Կամերային թատրոնի երիտասարդ սերունդը երեկ` մարտի 14-ին, հանդիսատեսին տեղափոխել է “Անտեր Ground”, որտեղի բնակիչները ներկայացումը նվիրել են տուֆազարդ Երեւանի պայծառ հիշատակին, հիշել մեր վարդագույն մայրաքաղաքը եւ երգել նրան ձոնված հայտի երգեր.“Հիմնական բնակչությունը կազմում էին ապագա ռուսներ, գերմանացիներ եւ ամերիկացիներ: Հիմնական գործունեությունը կազինոներ բացելն էր ու սերիալներում նկարահանվելը, իսկ նրանց սիրելի ճաշատեսակը դոշաբով սուշին էր”:
“Անտեր Ground” ներկայացման պրեմիերային
Պիեսի հեղինակ Արա Երնջակյանը “Անտեր Ground”-ը բեմադրել է 1998 թվականին, իսկ 16 տարի անց երիտասարդ դերասանների հետ այն իր ձեռագրով ներկայացնում է նրա դուստրը` Լուսինե Երնջակյանը: Մեկ գործողությամբ եւ մեկուկես ժամ տեւողությամբ բեմադրության դերակատարներն են Վահե Զիրոյանը, Ներսես Մարկոսյանը, Էվա Խաչատրյանը, Լաուրա Բաբայանը եւ Ժորա Հովհաննիսյանը, որոնք հանդես են գալիս երաժշտական ու պարային համարներով եւ հանդիսատեսի հետ ապահովում ինտերակտիվ շփում:
Հոռետեսական կատակերգությունն ավարտվում է լավատեսական նոտայով.“Հուսով ենք` “Անտեր Ground” երբեք տեղի չի ունենա, Երեւանը եղել է, կա ու կմնա: Պարզապես, եթե շարունակենք անտարբեր լինել, գուցե չճանաչենք մեր մայրաքաղաքը, բայց վստահ ենք, որ այդպես չի լինի, որովհետեւ սիրում ենք մեր քաղաքը, այդպես չէ՞”:
Լուսինե Երնջակյանը եւ Արմինե Հովհաննիսյանը
Ներկայացման ռեժիսոր Լուսինե Երնջակյանի խոսքով` ի տարբերություն առաջին բեմադրության, այս անգամ պիեսից բազմաթիվ դրվագներ հանել եւ նորերն է ավելացրել.“Շատ եմ սիրում ե՛ւ Երեւանը, ե՛ւ այս պիեսը, այդ պատճառով էլ որոշեցի հենց այն օգտագործել որպես նախահիմք, բայց այնպես ենք աշխատել, որ հանկարծ չկրկնօրինակենք ու չնմանվենք, քանի որ նպատակ ունեինք բեմադրել արդիական ու նոր շնչով ներկայացում”:
BRAVO.am-ի հարցին, թե ներկայացման հանձնման ժամանակ ինչ է իրեն ասել հայրը` Արա Երնջակյանը, Լուսինեն պատասխանել է.“Թույլ չեմ տվել, որ փորձերին ներկա լինի, միայն պատրաստ լինելուց հետո դիտեց ու ասաց, որ բեմադրությունը լավն է, բայց պիեսը մի քիչ չի հավանում:): Իսկ ամուսինս` Արշալույսը, նկարահանումների պատճառով դեռ չի էլ դիտել: Հայրս գոհ էր, հուսով եմ` չէր խաբում, միայն ցանկություն հայտնեց, որ պիեսի որոշ հատվածներ, որոնք կրճատել եմ, նորից վերականգնեմ”:
“Անտեր Ground” ներկայացման պրեմիերային
Լուսինեին այս պիեսը դուր է գալիս նաեւ այն պատճառով, որ ինչքան էլ կոմեդիկ ու երաժշտական է, ունի կարեւոր ասելիք.“Եթե շարունակենք անտարբեր լինել, մեր հողը կմնա անտեր: Հուսով եմ` ինչ-որ չափով սթափեցնում է դիտողին, որովհետեւ մեր Երեւանը քիչ-քիչ փոխվում ու դառնում է անդեմ: Պետք է պահենք մեր մայրաքաղաքի դեմքն ու հուշարձանները: Կան քաղաքական հումորներ ու դրվագներ, բայց ոչ թե ուզում ենք վիրավորել, այլ ուզում ենք ճշմարտությունն ասել բեմից, երկրի վիճակն ենք ներկայացնում, բայց գեղարվեստորեն”:
Դերասան-ամուսիններ Լաուրա Բաբայանը եւ Ներսես Մարկոսյանը, որոնք աշխատում են Երեւանի երաժշտական կամերային թատրոնում, վերջերս ընդգրկվել են նաեւ այս թատրոնի խաղացանկային ներկայացումներում.“Շատ ուրախ ու հետաքրքիր փորձեր ենք արել, Լուսինեն հնարավորություն է տալիս քո առավելագույնը ցուցադրել: Ճիշտ է` հոռետեսական ներկայացում է, բայց զուր չէ ասված տուֆազարդ Երեւան, ինքս էլ չեմ հիշում այդպիսի Երեւանը, որքան ափսոս են հին շենքերը: Ինձ թվում է` երեւանցիների մեջ սերն ու հարգանքն է պակասել, եթե միմյանց մի քիչ ավելի լավ վերաբերվենք, հարազատի նման լինենք, աղբն էլ գետնին չենք թափի”:
“Անտեր Ground” ներկայացման պրեմիերային
Ներսես Մարկոսյանը պրեմիերայից հետո մեզ հետ զրույցում նշել է, որ հանդիսատեսի հետ առաջին շփումը կայացավ, ինչից գոհ է.“Շատ “նյուանսներ” կան, որ նրանց շնորհիվ ենք հասկանում ու շտկում: Մեր խոսքը ենթատեքստ ունի, ընթացքում անընդհատ իմպրովիզներ ենք անում, ինչն ավելի անմիջական կապ է ստեղծում. փորձում ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բարձրախոսով մոտենալիս շատ չամաչեն ու խոսեն”:
Կատակերգության երաժշտական ձեւավորումն արել է Վահե Գրիգորյանը, պարերի բեմադիչն է Վահագն Կիրակոսյանը, դերասանների երգեցողությամբ զբաղվել է դերասանուհի Նոննա Գրիգորյանը: “Անտեր Ground”-ում անձամբ կարող եք հայտնվել մարտի 15-ին, 19-ին եւ 28-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: