×


Աննա Դավթյան.“Շատ երջանիկ եմ իմ նորաստեղծ ընտանիքում”

Դերասանուհի Աննա Դավթյանին այլեւս չենք տեսնում հեռուստաէկրաններին: Միհրան Ծառուկյանի “Մի՛ նայիր” տեսահոլովակը թերեւս նրա մասնակցությամբ վերջին աշխատանքն է, իսկ պասսիվության  “մեղավորն”, ինչպես ինքն է պատել BRAVO.am-ին, ամուսնությունն է եւ բնակության վայրի փոփոխությունը:):

Աննա Դավթյանը


Սերիալային գործունեությունս մեկնարկել է “Գերդաստան”-ով, այնուհետեւ  նկարահանվել եմ “Դիմակահանդես”-ում, իսկ վերջինը եղել է  “Եղբայրները”, որտեղ մարմնավորել եմ Սոնային. սկզբում տեսիլք էի, հետո դարձա իրական: Խաղընկերս Արման Նշանյանն էր:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի եմ: Խաղացել եմ “Զգուշացե՛ք, կանայք են”, “Գնա մեռի, արի սիրեմ”, “Արեգնազան”, “Ոսկե քաղաք”, “Եդեմական ծաղիկ” ներկայացումներում:

Թատրոնը դերասանի համար կարեւորագույն նշանակություն ունի, այն սկզբնաղբյուր է: Եթե ուսումնասիրենք մեր մեծ դերասանների անցած ճանապարհը, կտեսնենք, որ նրանք սկսել են հենց թատրոնից եւ ապրել դրանով: Ինձ համար էլ թատրոնն ամենաիրական տեսակն է` անմիջական շփում հանդիսատեսի հետ, սխալվելու իրավունքի բացակայություն, ինչը չկա կինոյում:

Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը եւ Աննա Դավթյանն` ամուսնու հետ


Կինոաշխարհն էլ ոչ պակաս բարդ ու հետաքրքիր է: Ցավոք, Հայաստանում գեղարվեստական ֆիլմ ասվածը դեռեւս իր հունի մեջ չէ: Որպես դերասաններ` հաճախ մեզ “խաբում” ենք` նկարահանվելով սերիալներում, բայց վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ որակ կունենանք նաեւ ֆիլմարտադրության ոլորտում:

Միհրան Ծառուկյանի “Մի նայիր” տեսահոլովակի գլխավոր հերոսուհին եմ: Մինչ այդ սկզբունքորեն չեմ նկարահանվել երաժշտական հոլովակներում: Այս առաջարկը գրավիչ էր, քանի որ ինձնից դերասանական խաղ էր պահանջվում, եւ ոչ թե մոդելի կարգավիճակ: Դրական արձագանքներ եմ ստացել, դրվագներից մեկում արտասվելս շատերին է հուզել:

Աննա Դավթյանն` ամուսնու հետ


Պսակադրվել եմ հունիսի 22-ին, որից հետո ամուսնուս` Սանոյի հետ տեղափոխվել ենք Մոսկվա: Նա նախկին ՈւԱՀ-ական է` ուրախ, հումորով լեցուն, զբաղվում է սեփական բիզնեսով:

Ծանոթացել ենք նրա քրոջ` Լուկիայի միջոցով: Վերջինիս ամուսինը` Կարեն Ամյանը, “Եղբայրներ”-ի ռեժիսորն էր, ինքն էլ` օգնականը:Սանոն սերիալում տեսել է ինձ, հետո գտել սոցիալական ցանցում… Մի քանի ամիս ենք շփվել, այդ ընթացքում երկու անգամ ես եմ մեկնել Մոսկվա, նույնքան էլ ինքն է եկել Հայաստան:

Ամուսինս թատերասեր է, Երեւանում ներկա է եղել նաեւ իմ մասնակցությամբ որոշ ներկայացումների: Նա գնահատում է աշխատանքս եւ սահմանափակումներ չի դնում:

Աննա Դավթյանն` ամուսնու հետ


Արդեն 5 ամիս է` Մոսկվայում ենք, ապրում ենք նրա ծնողների հետ, բայց շուտով կտեղափոխվենք մեր նոր բնակարան:

Շատ երջանիկ եմ իմ նորաստեղծ ընտանիքում, սիրում եմ եւ սիրված եմ:

Շատ եմ կարոտում հայրենիքս, ընտանիքիս, ընկերներիս, սակայն զբաղվածության պատճառով առաջիկա ամիսներին չենք գա Հայաստան: Շուտով ես էլ կանցնեմ աշխատանքի: Չեմ  ուզում բացել փակագծերը, սակայն հնարավոր է հայտնվեմ հեռուստատեսային աշխարհում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դավթյանի անձնական արխիվից եւ Creative Group-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW