×


Աննա Դովլաթյան. “Ես զոհաբերեցի ամենաթանկ բանը”

22-ամյա Աննա Դովլաթյանն այժմ գնում է մեծ բեմերում ելույթ ունենալու իր մանկական երազանքի հետքերով:): Նորահայտ երգչուհին ծնվել է Երեւանում, մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, բայց երաժշտական կրթություն ստանալու նպատակով չորս տարի առաջ կրկին վերադարձել է Հայաստան: R&B, սոուլ եւ փոփ երգեր կատարող Աննան թողարկել է  “Tell Me” եւ “If I Ever Lose You” երգերի տեսահոլովակները: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր անցած ճանապարհի, հեղինակային երգերի ու “զոհաբերությունների” մասին:

Աննա Դովլաթյանը


Չի փոշմանել

Միշտ երազել եմ երգել, բայց ծնողներս դեմ եմ եղել, մանավանդ հայրս փորձում էր հեռու պահել ինձ այդ ոլորտից: Հայաստան վերադառնալուցս հետո պետք է սկսվեր “Հայսուպերսթար 4” նախագիծը, հատուկ դրա համար չէի եկել, բայց որոշեցի մասնակցել, չնայած՝ փորձառու չէի: Քվեարկությամբ շատ ձայներ էի ստանում, թեեւ ինձնից ավելի ուժեղ մասնակիցներ կային, խիղճս չտարավ ու ես տեղս զիջեցի Սուրեն Առուստամյանին: Երբեք չեմ փոշմանել այդ արարքիս համար, ես ավելի թույլ էի այդ ժամանակ, Աստված ամեն մեկին իր ուղին տալիս է:):

“Ոչինչ հեշտությամբ չի տրվում

Այժմ երաժշտական կրթություն եմ ստանում Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ վոկալի բաժնում, ավարտելուց հետո մտադիր եմ սովորել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Շատ խոչընդոտների միջով պետք է անցնես, ոչինչ հեշտությամբ չի տրվում, բայց հայրենիքում ինձ համար ավելի հաճելի է ապրել ու աշխատել:

Աննա Դովլաթյանը


Կերգի նաեւ հայալեզու երգեր


Երգերիս հեղինակը ես եմ, տեքստերը գրում եմ անգլերեն: Իհարկե, ճիշտ կլինի, որ հայ հանդիսատեսի համար հայերեն երգեմ, բայց հայերենը դեռ այնպես չեմ զգում, որ կարողանամ խոսքեր գրել, եւ հետո իմ երգերն ավելի գեղեցիկ են հնչում անգլերենով: Դեռ փոքրուց լսում էի Ուիթնի Հյուսթոնի, Մրայա Քերիի երգերը, ինձ հոգեհարազատ էին, այդ պատճառով սկսեցի ես էլ անգլերեն գրել, բայց անպայման կկատարեմ հայալեզու երգեր: Հիմա շատ դժվար է անել նոր բան, որը քեզնից առաջ ոչ ոք չի արել, գուցե դրա համար տեսահոլովակներս կամ կատարումներս նմանեցնում են այլ երգչուհիների աշխատանքներին:

Գումար է ներդնում

Շատ եմ ուզում իմ ոճին հավատարիմ մնալ, որովհետեւ հոգուցս ու սրտիցս է այն բխում: Չեմ կարող ռաբիս երգեր կատարել, որ մեծ պահանջարկ ու լսարան ունենամ: Չեմ էլ մեղադրում այն երգիչ-երգչուհիներին, որոնք գնում են պահանջարկի հետեւից, քանի որ այդպես են կարողանում գումար աշխատել: Ես դեռ գումարներ եմ ներդնում, ինքնուրույն չեմ կարողանում վաստակել այնքան, որ դրանով տեսահոլովակ նկարահանեմ: Թեեւ շատ նեղություն չեմ ուզում տալ ծնողներիս, բայց ֆինանսապես հայրս է օգնում: Ցավոք, ծնողներս Երեւանում չեն ապրում, ես այստեղ բարեկամներիս հետ եմ բնակվում: Հաջողության հասնելու համար պետք է որոշ բաներ զոհաբերես, ես զոհաբերեցի ամենաթանկ բանը` ընտանիքս:

Աննա Դովլաթյանը


Ո՞ւմ հետ զուգերգ կկատարի

Հաստատուն քայլերով հարթում եմ իմ ուղին, շատ նպատակներ ունեմ. երրորդ տեսահոլովակս ուզում եմ զուգերգի հիման վրա լինի, միգուցե արտերկրում ապրող երգչի հետ դուետով հանդես գամ: Նաեւ ցանկություն կա երգելու Նիկ Էգիբյանի հետ, որը նաեւ իմ հեղինակային երգերի գործիքավորողն է: Իսկ տեսահոլովակների նկարահանման գործում համագործակցում եմ Արեն Բայադյանի ու Արտյոմ Աբովյանի հետ: Ի դեպ, առաջարկներ ունեմ Միացյալ Նահանգներից, եթե ամեն ինչ հաջողվի, կկարողանամ հասնել ավելիին, ժամանակը ցույց կտա:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դովլաթյանի անձնական արխիվից  եւ Յուրի Ղազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW