ մազերիս երանգը, սանրվածքը: Հնարավոր է՝ դա ներքին փնտրտուք է, փոփոխությունների ցանկություն, որը ենթագիտակցորեն արտահայտման տարբերակ է գտնում մազերի փոփոխմամբ: Անկախ ամեն ինչից՝ կյանքում տեղի ունեցած ցանկացած մանրուքի հեղինակ կամա թե ակամա ինքս եմ, ինչպես եւ բոլոր մարդիկ աշխարհում իրենք են ստեղծում իրենց շուրջն այն ամենը, ինչ ունեն՝ թե լավ, թե վատ: Ես էլ, Վլադն էլ երկար ու մուգ մազերի սիրահար ենք, չնայած՝ գույնի փոփոխության միտքն ու առաջարկն իրենն է եղել: Իսկ կտրվածքի համար կատակում է՝ «Երեխաներ, դուք այժմ երկու պապա ունեք»: Բայց իրեն ճանաչելով՝ հաստատ գիտեմ՝ գոհ է:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«Պատճառն ավտոմեքենան է»

Ճիշտ եք նկատել, գիրացել եմ, այն էլ՝ 10 կգ: Միակ պատճառը ավտոմեքենան է, որի առկայության դեպքում ծուլությանս աստիճանն անցնում է բոլոր սահմանները: Առանձնապես չեմ անհանգստանում, քանի որ Վլադիմիրը վաղուց ֆիթնեսով է զբաղվում, արդեն վարպետացել է այդ գործում, եւ եթե ժամանակս թույլ է տալիս, մարզվում եմ իր հետ: Մի խոսքով՝ մեծ ցանկության դեպքում մեկ ամսում էլ կարող եմ հասնել ցանկացած արդյունքի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport