×


Աննա Խանչալյան.“Ճիշտ է` չլքեցի “Հայաստանի ձայնը”, բայց Արմենը շոկոլադս գնեց:)”

“Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող վրացական “Candy” խմբից հայուհի Աննա Խանչալյանի մասին BRAVO.am-ը պատմել է  դեռ նախորդ տարի, երբ երգչուհին եկել էր հայրենիք` ողջունելու “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի նախընտրական փուլի մասնակիցներին: Այսօր 17-ամյա Աննան կրկին Երեւանում է, բայց այս անգամ արդեն մրցողի կարգավիճակում.  մասնակցում է “Հայաստանի ձայնը” նախագծին:):

Աննա Խանչալյանը


Այս տարի եւս “Արի տուն” ծրագրի շրջանակում եկա Հայաստան եւ տեղեկացա “Հայաստանի ձայնը” մրցույթի մասին: Որոշեցի անպայման մասնակցել: Հուզմունքս շատ մեծ էր, չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ իմացա, որ հաղթահարել եմ նախընտրական փուլը:

Մարզիչներից ընտրեցի Հայկոյին. սիրում ու գնահատում եմ նրան եւ իր արվեստը: Մեր պարապմունքներն անցնում էին ուրախ մթնոլորտում, Արմենի, Նարեի, Լուսինեի եւ Վիգենի հետ մտերմացել ենք:

Հայկոն եւ Աննա Խանչալյանը


Ուրախ մարդկանց միջավայրում զավեշտալի դեպքեր շատ են լինում. թիմակիցներս ինձ տուն էին ճանապարհում, պարզվեց` իրենք էլ նույն երթուղայինից են օգտվում: Բարձրացա ավտոբուս, դռները փակվեցին, իսկ հետո տեսա, որ ընկերներս վազում եմ մեր հետեւից:  Ծիծաղս զսպել չկարողացա, ստիպված էի կողքիններիս ցույց տալ այդ տեսարանը` համոզելու համար, որ չեմ գժվել: Նրանք հասան մեզ, եւ միասին շարունակեցինք ճանապարհը:):

Հայկոյի թիմում մնացի մինչեւ “Մենամարտ” փուլը: Այդ փուլում մրցում էի Արմեն Հովհաննիսյանի հետ` կատարելով Էլվիս Փրեսլիի “A Little Less Conversation” երգը: Մեր մարզիչն ընտրեց Արմենին: Այդ պահին տխրեցի, որ գուցե էլ չեմ կարողանա շարունակել, բայց եւ ուրախ էի ընկերոջս հաջողության համար: Ի դեպ, պայմանավորվել էինք, որ հաղթողը պարտվողին շոկոլադ է հյուրասիրելու: Ճիշտ է` չլքեցի նախագիծը, բայց Արմենը նախընտրածս շոկոլադը գնեց ինձ համար:):

Աննա Խանչալյանը եւ Արմեն Հովհաննիսյանը


Նախագծի կանոնների համաձայն` “մենամարտողներից” մեկին, ցանկության դեպքում, կարող է իր թիմ հրավիրել մեկ այլ մարզիչ, եւ վայրկյաններ տեւած տխրությունս անմիջապես անհետացավ Քրիստինե Պեպելյանի շնորհիվ:

Քրիստինեի երգերն ինձ ծանոթ են, ավելին` “Մայրիկ”-ը հաճախ եմ կատարել: Ուրախ ու ջերմ մթնոլորտում պատրաստվում ենք հերթական փուլերին, երգերն էլ միասին ենք ընտրում: Մարզչիս խորհուրդները շատ կօգնեն ինձ:

Ելույթներիս մեջ հոգի եմ դնում: Հուսով եմ` լավ կլինի ամեն ինչ, եւ հուսախաբ չեմ անի ինձ հավատացող մարդկանց:

Աննա Խանչալյանը


Ես եւ եղբայրս` Արմենն, արդեն 2 ամիս է` Երեւանում ենք բնակվում: Սկզբում ապրում էի մորեղբորս` դերասան Ռոբերտ Հակոբյանի տանը, այժմ էլ` “Compass Band”-ի մենակատար Դավիթ Պարոնիկյանի տանը:  Ընտանիքներով շատ մտերիմ ենք, հարազատ մարդիկ են ինձ համար:

Միասին եղել ենք քաղաքի տեսարժան եւ պատմամշակութային վայրերում: Հաճախ ենք գնում “Կարապի լիճ”: Սիրում եմ այդ տարածքում գիրք կարդալ եւ երաժշտություն լսել: Այս պահին կարդում եմ Բորիս Ակունինի “Ամբողջ աշխարհը թատրոն է” գիրքը: Իմ հայրենիքում ինձ շատ լավ եմ զգում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Խանչալյանի անձնական արխիվից եւ “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW