×


Աննա Խանչալյան.“Չեմ ցանկանում որեւէ մեկի զգացմունքների հետ խաղալ”

“Հայաստանի ձայնը” նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթող Աննա Խանչալյանը Վրաստանում երաժշտական դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երեւան եւ ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի բաժին: 18-ամյա երգչուհուն BRAVO.am-ը լուսանկարել է Բուսաբանական այգում: Կակաչի մոտիվներով կարված զգեստով Աննան որոշեց համարձակ քայլ անել եւ բարձրակրունկների փոխարեն նախընտրեց կարմիր մարզակոշիկները, զրույցում էլ անկեղծացավ` պատմելով իր առօրյայի մասին:

Աննա Խանչալյանը


Ուսանողական կյանքս շատ հետաքրքիր է անցնում:  Ինձ ասում էին` կկարոտեմ դպրոցական օրերը, բայց կոնսերվատորիայի մթնոլորտն ավելի եմ հավանում: Արդեն մտերմացել եմ ոչ միայն իմ, այլեւ զուգահեռ կուրսերի ուսանողների հետ: Նախագծում հաղթելն առավելություն չի տալիս, չեմ սիրում, որ դասախոսներն ինձ առանձնացնում են:

Ընտանիքում չորս երեխա ենք` Օֆելյան` Սոֆոն, Արթուրը, Արմենը եւ ամենափոքրը` ես: Արմենն ինձնից մեկ տարով մեծ է, բայց նույն դասարանում ենք սովորել: Հաճախ կարծում էին` երկվորյակ ենք, միշտ միասին էինք տեղ գնում, նա էլ էր երգում, բայց ընտրեց խոհարարի մասնագիտությունը:

Աննա Խանչալյանը


Մեծ քույրս օպերային երգչուհու կրթություն ունի, ես նրա երկրպագուն եմ: Կիթառահար ամուսնու հետ բենդ են կազմել եւ հաճախ ջազ ու բլյուզ երգերով ելույթ են ունենում Վրաստանի բարձրակարգ ակումբներում: Նա մասնակցել է վրացական “X Factor” հեռուստանախագծին, թեեւ չի հաղթել, բայց լավ առաջարկներ է ստացել: Ծնողներս էլ երգում են, նրանցից ենք ժառանգել երաժշտության հանդեպ մեծ սերը:

Այժմ Վրաստանում ես ու քույրս որպես դուետ մասնակցում ենք “Բռավո” երաժշտական նախագծին, ընտրվել ենք հանրության քվեարկությամբ: 14 հայտնի մասնակցից միայն մենք ենք դուետով հանդես գալիս: Մրցույթի կանոններն այնպես են, որ մեզ համար պետք է երգեն, պարեն, որ հեռուստադիտողը քվեարկի մեր օգտին:

Աննա Խանչալյանը


Ընտանիքում առաջնորդվում ենք “Մեկը` բոլորի, բոլորը մեկի համար” կարգախոսով: Առայժմ ես, հայրիկս եւ կրտսեր եղբայրս ենք տեղափոխվել Երեւան եւ ապրում ենք վարձակալած բնակարանում: Շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց հաղթահարել ենք, որովհետեւ միասնական ենք եղել: Ես էլ հնարավորություն ունեմ երգելու միջոցով օգնել ընտանիքիս, երբեմն քրոջս փոխարինում եմ իր համերգներին:

Երազում եմ Երեւանում մեր տունն ունենանք: Այստեղ ամեն ինչ հարազատ է, հայ ես ու հայ էլ մնում ես: Եթե չվերադառնանք հայրենիք, այստեղ ո՞վ պիտի ապրի: Երբ Հայաստան եմ գալիս, սիրտս ավելի ուրախ է, ժամանակն ավելի արագ է անցնում:

Վրացական “Տաղանդներ” երաժշտական մրցույթից հետո նոր դռներ բացվեցին ինձ համար: Միակ հայն էի, որ անցա եզրափակիչ, երգեցի Վրաստանի ոստիկանության հիմնը, նաեւ հրավիրեցին երգելու Վրաստանի անկախության տոնին: Այնտեղ ես մեկ օրում հայտնի դարձա, միանգամից հայտնվեցի հանրության ուշադրության կենտրոնում, բայց դաստիարակությունս թույլ չտվեց, որ աստղային հիվանդություն ասվածն ինձ խանգարի. կմնամ այնպիսին, ինչպիսին կամ:

Աննա Խանչալյանը


Եթե համեմատենք Վրաստանն ու Հայաստանը, ապա այնտեղ այս պահին ավելի ճանաչված եմ:  Մրցույթի երկրորդ օրվանից փողոցում բոլորը ճանաչում էին, դպրոց գնալիս ամաչում էի խանութ մտնել, որովհետեւ ինձնից գումար չէին վերցնում: Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երեւանում հիմնականում օգտվում եմ տրանսպորտից: Ի դեպ, այստեղ երթուղային տաքսիները շատ անհարմար են, նախընտրում եմ ավտոբուս նստել:

18 տարեկան դարձա, սկսեցի սիրո մասին երգել:):  Նոր երգս, որը կոչվում է “Սիրո չափանիշ”, գրել են Նիկ Էգիբյանն ու Գայանե Ավետիսյանը: Երբ առաջին անգամ լսեցի, ասացի` “Աստված իմ, ի՞նչ սիրո չափանիշ”, բայց շաբլոն խոսքեր չեն, շատ հավանեցի, Նիկի ձեռագիրն ինձ հոգեհարազատ է: Սիրո մասին իմ առաջին երգն է, մինչ այդ կատարել եմ մայրիկիս, Սուրբ Ծննդի թեմաներով երգեր: Իմ առաջարկով այս երգում ինքս եմ ջութակի հատվածը նվագել, սրտանց ու սիրով եմ կատարել:

Միասեր եմ,  ուզում եմ մեկին սիրել ողջ կյանքիս համար, չարժե շտապել:  Չեմ ցանկանում որեւէ մեկի զգացմունքների հետ խաղալ, անկեղծ ասած, ինձ համար դժվար է հավատալն ու վստահելը, որովհետեւ չգիտեմ` ինձ սիրում են որպես երգչուհի, թե՞ որպես մարդ:

Զգեստը` դիզայներ “Teress”-ի
Դիմահարդար` Լիլիթ Մանասյան
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW