×


Աննա Գրիգորյանը` Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխվելու եւ Չինաստան ուղեւորության մասին

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանն այս տարի մասնակցում է “Elite Model Look” միջազգային մոդելային մրցույթին: Եվ ահա, օրեր առաջ Վրաստանում տեղի ունեցած կիսաեզրափակչին երեք հայուհուց մեր երկրի ներկայացուցիչ է ընտրվել հաղորդավարուհի, ֆոտոմոդել Աննա Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանը


Որպես մոդել Աննան առաջին անգամ է մրցույթի մասնակցում եւ շատ է հավանել նախապատրաստական ընթացքը.“Մեկ շաբաթ մարզվել ենք, մասնակցել դասընթացների… Հիացած եմ վրացի մասնագետների պրոֆեսիոնալիզմով, նրանց ֆոտոստուդիաներն այնքան բարձրակարգ էին, որ ինձ մի պահ թվաց` եվրոպական առաջատար ստուդիայում եմ գտնվում”:

Նա Թբիլիսիում վատառողջ է եղել, վերադարձից հետո էլ դեռ չի ապաքինվել.“Հարբուխ, ջերմություն ունեի, անընդհատ մտածում էի վերադառնալու մասին: Գլխավոր փորձի ժամանակ այնքան էի հազում, որ ստիպված հիվանդանոց տարան: Բժիշկը հետազոտելուց հետո դեղեր նշանակեց, եւ միայն դրանք ընդունելու շնորհիվ համեմատաբար լավ վիճակում կարողացա բեմ բարձրանալ”:

Աննա Գրիգորյանը


178 սմ հասակով հաղորդավարուհին նշել է, որ հայ մյուս մասնակիցների` Եվայի ու Արփինեի հետ ջերմ հարաբերություններ ունի.“Անհավատալի է, բայց չէինք մրցում, եւ քանի որ Եվայից տարիքով մեծ եմ, ավելի շատ փոքր քրոջ նման էի նրան վերաբերվում: Հատկապես նրա հետ եմ հասցրել մտերմանալ, շատ հաճելի մարդ է, կարող էր հաղթել, քանի որ լավ կազմվածք եւ գեղեցիկ դիմագծեր ունի: Կարծում եմ` իր դեպքում միայն հասակն էր խնդիրը, եւ քանի որ մոդելային մրցույթ է, երեւի թե կարեւորեցին դա ու ինձ ընտրեցին, թեեւ սկզբում մտածում էի, որ ժյուրիի ղեկավարին դուր չեմ եկել”:

Մոդելներն առաջին քայլքի ժամանակ բեմ են դուրս եկել մրցույթի լոգոյով շապիկներով ու միանման բարձրակրունկներով, երկրորդ անգամ` մարզահագուստով, իսկ վերջում վրացի դիզայներ Ավթանդիլի երեկոյան զգեստներով: Աննայի կարծիքով` վրացուհիները մեկը մյուսից գեղեցիկ էին ու արժանի աշխատելու միջազգային ասպարեզում.“Հիանում էի նրանց հասակով, աշխատելաոճով ու մտածում, թե որքան բարդ է լինելու ժյուրիի համար: Հիմնականում 14-15 տարեկան էին, բոլորից բավական մեծ էի:): Վրաստանը նաեւ ընտրեց տղա մոդելի, իսկ Հայաստանն այս տարի, ցավոք, տղա մասնակից չունի”:

Աննա Գրիգորյանը


Գեղեցկուհին նշում է, որ իրեն միշտ պատկերացրել է հաղորդավար ու դերասան, քան` մանեքենուհի.“Հայաստանում հաղորդավար աշխատելով` հեռանկար չէի տեսնում, բայց ոչ թե ինձ ռեալիզացված եմ զգում, այլ ֆինանսական տեսանկյունից աճելու տեղ չկա. հոնորարներն ուղղակի սարսափելի են, որքան էլ գործդ սիրես, միեւնույն է` աշխատավարձովդ  պետք է ապրես”:

Աննան նոյեմբերի 15-ին կմեկնի Չինաստան եւ Շենչժեն քաղաքում կմրցի աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոդելների հետ.“Եթե 15 լավագույն մոդելներից մեկը լինեմ, մինչեւ նոյեմբերի 30-ն այնտեղ կմնամ: Հուսով եմ` կհաղթեմ ու շուտ չեմ վերադառնա:): Բարդ է լինելու, որովհետեւ 22 տարեկանը մոդելի կարիերայի համար մեծ է համարվում. հնարավորինս պետք է վերադառնամ պատանեկան արտաքնիս` քիչ շպար ու բնական սանրվածքներ: Ժյուրին տարիքին շատ մեծ կարեւորություն է տալիս”:

“Elite Model Look”-ը միջազգային մրցույթի կիսաեզրափակչին


Ի դեպ, նախքան Վրաստան մեկնելը, երեւանյան նախընտրական փուլում, որը կազմակերպել էր “Luxury Group”-ը, Աննան ու Եվան 3 տարով պայմանագիր են կնքել վրացական “IC Model Management” գործակալության հետ.“Հիմա պաշտոնապես համարվում եմ գործակալության մոդելներից մեկը: Այնքան էլ չեմ փոշմանում, որ վաղ տարիքից չեմ մոդելային ասպարեզում, երեք տարվա ընթացքում շոու-բիզնեսի հետ առնչվելիս հասցրել եմ թրծվել, հիասթափվել, բայց դժվարությունները հաղթահարել: Հասկացել եմ, որ երբ ուժեղ ես, ուրախ ու գեղեցիկ, բոլորը կողքիդ են, բայց երբ խնդիրներ ունես, տխուր ես ու թույլ, մեծ մասը մոռանում են քո մասին: Արդեն սովորել եմ նման երեւույթներին, ինչն ինձ կօգնի առավել շատ աշխատել եւ առաջ շարժվել”: 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW