×


Աշնանը կընտրվի «Միսս Հայաստան 2017»-ը

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ երկարատեւ դադարից հետո՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանում կկայանա «Միսս Հայաստան» համահայկական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպում է «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը՝  ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհին այսօր կայացած ասուլիսին պատմել է մրցույթի ընթացակարգի ու ձեւաչափի մասին։

«Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը


Համահայկական մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան չամուսնացած հայուհիները՝ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ սփյուռքից։ Մասնակցության հայտերն ընդունվում են առցանց՝ missarmenia.org կայքում։ Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է. «Մեր նպատակն է ամենամյա կայուն մրցույթ անցկացնել, արդար ընտրություն անել ու «Միսս Հայաստան» տիտղոսակրին դարձնել միջազգային հեղինակավոր մրցույթների՝ «Միսս տիեզերք»-ի, «Միսս աշխարհ»-ի պաշտոնական մասնակից։ Գեղեցկուհիները տարբերվում են մոդելներից. այստեղ արտաքին չափանիշները խիստ չեն, հաղթողը պետք է լինի գեղեցկության, նրբագեղության եւ բարության խորհրդանիշ: Եզրափակիչ հասած մյուս աղջիկներն էլ հնարավորություն կունենան իրենց դրսեւորելու մոդելային ասպարեզում։ Իմ երազանքն է, որ ունենանք միջազգային հաղթանակներ»,-ասել է Գոհարը:

Ասուլիսին ներկա էին նաեւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, դիզայներ Գեւորգ Շադոյանը եւ «Փյունիկ» հիմնադրամի տնօրեն Սուրեն Նալջյանը։ Սերժ Սրապիոնյանն ու Արեւ Սամուելյանը նշեցին, որ պետական գերատեսչությունների աջակցությունը կնպաստի, որ մրցույթը կայանա համակարգված։

Գեւորգ Շադոյանն էլ մրցույթի համար կարեւորում է բնական գեղեցկությունը. «Պլաստիկ վիրահատությունները թույլատրվում են, բայց, իհարկե, պետք է չափի մեջ՝ բնականին մոտ լինի։ Նույնիսկ շքեղ հագուստն ու դիմահարդարումը չպետք է որոշիչ լինեն: Իմ փորձից եմ ասում, որ աղջիկները, ճոխ զարդարանքներ կրելով, մտածում են, թե իրենց առավելություն կտաս»։

Գոհար Հարությունյանը եւ Գեւորգ Շադոյանը


Գոհարի փոխանցմամբ՝ եզրափակչում աղջիկները կներկայանան հայկական  տարազներով, լողազգեստով ու երեկոյան զգեստներով։ Նա հավելեց՝ նախընտրական փուլերը հանրության համար փակ են լինելու եւ չեն տեսագրվելու, իսկ դիմումները հասանելի են լինելու միայն կազմկոմիտեի անդամներին.«Ժյուրիի կազմում կլինեն նորաձեւության, արվեստի ոլորտի մասնագետներ, որոնց անունները նախապես չենք հրապարակի՝ օբյեկտիվությունը պահելու համար։ Վերջին երկու շաբաթն արտերկրից ու մարզերից ժամանած աղջիկները կբնակվեն հյուրանոցում, նրանց անվտանգությունն ապահովված կլինի։ Մենք հնարավորինս կապահովենք ֆինանսական կողմը, մասնակիցները կարող են լինել նաեւ անապահով ընտանիքներից: Բոլոր հարցերը՝ կապված կեցության, սննդի, հագուստի հետ, կփորձենք հոգալ»։

Գոհարը նշեց, որ արդեն սկսել են աշխատել մրցանակային ֆոնդը մեծացնելու ուղղությամբ։ Հաղթողը կստանա գեղեցկության թագ, դրամաշնորհ, նաեւ աշխատանքային նոր առաջարկներ ու հովանավորների կողմից տրամադրված նվերներ.«Նախորդ տարիներին մոդելները Հայաստանը ներկայացրել են տարբեր միջազգային մրցույթներում, սակայն շատ դեպքերում դրանք ցածրակարգ են, նույնիսկ պաշտոնական կայք չունեն։ Աղջիկներն իրենք են ստիպված լինում մասնակցելու համար գումար հայթայթել, հետո էլ իրենց ծանոթ լրատվամիջոցներին զանգում ու ասում են, որ հաղթել են, ինչը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը։ Մեր նպատակն է, որ արժանի գեղեցկուհիները ներկայացնեն Հայաստանը հեղինակավոր մրցույթներում»։
Ի դեպ, հետագայում միջազգային մոդելային մրցույթներին կմասնակցի ոչ միայն հաղթողը, այլեւ եզրափակչի մյուս աղջիկները.«Հնարավորություն կտանք փորձելու իրենց ուժերը միջազգային հարթակներում։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ 1997 թվականին գրավեցի երկրորդ տեղը, բայց մեկ տարվա ընթացքում այլ մրցույթների մասնակցելով ու փորձ ձեռք բերելով, վերադարձա «Միսս Հայաստան» ու հաղթեցի 1998 թվականին»։

Նշենք, որ «Միսս Հայաստան» ազգային մրցույթը հիմնադրվել է 1996 թվականին Երեւանում՝ Կամերային պետական թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի կողմից։
1996 թվականին հետո մրցույթը որոշակի ընդմիջումներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW