BRAVO.am-ը բացառիկ հարցազրույց է ներկայացնում հայ ամենահայտնի մոդելներից Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի հետ: Տաղանդավոր բառն իր մեջ ներառում է այն բոլոր արժանիքները, որ ունի այս գեղեցկուհին. պրոֆեսիոնալ դաշնակահար է, երգիչ, երգահան, նվագում է կիթառ, մասնակցել է գեղեցկության մի շարք մրցույթների, երազում է “Victoria’s Secret”-ի հրեշտակ դառնալու մասին: Նա Աստծուց իր եւ բոլոր հայերիս համար ուժ է խնդրում, որպեսզի կարողանանք այնպես անել, որ աշխարհը երբեք չմոռանա 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Աննա, ընտանիքով Միացյալ Նահանգներ եք տեղափոխվել 2004-ին: Ինչպիսի՞ն էր կյանքդ մինչ այդ փոփոխությունը:
-Հայրս ծնվել է Լիբանանում, իսկ մայրս` Սիրիայում: Երկուսն էլ հպարտ են իրենց արմատներով: Ես ծնողներիս եւ երկու եղբորս հետ բնակվել եմ Հալեպում, hայկական դպրոց եմ հաճախել, որտեղ էլ սովորել եմ գրել, կարդալ եւ շատ լավ խոսել մեր գեղեցիկ հայերենով: Այս քաղաքում անցկացրած տարիներին չեմ զբաղվել մոդելային աշխատանքով, կենտրոնացած էի կրթությանս եւ դաշնամուր նվագելու վրա: 9-ը տարի առաջ տեղափոխվեցի Կալիֆորնիա եւ մինչ օրս այնտեղ եմ բնակվում:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Փաստորեն Ամերիկան քեզ ներքաշեց մոդելային աշխարհ:):
-Միշտ հիացել եմ. շատ էի սիրում նորաձեւության ցուցադրությունները, “make up”-ը եւ այն գլամուրը, որ առկա է այս ոլորտում: Երբ փոքր աղջիկ էի, գնալով առեւտրի մեծ կենտրոններ, ձգտում էի այցելել գեղեցկության եւ դիմահարդարման բոլոր սրահները: Դեռ մանկուց նորաձեւության տարբեր ցուցադրությունների եմ մասնակցել: Իմ առավելությունն այն էր, որ սիրելի մայրիկս կարում էր հայկական տարազներ, որոնք հագնելով` ներկայացնում էի իմ սիրելի Հայաստանը. այդ ժամանակ երեք տարեկան էի: Երբ մեծացա, չունեի մոդելին բնորոշ հասակ ու այլ արժանիքներ եւ որոշեցի դիմահարդարման մասնագետ դառնալ: Շատ արագ հմտացա, հաճախորդների մեծ բանակ ունեի:
Մոդելային կարիերաս շատ պատահական սկսվեց: Նորաձեւության մի շոուի ժամանակ պետք է դիմահարդարեի ցուցադրությանը մասնակցող մոդելներին, որոնցից մեկը չներկայացավ: Դիզայները հուսահատության եզրին էր… Հանդերձարանում մի անծանոթ հարձակվեց վրաս ու բարձր ձայնով նախատեց, որ որպես մոդել պետք է հետեւեմ ժամանակացույցին ու պատրաստված լինեմ... Բացատրեցի, որ սխալվել է, ներողություն խնդրեց ու առաջարկեց փոխարինել: Շատ կարճ ժամանակում ինձ սովորեցրին քայլել պոդիումով եւ ուղարկեցին բեմ: Չնայած, որ առաջին անգամն էր, զգում էի, թե ինչքան հաճելի են լուսանկարչական ապարատների արձակած լույսերը, մթնոլորտը... Իմ պատանեկան երազանքը կարծես իրականություն էր դառնում: Երեկոյի ավարտին արդեն առաջարկներ ստացա մի շարք դիզայներներից ու նորաձեւության ոլորտի լուսանկարիչներից: Այդպես սկսվեց իմ հիանալի կարիերան, եւ այդ վայրկյանից երբեք հետ չեմ նայել:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Աննա Վիկտորիա. կեղծանու՞ն, թե՞ իրական անուն:
-Իմ ազգանունը Տեր-Բարսեղյան է, ու, իհարկե, անգլերեն այնքան էլ հեշտ չի արտասանվում: Հաճախ եմ խնդիրներ ունենում նաեւ փաստաթղթեր լրացնելիս. սխալ են գրում: Որոշեցի որպես մոդել օգտագործել իմ առաջին ու միջին անունները` Աննա Վիկտորիա: Վերջինը պաշտոնական անունս է 1996-ից, բացի դա, ինձ ոգեշնչում են “Victoria’s Secret”-ի հրեշտակները:
-Մոդելային աշխարհն էլ ունի իր վտանգները: Ասում են` այն չափից ավելի վտանգավոր է:
-Այո, մարտահրավերները շատ են, բայց ես մեծ հաճույքով եմ աշխատում ու հաճախ երազում եմ միշտ երիտասարդ մնալ, որպեսզի կարողանամ հանդես գալ այս ասպարեզում: Ինձ հաջողակ եմ համարում, որ կարող եմ աշխատել մի ոլորտում, որը սիրում եմ, ու ամեն առավոտ արթնանալով` միայն ուրախ եմ, որ հերթական ցուցադրությանը կամ ֆոտոշարքին եմ մասնակցելու: Երեւի, հոլիվուդյան ֆիլմերն են տպավորություն ստեղծել, որ սա վտանգավոր մասնագիտություն է: Համաձայն չեմ այդ մտքի հետ. մոդելային կարիերան ցանկացած այլ աշխատանքի պես աշխատանք է: Բացի դա, ինչպե՞ս կարող է արվեստը վտանգավոր լինել:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Համագործակցում ես դիզայներ Կարո Հզորի հետ, որը վերջերս հատուկ քեզ համար զգեստ է ստեղծել:
-Կարո Հզորի համաշխարհային կարգի դիզայներ է: Նրա միտքը, երեւակայությունը, օրիգինալությունը ուրիշ ոչ մեկ չունի: Նա պատրաստեց մի գեղեցիկ զգեստ, որին ես ուղղակի սիրահարվեցի: Ձեւը, ոճը կատարյալ են ինձ վրա, ու նա որոշեց այն կոչել իմ անունով` “Anna V”: Ինձ համար այսօր մեծ պատիվ է լինել նրա խոսնակը եւ վաճառքի գծով գործադիր տնօրենը:
-Աննա, ովքե՞ր են քո աջակիցները մոդելային աշխարհում:
-Բնականաբար, ընտանիքս եւ ընկերներս: Քանի որ ինձ շատ հազվադեպ են գրավում այն զգեստները, որոնք կան այսօր խանութներում, մայրս օգնում է ինձ համադրել տարբեր կտորներ ու զգեստապահարանիս հաղորդել յուրահատուկ ու անկրկնելի շունչ: Եղբայրներս ու հայրս եւս ինձ շատ են աջակցում, հատկապես բարոյական աջակցության մասին է խոսքը: Շնորհակալ եմ նաեւ ընկերներիցս եւ երկրպագուներիցս:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը` Կարո Հզորի հեղինակած զգեստով
-Այսօր շատ են այն մոդելները, որոնք խաղում են կինոյում եւ տարբեր հեռուստատեսային շոուների մասնակցում, դու էլ բացառություն չես:
-Այո, բայց դերասանական ոլորտը լրիվ այլ չափանիշներ է պահանջում. այստեղ շատ մեծ է մրցակցությունը: Ինձ հաջողակ եմ համարում, քանի որ կարողացել եմ մասնակցել հայտնի բազմաթիվ շոուների: Ու չնայած` գլխավոր դերեր չեմ խաղացել, բայց մեծ փորձ եմ ձեռք բերել: Մասնակցել եմ նաեւ մերձավորարեւելյան մի քանի նախագծի, նկարահանվել հայկական, իրանական եւ արաբական երաժշտական տեսահոլովակներում: Իրանական միջազգային երաժշտական ալիք MTC-ի եթերում վարել եմ “Top 10” կոչվող շոուն:
-Մոդելային կարիերայից դուրս ի՞նչն է քեզ գրավում:
-Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս հետ: Հաճախ ենք եղբորս տանը հավաքվում եւ ճաշում, լավ ժամանակ անցկացնում, շատ եմ սիրում խաղալ իմ հմայիչ զարմուհու հետ: Նա մեր ընտանիքի ուշադրության կենտրոնում ամենաշատ գտնվող անձն է: Այնքան եմ սիրում իմ փոքրիկ արքայադստերը: Ընկերներիս հետ սիրում եմ արշավների գնալ, հեծանիվ քշել կամ ուղղակի սուրճ խմել ու շոփինգ անել: Փորձում եմ միշտ ընկերներիս կողքին լինել, ինչպես որ նրանք են միշտ իմ կողքին:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Քո խորհուրդն այն աղջիկներին, ովքեր երազում են մոդելային կարիերայի մասին: Ի՞նչ պետք է հաշվի առնեն նրանք:
-Հասցրել եմ հասկանալ, որ մոդելինգը միայն գեղեցկության արտացոլումը չէ: Դու պետք է քեզ հարմարավետ զգաս նաեւ ներսից, որպեսզի քո մտքերը, էմոցիաները եւ ներքին գեղեցկությունը եւս հասնի դիտողին:Այս կարիերայով զբաղվելու համար առաջարկում եմ առողջ ապրելակերպ վարել, հետեւել արտաքինին: Կարեւոր է կարողանալ ներքին խաղաղություն գտնել, սովորել կառավարել մտքերը, որպեսզի էմոցիաներ արտահայտես օբյեկտիվի առջեւ: Սրան կարելի է հասնել մի քանի միջոցով` դերասանական արվեստ, մեդիտացիա, անգամ ընթերցանություն: Աշխարհում գեղեցիկ բազմաթիվ մոդելներ կան, բայց նրանք են հասել մեծ հաջողությունների, ովքեր կարողացել են ներքինը ցուցադրելու շնորհիվ իրենց անջատել մնացած միլիոնավորներից:
-Ո՞րն է Աննա Վիկտորիայի երազանքը:
-Ավելի հեշտ է ասել` ինչի մասին չեմ երազում: Միշտ մտորումների մեջ եմ, անընդհատ նոր գաղափարներ են առաջանում, որոնք պետք է հարստացնեն իմ կարիերան ու նոր իմաստ հաղորդեն իմ գործին: Ամենամեծ երազանքս է եղել դառնալ շոու բիզնեսի շատ հայտնի ներկայացուցիչ` երգչուհի, մոդել, եւ հասնել փառքի ու ճանաչման: Նաեւ երազում եմ մայրիկ դառնալ ու ունենալ իմ սեփական գեղեցիկ փոքրիկ մոդելներին: Այնքան մեծ սեր ունեմ, ցանկանում եմ ունենալ իմ սեփական ընտանիքը, իմ փորձն ու գիտելիքները փոխանցել երեխաներիս: Չէ՞ որ բոլորս մեկ ու այն էլ շատ կարճ կյանք ենք ապրում, ուստի պետք է փորձել լինել լավը, ազնիվ եւ բարեսիրտ` Աստծուն ավելի մոտենալու համար: Միշտ աղոթում եմ Աստծուն, որ օրհնի իմ ընտանիքը, խաղաղություն ու երջանկություն պարգեւի:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Ինչպիսի՞ ոճ ես նախընտրում առօրյայում:
-Տանը շատ եմ սիրում հագնել իմ լայն ու երկար սվիտերները եւ հարմարավետ տաբատ կամ շորտեր: Տանը սովորաբար չեմ դիմահարդարվում, երբեմն թեթեւ շրթներկ եմ քսում եւ դիմափոշի: Երբ շոփինգի եմ գնում կամ այցելում ընտանիքիս ու ընկերներիս, սիրում եմ ոսկե իրեր կրել. հաճախ ինձ կարելի է տեսնել տարբեր թեւնոցներով ու մատանիներով: Ինչ-որ տեղ գնալիս պարտադիր հագնում եմ այն, ինչ հատուկ է տվյալ վայրին: Եթե դա գլամուր երեկույթ է կամ ընկերների հետ հավաքույթ, փորձում եմ օրիգինալ լինել, դա վերաբերում է թե̒ մեյք-ափին, թե̒ հագուստներին:
-Հագուստում ո՞ր գույներն ես նախընտրում:
-Սիրում եմ բոլոր գույները, դրանք խառնել եմ սիրում, համադրումը կախված է եղանակից կամ առիթից: Իմ զգեստապահարանում առկա են վառ գույներից մինչեւ մեղմ երանգներ, բայց ամեն դեպքում կառանձնացնեմ երկու գույն` զմրուխտե կանաչը եւ դասական սեւը:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Երաժիշտ, երգիչ եւ երգահան Աննա Վիկտորիայի մասին պատմիր:
-Մայրս ասում է, որ արդեն 4 ամսականում ես ծիծաղով ու ոգեւորությամբ էի արձագանքում, երբ եղբայրս նվագում էր, ու սկսում էի լաց լինել, երբ երաժշտությունը դադարում էր հնչել: Մի հին տեսաերիզ ունեմ, որտեղ եղբայրս ինձ գրկած նստած է դաշնամուրի մոտ: Նա այն ժամանակ ամբողջ ընտանիքին ասել էր, որ դաշնակահարուհի եմ դառնալու: Արդեն մեկ ու կես տարեկանում ես ժամերով հետազոտում էի դաշնամուրի ստեղները: 3 տարեկանում մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, որպեսզի դաշնամուր նվագել սովորեմ, բայց ես մերժեցի` ասելով, որ արդեն գիտեմ դաշնամուր նվագել: Մայրիկս սկսեց սովորեցնել ինձ նոտաները. ութ տարեկանում արդեն լսողությամբ նվագում էի: Հետո սկսեցի պարապել պրոֆեսիոնալների մոտ: Շատ շնորհակալ եմ տիկին Գալինա Մելքումյանին եւ պարոն Սարգիս Կոշգերյանին, որոնք ինձ գիտելիքների ահռելի պաշար են տվել: 9-ից 17 տարեկանում երաժշտական բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, մրցանակներ նվաճել: Այսօր փորձում եմ դաշնամուրի իմ գիտելիքներն օգտագործել ու ստեղծել թարմ նոր ոճ ու հույս ունեմ առաջիկայում ներկայացնել այդ ոճն աշխարհին:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը` Միհրանի "If You Want To" տեսահոլովակի նկարահանումներին
-Նկարահանվել ես Միհրանի “If You Want To” տեսահոլովակում:
-Միհրանն իմ լավագույն ընկերներից է: Ես նրան հանդիպել եմ իր գեղեցիկ կնոջ` Դիանայի միջոցով, ով ոչ միայն իմ հարեւանն է, այլեւ ամենամոտ ընկերներիցս մեկը: “If You Want To”-ն հրաշալի երգ է: Դա երաժշտական տեսահոլովակում նկարահանվելու իմ առաջին փորձն էր: Միհրանն իմ անձամբ ճանաչած միակ հայտնի հայն է: Ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել նրա ընտանիքի հետ:
-Մասնակցել ես նաեւ գեղեցկության միջազգային մրցույթների:
-Լիբանանն եմ ներկայացրել “Miss Asia USA 2009”-ում ու նվաճել “Միսս ֆոտոգենիկ” տիտղոսը: Տեղական մրցույթներից կարող եմ նշել “Miss Sunset Tan”, “Miss Hot 100 Vegas” եւ “Miss Tropic Beauty World Finals”-ը, որտեղ Հայաստանն եմ ներկայացրել:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Քո երազանքի աշխատանքը մոդելային աշխարհում:
-“Victoria’s Secret”-ի հրեշտակ եւ “Guess! by Marciano”-ի մոդել դառնալ եմ երազում:
-Քո մասին լսած վերջին բամբասանքը:
-Ասում են, որ ես պլաստիկ վիրահատության եմ դիմել եւ իմ գեղեցկությունը դրանով է պայմանավորված: Միայն ծիծաղում եմ այդպիսի բամբասանքների վրա: Ես 100 տոկոսանոց բնական եմ:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Աննա, գիտեմ, որ շատ լավ պորտապար ես պարում:
-Ընդհանրապես սիրում եմ բոլոր պարերը, բայց ինձ ամենալավը կարողանում եմ դրսեւորել հենց պորտապարում: Ինքս եմ սովորել , երբ ապրում էի Հալեպում: Արաբական մշակույթն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել երաժշտության, հեռուստատեսային շոուների եւ հանդերձանքի առումով:
-Գեղեցիկ լինելու քո խորհուրդը հայուհիներին:
-Օգտագործեք ձեր բնական գեղեցկությունը, ամրապնդեք այն: Պետք է աշխատել ձեր ունեցած արտաքին տվյալների վրա, պետք չէ մյուսներին հետեւել, քանի որ այն, ինչ կարող է գեղեցիկ լինել մեկի վրա, հնարավոր է` չսազի մյուսին: Ներքին հանգստությունն ու բավարարվածությունն է կարեւոր, քանի որ էական չէ, թե ինչքան գեղեցիկ ես արտաքնապես, միեւնույն է` դու դա չես կարող արտահայտել, քանի դեռ չես զգացել նույն գեղեցկությունը ներքուստ: Առողջ եւ մաքուր պահեք ձեր մաշկը: Հնարավորության դեպքում քիչ դիմահարդարվեք:
Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը
-Հայաստանում հասցրել ես լինել եւ ոչ մեկ անգամ:
-Առաջին անգամ ծնողներս ինձ բերեցին հայրենիք, երբ 10-ն ամսական էի ու, ինչպես մայրիկս է ասում, օդանավակայանում եմ սկսել քայլել: Երկրորդ այցելությունս 16 տարեկանում էր. “AGBU”-ի դպրոցի կողմից էի ժամանել Դիլիջան` ներկայացնելու “Սիրիա-Լիբանանը” “Բազե” ճամբարում: Աշխարհի տարբեր ծայրերից 600 հայ էր հավաքվել, մեր թիմը կարմիր ճակատում էր հանդես գալիս: Այդ ընթացքում մասնակցել եմ տարբեր մրցույթների` երաժշտական, նորաձեւության, մրցանակներ եմ նվաճել: Վերջում էլ արժանացել եմ “Ամենատաղանդավոր սփյուռքահայուհի” տիտղոսին: Շատ եմ սիրում իմ Հայաստանն ու անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ նորից կայցելեմ: Շատ երկրներում եմ եղել, բայց մեր հայրենիքն ունի այնպիսի հմայք, որը չես կարող զգալ ուրիշ ոչ մի տեղ:
-Կա՞ մի բան, որ կցանկանայիր ավելացնել:
-Աշխարհի համար խաղաղություն եմ ուզում: Ապրիլ ամսին մենք ինչպես ամեն տարի ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թող հայ նահատակների հոգիները հանգիստ հանգչեն եւ թող Աստված մեզ ուժ տա, որպեսզի կարողանանք այնպես անել, որ աշխարհը երբեք չմոռանա տեղի ունեցած ոճրագործությունը:
Զրուցեց Նարինե Դանեղյանը/BRAVO.am/
Լուսանկարները` Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: