×


Աննա Խանչալյանի հայ-վրացական “քաղցր” պատմությունը

Եթե մեծերի “Եվրատեսիլ” մրցույթում հայերիս բախտն ինչ-որ տեղ չի բերում, “Մանկական Եվրատեսիլ”-ում կրկնակի է հաջողությունը: Փոքրիկ Վովայի հաղթանակին  հաջորդեց եւս մեկը. “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող դարձավ Վրաստանը ներկայացնող “Candy” խումբը, որի անդամներից մեկը հայուհի Աննա Խանչալյանն է:): Իր առաջին քայլերի, հաջողությունների ու նախասիրությունների մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

Աննա Խանչալյան. “Եվրատեսիլը” տվեց շատ ընկերներ, ինքնավստահություն, բայց ոչինչ չփոխեց իմ մեջ"


Ամեն ինչ սկսվել է ինչպես բոլորն են ասում` մանկուց: Չէ, իրականում  3 տարեկանից արդեն երգում էի հայտնի հիթեր, դե, իհարկե, իմ` մանկական տարբերակով: Հետագայում ամեն ինչ լրջացավ:

Շրջադարձային էր
հիվանդանոցը, որտեղ արդեն հստակ որոշեցի` պետք է երգեմ: Այնտեղ հայտնվելու պատճառը չեմ ցանկանում նշել, միայն կասեմ, որ պալատում հաճախ էի երաժշտություն լսում: Մի օր էլ Սելին Դիոնի հայտնի “My Heart Will Go On” երգը երգեցի ու... Միջանցքից բժիշկս լսել եւ չէր հավատացել, որ ես եմ երգում: Հետո նա համոզված ասաց` անպայման ընտրեմ երգարվեստը, քանի որ երգելը շատ լավ է ստացվում:

Ընտանիքում միակ երաժշտականը ես չեմ:Ինձնից բացի երգել է նաեւ եղբայրս` Արմեն Խանչալյանը: Մանկապարտեզից սկսած միասին մասնակցել ենք հանդեսների, միջոցառումների: Երաժշտության հետ կապ ունի նաեւ քույրս`Սոփրոն: Այնպես որ, երաժշտական ընտանիք ունեմ:

"Candy" խումբը


Առաջին լուրջ հաջողությունը երգարվեստի բնագավառում  ունեցա  2010 թվականին, երբ մասնակցեցի “Տաղանդներ” մրցույթին` հայտնվելով եզրափակիչ փուլում: Նախագծի շրջանակում հաճախ էի լինում ձայնագրման ստուդիաներում, մի օր էլ այնտեղի պրոդյուսերներից մեկի կողմից առաջարկություն ստացա մասնակցել “Մանկական Եվրատեսիլ”-ին: Այսպես 2011 թվականի մայիսի 19-ին` ծննդյանս օրը, մեր խումբն արդեն պատրաստ էր: Մեր պրոդյուսերը` Գիգա Կուխիանիձեն, որոշեց խմբի անունը` “Candy”:

“Candy Music” երգը “Մանկական Եվրատեսիլ 2011”-ին իմ երկրորդ հայրենքիում ճանաչվեց հաղթող:

“Եվրատեսիլը” տվեց ինձ շատ ընկերներ, ինքնավստահություն, բայց ոչինչ չփոխեց իմ մեջ. ես նույնն եմ:

Աննա Խանչալյան."Երազում եմ այնքան շատ փող ունենալ, որ կարողանամ բոլորին օգնել"


Երգելուց բացի, գնում եմ ջութակի: Պետք է ասեմ, որ մինչեւ ջութակի պարապմունքները, դաշնամուր էի նվագում, բայց ուսուցիչներս ասացին` շատ ավելի լավ կստացվի ջութակը: Ես ընտրեցի այն: Դեռ մանկուց երազել եմ ջութակ նվագել: Դաշնամուրն էլ եմ սիրում, բայց ջութակն առաջնային է:

Մանկությանս երազանքն
իրականացնելու ճանապարհին եմ:

Շատ եմ սիրում իմ երկրորդ հայրենիքը: Պարբերաբար մասնակցում եմ մշակութային հանդիպումներին: 2008 թվականի “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնին տեղի երգիչ-երգչուհիների հետ երգել եմ “Ջան Նուբար”-ը` ավելի ջազային տարբերակով: “Արի տուն” ծրագրի շրջանակում նույնպես եկել եմ Երեւան:

Այժմ սովորում եմ ավարտական` տասներկուերորդ դասարանում: Զբաղվածությանս պատճառով միայն արձակուրդներին եմ հասցնում գալ Երեւան: Այստեղ մնում եմ քեռուս` դերասան Ռոբերտ Հակոբյանի տանը:

Աննա Խանչալյանը եղբոր` Արմենի հետ


Ինձ չեմ պատկերացնում առանց  ջութակի, առանց բեմի: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում եմ ընդունվել կոնսերվատորիայի ջութակի կամ էլ ջազ վոկալ բաժին:

Տխրում եմ, երբ իմանում եմ մտերիմ մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների մասին:

Ուրախանում եմ, երբ իմ շրջապատում բոլորն ուրախ են:

Աննա Խանչալյան."Իմ ընկերներն ազնիվ, արդար ու բարի են"


Իմ ընկերներն ազնիվ, արդար ու բարի են: Ընկերության մեջ կարեւորում եմ այդ հատկանիշները: Կեղծավորություն չեմ սիրում:

Երազում  եմ այնքան շատ փող ունենալ, որ կարողանամ բոլորին օգնել. թե̒ մարդկանց, թե̒ կենդանիներին:

Երբեք քիթս չեմ ցցի, ինչքան էլ հաջողությունների հասնեմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Աննա Խանչալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW