Տարիներ առաջ Ջանեթը երթուղային տաքսիով դասի գնալիս ընկերուհուն ասել է` երբ ավարտի դպրոցը, տեղափոխվելու է Հոլիվուդ եւ դերասանուհի դառնա: Ուկրաինաբնակ աղջնակի խոսքերը ճակատագրական են դարձել: Ջանեթ Սպիցերը, որը հայ հանդիսատեսին հայտնի է սկանդալային “Անունս Վիոլա է” ֆիլմում Աննայի դերակատարմամբ, այսօր Լոս Անջելեսում հարթում է դերասանուհու իր կարիերան: BRAVO.am-ի հետ զրույցում վերջերս ամուսնացած հայկական եւ հրեական ծագումով դերասանուհին ներկայացրել է ինչպես իր ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները:
Հայկական եւ հրեական ծագումով դերասանուհի Ջանեթ Սպիցերը
Ծնվել եմ Ուկրաինայում` հայ-հրեական ընտանիքում, սակայն չեմ տիրապետում ո′չ հայերենի, ո′չ էլ` եբրայերենի: Երբ փոքր էի, տանը ռուսերեն էինք խոսում, իսկ դպրոցում` ուկրաիներեն: Այս պատճառով երկուսն էլ իմ մայրենի լեզուն եմ համարում:
Կրթություն ստացել եմ գրեթե բոլոր մասնագիտություններով:): Համալսարանում նախ սովորել եմ գերմանական բանասիրություն. այս լեզվի նկատմամբ իմ սերն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այն ավելի լավ յուրացնելու նպատակով մեկուկես տարի ապրել ու սովորել եմ Գերմանիայում: Միացյալ Նահանգներ տեղափոխվելուն պես էլ մասնագիտացել եմ հաշվապահական հաշվառման գծով:
Հայկական եւ հրեական ծագումով դերասանուհի Ջանեթ Սպիցերը
Փոքրուց եմ երազել դերասանուհի դառնալու մասին:
Նախկին Խորհրդային Միության սարսափելի տարիներին երբեմն հիպնոսացած նստում էի հեռուստացույցի առջեւ ու հետեւում Մերլին Մոնրոյի, Էլիզաբեթ Թեյլորի, Սոֆի Լորենի եւ հայտնի այլ դերասնուհիների խաղին, հավաքում էի նրանց պաստառները, կպցնում սենյակիս պատերին, ժամերով նայում նրանց աչքերին ու մխիթարվում: Տեսնում էի մի այնպիսի ուժ, որն ինձ շատ ծանոթ ու հոգեհարազատ էր թվում, հավատում էի, որ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք են: Մեծանալով էլ շարունակեցի կարդալ այդ դերասանուհիների կենսագրություններն ու ավելի հստակ տեսնել ինձ նրանց կերպարներում:
Այսօր իմ դերասանական արվեստի ուսուցիչն Էրիկ Մորրիսն է. մասնագետ, որի մոտ ուսանել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ջեք Նիկոլսոնը, Ջոնի Դեփը, Արնոլդ Շվարցնեգերը եւ ուրիշներ:
Հայկական եւ հրեական ծագումով դերասանուհի Ջանեթ Սպիցերը
Պաշտոնական մուտքս կինոաշխարհ եղել է “Beyond the Trophy” ֆիլմով, որտեղ խաղընկերներս եղել են Էրիկ Ռոբերթսն ու Մայքլ Մեդսենը: Ամեն անգամ, երբ հաջողության հասած որեւէ անձնավորության եմ հանդիպում, մեծապես ոգեշնչվում եմ: Նրանց կողքին միայն հայտնվելով` շատ բաներ եմ սովորում:
Ուրախ եմ, որ նկարահանվել եմ “Անունս Վիոլա է” ֆիլմում եւ իմ ներդրումն եմ ունեցել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող խնդրի բարձրացման հարցում:
Երկու նախագծի վրա եմ աշխատում: Առաջինը “Picasso’s Women” ներկայացումն է` բեմադրված Արամազդ Ստեփանյանի կողմից: Հանդիսատեսի դատին այն կհանձնենք տարեվերջին: Իսկ հաջորդը ֆիլմ է, որի մասին կասեմ միայն, որ նվիրված է Մեծ Եղեռնի տարելիցին:
Հայկական եւ հրեական ծագումով դերասանուհի Ջանեթ Սպիցերն ամուսնացել է
Վերջերս ամուսնացել եմ: Իմ եւ Ալֆրեդի սիրո պատմությունն այնպիսին է, ինչպիսիք կարող եք հանդիպել միայն նովելներում ու ֆիլմերում:
Ամուսնուս աղջկա հետ ավագ դպրոց եմ հաճախել, բայց մենք անգամ մտերիմ ընկերուհիներ չենք եղել: Մի քանի տարի առաջ նա տեղափոխվեց Լոս Անջելես ու բնակություն հաստատեց իմ հարեւանությամբ: Ես եւ Ֆրեդի դուստրն այդ ընթացքում մտերմացանք, անգամ որոշ ժամանակ իրար հետ մեկ հարկի տակ ապրեցինք:
Առաջին անգամ, երբ Ալֆրեդն այցելեց մեզ, մտածեցի, որ շատ գրավիչ տղամարդ է, ոչ ավելին: Ես, ընկերուհիս եւ իր հայրը սկսեցինք կինոթատրոններ, թանգարաններ այցելել, հետո էլ կիսվել տպավորություններով: Այսպես շարունակվեց մոտ մեկ տարի:
Ջանեթ Սպիցերն ամուսնու հետ
Մի օր էլ ես ու Ֆրեդը ճաշի դուրս եկանք, ու մեր հայացքները հանդիպեցին. գիտեինք, թե ինչ է դա նշանակում: Հետո բոլոր իրադարձությունները շատ արագ զարգացան… Ուղիղ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, տեղի ունեցավ մեր հարսանեկան արարողությունը, չնայած, որ դեռ մայիսին ամուսնացել էինք:):
Ֆրեդը գնահատում է արվեստն ու աջակցում է ինձ բոլոր հարցերում` հավատալով, որ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաեւ ամուսինը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ջանեթ Սպիցերի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: